Հանրագիտարաններ լույս ընծայող ամերիկյան հայտնի «Մակմիլան Ռեֆրընս» հրատարակչատունը օրերս հրապարակ է հանել երեք հատորով իր նոր հանրագիտարանը, որն ամբողջությամբ նվիրված է ցեղասպանությանը եւ մարդկության դեմ գործված ոճրագործություններին առնչվող թեմաներին, տեղեկացնում է Զորյան ինստիտուտից (Կանադա) ստացված մամուլի հաղորդագրությունը: Դրանցում լայնորեն լուսաբանվել է Հայոց ցեղասպանությունը: Տրվել են առանձնահատկությունները, պատճառներն ու հետեւանքները, ինչպես նաեւ դրա տեղն արդի համաշխարհային պատմության մեջ: Առանձին բաժնով անդրադարձ կա նաեւ պոեզիայի, արվեստի, կինոյի եւ երաժշտության բնագավառներում ցեղասպանության թողած ազդեցության մասին: Պատմաբաններ եւ իրավաբաններ մեկնաբանել են հարցի իրավական եւ աննախադեպ լինելու հանգամանքները: Հատկանշական է, որ հոդվածագիրները մեծ մասամբ օտարազգի են, օրինակՙ Ալֆրեդ Դե Զայասը, Ջ. Մ. Մկքոլումը, Ջոն եւ Մաթյու Մկմանուսը, Մ. Բասիունին, Ջ. Կոստելինոն, Մ. Իմբլոն, Սամուել Թոթենը, Ա. Ֆինբերգը, Նորուան Նայմարկը, Ա. Արանբուրուն, Ս. Սիմպսոնը, Դ. Շիլինգը, Լին Ֆոլուելը, Մ. Միդլարսկին, Ռոջեր Սմիթը եւ Լ. Լեբլանը:
Բայց Հայոց ցեղասպանության հիմնական վերլուծությունը վստահված է պրոֆ. Վահագն Տատրյանինՙ Զորյան ինստիտուտի ցեղասպանության ուսումնասիրությունների տնօրենին, որը ոչ միայն չորս առանձին հոդվածներ է ստորագրել, այլեւ հաճախակի մեջ է բերվել այլ հեղինակների գրություններում:
Հանրագիտարանը, ըստ հաղորդագրության, կազմել ու խմբագրել են Հոուարդ Ադելմանը (Պրինստոն համալսարանից), Ֆրենկ Չոկը (Մոնրեալի Կոնկորդիա համալսարանից), Ալեքսանդրա Քիսը (Փարիզի ֆրանսիական ազգային կենտրոնից) եւ Ուիլյամ Շաբասը (Իռլանդիայի ազգային համալսարանի մարդու իրավունքների կենտրոնից): Գլխավոր խմբագիրն է Դինա Շելտոնըՙ «Ջորջ Վաշինգտոն» համալսարանի իրավագիտական ֆակուլտետից:
Հ. Ծ.