«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԸ 60 ՏԱՐԵԿԱՆ Է

Կան մարդիկ, որոնց համար տարիքը ժամանակային հասկացություն է միայն, մինչ իրենց գործունեությամբ եւ ապագայի ծրագրերով միշտ մնում են երիտասարդ: Այս տեսակի մարդկանցից է հայ բնագիտության պատմության մասնագետ, քիմիկոս եւ կենսամատենագետ Ասատուր Փաշայանը:

Ծնվել է 1944 թ. նոյեմբերի 21-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, հասարակական գործիչ, մանկավարժ, մի քանի տարի առաջ գաղթական դարձած տոհմիկ մուսալեռցի Ալեքսանդր Փաշայանի ընտանիքում: Մեծ հայրենադարձության առաջին ալիքով ընտանիքը տեղափոխվում է պապերի հայրենիքը: 21 տարեկանում Ասատուր Փաշայանը ավարտում է Երեւանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, 1979 թ. պաշտպանում թեկնածուական ատենախոսությունը: Աշխատել է Խորհրդային Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, Երեւանի պետական համալսարանում: 1980 թ.-ից Հայաստանի եւ սփյուռքի հասարակական ու հայագիտական մամուլում («Սովետական Հայաստան» ամսագիր, «Պատմաբանասիրական հանդես», «Պայքար», «Բազմավէպ», «Հանդէս ամսօրեայ» եւն.) հանդես է եկել գիտական հրապարակումներովՙ հիմնականում հայ բնագիտության պատմությանն առնչվող թեմաներով: Մեր ժամանակներում նա առաջինն է հոդվածներ հրատարակել քիմիայի, ֆիզիկայի, բուսաբանության, հանքաբանության եւ նավագնացության մասին գրված հայատառ առաջին գրքերի եւ դրանց հեղինակների մասին: Այս ծիրի մեջ նրա ուշադրության կենտրոնում է հատկապես Մխիթարյան միաբանության հայրերի բնագիտական ժառանգության ուսումնասիրությունը: Առանձին գրքերով լույս են տեսել Ասատուր Փաշայանի «19-րդ դարի քիմիան հայ բնագետների աշխատություններում» (Երեւան, 1992, 160 էջ), «Առաջին անգամ» տեղեկատուն (Երեւան, 1993, 80 էջ), «Տիտղոսակիր հայեր XV-XIX դարեր» (Երեւան, 2002 , 300 էջ), «Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ» (Երեւան, 2003, 280 էջ):

Ա. Փաշայանն այսօր աշխատում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովում որպես գլխավոր մասնագետ: Նա «Կենսագիրների ակումբ» հասարակական նախաձեռնության ամենից ակտիվ անդամներից է, որի մյուս անդամներին նա օգտակար է լինում իր խորհուրդներով եւ հանրագիտարանային գիտելիքներով:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4