«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆՔ ՈՌՈԳՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Ինչպես հայտնի է, Հայաստանը նույնպես ընդգրկված է ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որն անհատույց ֆինանսական միջոցներ տրամադրելու պատրաստակամություն է հայտնել 16 երկրներիՙ հիմնավորված ծրագրային առաջարկների ներկայացման պայմանով: Նախօրեին Երեւանում գտնվող «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցչի ու ֆինանսների եւ էկոնոմիկային փոխնախարարի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց, որ քննարկվել են Հայաստանի ներկայացրած ծրագրային սկզբունքները:

Ի՞նչ է ներկայացրել Հայաստանը, ո՞ր ոլորտներում եւ ի՞նչ արժեքով: Այս հարցերն, անշուշտ, մեր հասարակության համար որոշակի հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ առաջարկները պետք է առնչվեն աղքատության կրճատմանը: Առայժմ հայտնի չեն ծրագրերը եւ գումարների չափը, բայց հայտնի են սկզբունքները եւ ոլորտները, ավելի ճիշտՙ ոլորտը, որտեղ պետք է իրականացվեն ներդրումային ծրագրերը: Լրատվամիջոցների համար այս գործընթացի հրապարակայնությունն ապահովելու վերոնշյալ մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրած մեր հարցադրմանն ի պատասխան, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից մեզ տրամադրեցին ամերիկյան կողմին ներկայացրած փաստաթուղթը:

Փաստաթղթի մանրամասներին չանդրադառնալով, նշենք ամենակարեւորըՙ առաջարկներն առնչվում են գյուղական ենթակառուցվածքներին: Ներկայումս մեր բնակչության ավելի քան 35 տոկոսը կազմող 1 մլն 150 հազար գյուղացիների խնդիրներից առանձնացվել են ոռոգման, ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհների բարելավման հարցերը: Քանի որ դրանք պահանջում են մեծ կապիտալ ծախսեր, որոնց համար պետությունը չունի միջոցներ եւ ֆինանսավորման այլ աղբյուրներ, ինչպես նաեւ այդ հարցերի լուծումը կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը եւ գյուղում աղքատության կրճատմանը, ապա կառավարությունը նպատակահարմար է գտել գյուղական ենթակառուցվածքների բարելավման այս առաջարկները ներկայացնել կորպորացիային:

Ոռոգման համակարգի համար առաջարկվում է մեխանիկական ջրամատակարարումը փոխարինել ինքնահոսով, դրանով իսկ կրճատելով գյուղմթերքների արտադրության ծախսերը: Ըստ փաստաթղթի հեղինակների, անջրդի պայմաններից ոռոգելի մշակության անցումը հնարավորություն կտա կրկնակի ավելացնել գյուղմթերքների բերքատվությունը:

Ներհամայնքային եւ միջհամայնքային ճանապարհների նորոգմամբ հնարավոր կլինի բարձրացնել գյուղմթերքների իրացման ցուցանիշը, հասցնելով մինչեւ 70 տոկոսի: Ներկայումս գյուղատնտեսության ապրանքայնության միջին մակարդակը 40-50 տոկոս է: Այսինքն, սա նույնպես, Հայաստանի կառավարության ներկայացրած առաջարկների համաձայն, կնպաստի գյուղմթերքների արտադրության եւ իրացման, մթերումների եւ գյուղմթերքների վերամշակման ծավալների ավելացմանը:

Փաստաթղթում նշվում է, որ հիշատակված խնդիրների լուծմամբ կբարելավվի երկրի պարենային անվտանգությունը, կբարձրանա գյուղատնտեսության արտադրողականությունը, կավելանան գյուղացիների եկամուտները եւ ընդհանուր առմամբ կնվազի գյուղական աղքատությունը:

Անդրադառնալով վերոնշյալին, կարելի է ասել, որ գյուղական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջարկների ներկայացումը հիմնավոր է: Հատկապես եթե նկատի ունենանք, որ երկրում արձանագրված տնտեսական աճն ավելի շատ զգացվում է մայրաքաղաքում եւ ավելի քիչՙ գյուղերում, մասնավորապես հեռավոր եւ լեռնային գյուղերում: Այս առումով ոլորտի ընտրությունը ճիշտ է կատարված: Սակայն մինչ այդ կառավարական ամենաբարձր մակարդակով խոսվում էր նաեւ մարզերում խմելու ջրի մատակարարման համակարգի նորոգման ծրագրեր ներկայացնելու մասին, որը բացակայում էր հիշատակված փաստաթղթում: Նախկինում խոսվում էր նաեւ Հայաստանի համար ակնկալվող որոշակի գումարների չափի (300-900 մլն դոլար) մասին: Այժմ դրանց մասին չի խոսվում: Դրա հիմնական պատճառը թերեւս ամերիկյան կողմի այն զգուշացումն էր, որ կորպորացիայի միջոցները սահմանափակ են եւ կորպորացիան կարեւորում է ծրագրերի որակը: Այսինքն կամ ամերիկացիներն են սահմանափակել մեր կառավարության ախորժակը, կամ որակյալ ծրագրեր մշակել դեռ չենք սովորել, կամ էլ այդ երկուսը միասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4