«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ԱՐԴՅՈՒՆՔԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ Է, ԽԱՂԸՙ ՀՈՒՍԱԴՐՈՂ

Հայաստան-Ռումինիաՙ 1-1 (0-1)

17 նոյեմբերի, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ, 5 հազար հանդիսական:

Մրցավարՙ Դե Բլեկերե (Բելգիա):

Հայաստան- Ապուլա Բետե, Ալեքսանդր Թադեւոսյան, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Դավիթ Գրիգորյան (Աղվան Մկրտչյան, 72), Ռաֆայել Նազարյան, Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան (Կարեն Ալեքսանյան, 87), Արամ Ոսկանյան (Արման Քարամյան, 75), Էդգար Մանուչարյան:

Ռումինիա- Բոգդան Ստելեա, Ֆլավիուս Ստոյկան, Քրիստիան Դանչիա, Ֆլավիուս Մոլդովան, Միխայ Տառառաչե, Կոզմին Բառչաուան, Գաբրիել Կարամարին (Նիկոլայե Դիցա, 46), Սորին Պարաշիվ (Ֆլորին Բրատու, 74), Չիպրիան Մարիկա, Ֆլորին Չեռնատ (Մարիուս Մալդառասանու, 63), Ադրիան Նեագա:

Գոլերըՙ Մարիկա (29), Դոխոյան (61):

Զգուշացվեցինՙ Վարդանյան, Հովսեփյան:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ընտրական վերջին հանդիպմանը ֆուտբոլասերները մտավախությամբ էին սպասում: Նախորդ հանդիպումներում հավաքականի անփառունակ ելույթները, հաշվետու խաղում մեր ընտրանու կազմում զգալի կորուստները, նաեւ ռումինացիներիՙ խմբի առաջատար լինելու հանգամանքը մարզասերներին լավատեսորեն չէին տրամադրել: Դրանով կարելի է բացատրել «Հանրապետական» մարզադաշտի տրիբունաներում մարզասերների շարքերի նոսրությունը:

Բարեբախտաբար, այս անգամ այդ մտավախությունները չհաստատվեցին: Հայաստանի ազգային հավաքականը գրեթե ողջ հանդիպումն անցկացրեց բարձր տեմպով, հարձակողական ոճովՙ մինչեւ վերջ լարվածության մեջ պահելով մրցակցի պաշտպաններին: Վստահորեն կարելի է ասել, որ Հայաստանի ազգային հավաքականն ընտրական այս մրցափուլում իր լավագույն խաղն անցկացրեց: Հարցը միայն առաջատարի հետ պատվաբեր ոչ-ոքի արդյունքը չէ, այլ ցուցադրած խաղի որակը, ինչն այս անգամ աչք էր շոյում: Այս անգամ մեր ընտրանու հարձակման գծում գործում էին Էդգար Մանուչարյանն ու Արամ Ոսկանյանը: Վերջինս առաջին անգամ էր հանդես գալիս հավաքականում եւ իրեն լավագույն կողմերով դրսեւորեց: Արամը բավական ակտիվ էր եւ երկու անգամ հիանալի հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն երկու դեպքում էլ հաջող խաղաց ռումինացիների դարպասապահը: Այս խաղում մեր ֆուտբոլիստները հիմնականում փորձում էին հեռահար փոխանցումներով հարվածային դիրք դուրս բերել Մանուչարյանին ու Ոսկանյանին, եւ դա նրանց մի քանի անգամ հաջողվեց, սակայն, ցավոք, գոլային պահերը չօգտագործվեցին:

Նախորդ հանդիպումների համեմատ այս անգամ բավական հստակ էին գործում նաեւ մեր պաշտպանները: Թերեւս նրանք միայն մեկ անգամ սխալվեցին եւ դա ճակատագրական եղավ մեր թիմի համար: 29-րդ րոպեին ռումինացիների արագ հակագրոհի ժամանակ մեր պաշտպանները փորձեցին արհեստական «խաղից դուրս» վիճակ ստեղծել, սակայն Սարգիս Հովսեփյանը մի պահ հապաղեց եւ Մարիկան մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, բացեց հաշիվը: Ընդհանուր առմամբ ռումինացիներն այս խաղում այնքան էլ շատ վտանգավոր պահեր չստեղծեցին մեր դարպասին: Դա իհարկե մեր ֆուտբոլիստների աչալրջության եւ ակտիվ խաղի արդյունք էր: Պարզապես այս անգամ էլ մեր հավաքականը չկարողացավ օգտագործել գոլային նպաստավոր պահերը, այլապես կարող էր նույնիսկ հաղթանակ տոնել:

Ընդմիջումից հետո դաշտի տերերը էլ ավելի ուժեղացրին ճնշումը մրցակցի դարպասի վրա: Գոլն, ինչպես ասում են, հասունանում էր եւ վրա հասավ հանգուցալուծումը: Անկյունայինի խաղարկումից հետո չափազանց գեղեցիկ ու տպավորիչ գոլ խփեց մրցակցի տուգանային հրապարակում հայտնված պաշտպան Կարեն Դոխոյանը, որն ընթացքից գնդակը պարզապես մխրճեց դարպասի վերին անկյունը: Վերջապես «Հանրապետական» մարզադաշտն էլ ցնծաց խփած գոլից: Գոլն ավելի ոգեւորեց մեր ֆուտբոլիստներին, որոնք մինչեւ խաղավերջ չէին դադարեցնում իրենց գրոհներըՙ մրցակցին ստիպելով ավելի շատ հոգ տանել սեփական դարպասի պաշտպանության մասին: Գրոհներից մեկի ժամանակ նպաստավոր դիրքում հայտնվեց Մանուչարյանը, սակայն չկարողացավ օգտագործել պահը: Ավելացված ժամանակում էլ Էդգարն աջ թեւից սրընթաց ճեղքելով պաշտպանությունը, հարվածեց սուր անկյան տակ, սակայն հարվածը շեղ ստացվեց: Հանդիպմանը հաղթական վերջակետ կարող էր դնել Համլետ Մխիթարյանի շրջադարձ գեղեցիկ հարվածը, սակայն դարպասապահ Ստելեան իր բարձրության վրա գտնվեց:

Այսպիսով, մեր հավաքականն ընտրական մրցաշարում իր անդրանիկ միավորը վաստակեց, այն էլ խմբի առաջատարի հետ մրցավեճում: Արդյունքն, ինչ խոսք, գոհացուցիչ է, իսկ հավաքականի ցուցադրած խաղըՙ հուսադրող: Ուրախալի է, որ մեր պետական այրերը սկսում են հետաքրքրվել հավաքականի ելույթներով: Հանդիպմանը հետեւում էին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը: Կարծում ենք, այս լավ նախաձեռնությունը շարունակություն կունենա:

Երեկ ընտրական առաջին խմբում կայացած Մակեդոնիա-Չեխիա խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով (2-0): Աղյուսակում հաշվի չի առնված ուշ երեկոյան ավարտված Անդորրա-Հոլանդիա հանդիպման արդյունքը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ռումինիա531110-510
2. Չեխիա43016-29
3. Ֆինլանդիա530210-69
4. Հոլանդիա32107-37
5. Մակեդոնիա51136-74
6. Անդորրա31022-83
7. Հայաստան50142-121

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4