«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ԸՆԴԴԵՄ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

Սույն թվականի նոյեմբերի 16-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որը անդրադարձավ նաեւ Հայաստանում աղանդավորական կազմակերպությունների գործունեությանը եւ վերջերս «Եհովայի վկաներ» աղանդի պաշտոնական գրանցման խնդրին: Գերագույն հոգեւոր խորհուրդը` ծանոթանալով կատարված ուսումնասիրություններին, հետ մտքերի փոխանակության, որոշեց հանդես գալ հետեւյալ հայտարարությամբ.

Հայ առաքելական սուրբ եկեղեցին ճանաչում է խղճի ազատության իրավունքը` իբրեւ քրիստոնեական հիմնական արժեք: Միաժամանակ անհանդուրժելի է համարում, որ Հայաստանում գրանցված են կրոնական կազմակերպություններ, որոնց գործունեությունը` հոգեորսության նպատակաուղղվածությամբ, միջոցներով ու կերպերով, ոտնահարումն է խղճի ազատության իրավունքի: Հայ եկեղեցին իր մտահոգությունն է հայտնում, որ պետական պատկան մարմինների կողմից կրոնական կազմակերպությունները գրանցվում են անբավարար ուսումնասիրությունների արդյունքում եւ օրենքի հանդեպ ոչ նախանձախնդիր վերաբերմունքով: Տոտալիտար կրոնական կազմակերպությունների, այդ թվում «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը հակոտնյա է մեր ժողովրդի ազգային ու պետական շահերին ու ձգտումներին, քրիստոնեության փրկագործական վարդապետությանը եւ լրջորեն հակասում է միջազգային օրինականության, ՀՀ սահմանադրության, ՀՀ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի այնպիսի սկզբունքներին, որոնք պետական անվտանգության, հանրության բարքերի, բարոյականության, մարդկանց առողջության, այլոց իրավունքների պաշտպանության եւ այլ հիմքերով կարգավորումներ են ամրագրում:

«Եհովայի վկաներ» աղանդը գրանցված է «քրիստոնեական», երբ առնչություն չունի քրիստոնեության հետ եւ իբրեւ քրիստոնեական չի ճանաչվում ավանդական եկեղեցիների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Եվրոպայի եկեղեցիների միության, Համաշխարհային աստվածաշնչային Ընկերության եւ այլ կազմակերպությունների կողմից: Ուշագրավ է, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը քրիստոնեական անվան ներքո հանդես է գալիս միայն քրիստոնյա միջավայրում ու քրիստոնեական երկրներում եւ ոչ օրինակ` մահմեդական երկրներում:

Հայաստանում կրոնական իրավիճակը առավել անվերահսկելի է դառնում, երբ գրանցվում են նաեւ հասարակական կազմակերպություններ, որոնք այդ անվան տակ իրականացնում են հատկապես կրոնական գործունեություն:

Այսպիսի իրավիճակը չի կարող նպաստել հասարակական գիտակցության առողջությանը, հոգեւոր բարոյական արժեքների անաղարտ պահպանմանը մեր երկրում, մանավանդ երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը գտնվում են տնտեսական եւ ընկերային կյանքի բազմաթիվ դժվարությունների, վերափոխությունների ընթացքի մեջ:

Հայ առաքելական սուրբ եկեղեցին հետեւողական է իր առաքելության մեջ եւ գիտակից իր պարտականություններին իր զավակների հանդեպ, վճռական է իր հոտի ամբողջականությունն ու անվտանգությունը պաշտպանելու ամեն ոտնձգությունից: Գերագույն հոգեւոր խորհուրդը ակնկալում է, որ պետական պատկան մարմինները հետամուտ կլինեն հիշյալ խնդիրների վերանայմանն ու կարգավորմանը: Անհրաժեշտ է վերանայել նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, որպեսզի լիարժեքորեն նպաստի Հայաստանում կրոնական կազմակերպությունների գործունեության կարգավորմանը եւ ծառայի խղճի ազատության պաշտպանությանը` հակառակ անարխիայի եւ անհսկողության: Ասված է` «Ազատությունը մի դարձրեք չարիքի պատրվակ» (Ա Պետ, Բ 16):

Գերագույն հոգեւոր խորհուրդը առավել նախանձախնդրության է կոչում մեր ժողովրդին` տեսնելու մեր հոգեւոր կյանքը եւ խղճի ազատության մեր իրավունքը վտանգող իրողությունները եւ հավատարիմ մնալու մեր նախնյաց ժառանգությանը` առաքելական մեր սուրբ հավատքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4