Շախմատի ՌԴ 57-րդ առաջնության 2-րդ տուրում մասնակիցները բավական մարտականորեն էին տրամադրված: Գրեթե բոլոր պարտիաներում էլ համառ ու երկարատեւ պայքար ծավալվեց: Կասպարովը Կորոտիլյովի հետ մրցավեճում ցայտնոտի պայմաններում որոշեց ռիսկի չդիմել եւ քայլերի կրկնությամբ ոչ-ոքի գրանցվեց:
Ալեքսեյ Դրեեւը շատ վստահ խաղաց հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկիՙ Մորոզեւիչի դեմ: Սիցիլիական պաշտպանությունում նա շատ ուժեղ գրոհ ձեռնարկեց մրցակցի արքայի վրա եւ 36-րդ քայլին հասավ հաղթանակի: Ուժեղ ցայտնոտում էր հայտնվել Տիմոֆեեւը, սակայն Ցեշկովսկին չկարողացավ օգտագործել մրցակցի դժվարությունները եւ 43-րդ քայլին խաղաղ դաշն կնքվեց: Գրիշչուկ-Եպիշին, Բարեեւ-Մոտիլյով պարտիաներում էլ հաղթողը չորոշվեց:
2 տուրից հետո 1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կասպարովը, Գրիշչուկը եւ Դրեեւը: Նրանցից կեսական միավորով հետ են մնում Եպիշինը, Տիմոֆեեւը եւ Սվիդլերը:
Երկրորդ տուրի օրը «Ռոսիա» հյուրանոց էր եկել Անատոլի Կարպովը, որը լրագրողներին պարզաբանեց առաջնությունից հրաժարվելու դրդապատճառը: Նա հերքեց տարածված այն լուրերը, թե իբր կազմկոմիտեի հետ կոնֆլիկտի մեջ է եղել, կամ էլ հետեւել է Կրամնիկի օրինակին: Ըստ Կարպովի, պատճառն անձնական գործերով իր զբաղվածությունն է: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային հետագայում էլ կհաջողվի մի հարկի տակ հավաքել բոլոր ուժեղագույն շախմատիստներին, եւ ինքը սիրով կմասնակցի մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ