«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ԱՐԴԱՐԱՑՎԱ՞Ծ ԷՐ «ՂԱՐԱԲԱՂ-ՏԵԼԵԿՈՄԻՆ» ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամենայն հավանականությամբ, հունական OTE ընկերությունը շուտով կհաստատի «Արմենտելի» վերաբերյալ Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված համաձայնագիրը: Հայկական կողմն այդ համաձայնագրի գլխավոր ձեռքբերումը համարում է բջջային կապի ոլորտում երկրորդ օպերատորի մուտքը շուկա: Հիշեցնենք, որ կառավարության կողմից այդ համաձայնագրի հաստատումից հետո մի գիշերում հայտարարվեց մրցույթ եւ հայտարարվեց դրա հաղթողըՙ «Ղարաբաղ-Տելեկոմը»:

Առիթ ունեցել ենք գրելու, որ նախՙ բջջային կապի երկրորդ օպերատորի մուտքը Հայաստան դեռ չի նշանակում այս ոլորտում մենաշնորհի վերացում եւ ազատականացում, որովհետեւ մինչեւ 2009 թ. այլ ընկերություններ մուտք չեն ունենալու հայկական շուկա եւ այն փաստորեն լինելու է խիստ կենտրոնացված: Այս պայմաններում բացառված չէ հակամրցակցային պայմանավորվածությունների կայացումը երկու ընկերությունների միջեւ ի վնաս սպառողների:

Հաջորդ անընդունելի պահն այն էր, որ ի սկզբանե որոշված էր մրցույթի հաղթողը, ինչի հետեւանքն էլ մեկ գիշերվա ընթացքում միջազգային մրցույթ անցկացնելու եւ արդյունքները հայտարարելու փաստն էր, ինչը հետին թվով որակվեց «քաղաքական»:

Ակնհայտ է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը շահագրգռված էր հատկապես այս ոլորտում այս ընկերության ներկայացված լինելուն: Դրան նախորդող իրադարձություններից դատելով, այստեղ առկա էին իշխանավորների անձնական շահերը, քանի որ ոլորտը խիստ շահութաբեր էր, իսկ հաղթող ընկերությունըՙ մոտիկից ծանոթ:

Անընդունելի համարելով Հայաստանի կառավարության վերոնշյալ գործելակերպը, հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Հայաստանի բջջային կապի ոլորտը հատկապես «Ղարաբաղ-Տելեկոմին» հանձնելու դրական կողմերին: Նախ մեկ անգամ եւս փաստենք, որ այս ընկերությունն արդեն մի քանի տարի հեռախոսակապի, այդ թվում բջջային կապի որակյալ եւ էժան ծառայություններ է մատուցում Լեռնային Ղարաբաղում: Երկրորդՙ «Ղարաբաղ-Տելեկոմը» հատկապես վերջերս լուրջ դժվարությունների է հանդիպում կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչված լինելու հետ: Բաքվի ճնշմամբ, միջազգային ընկերությունները մերժում էին համապատասխան սարքավորումներ վաճառել նրան: Հայաստանում այս ընկերության գործունեության ծավալումը հնարավորություն կտա նրան շարունակելու անարգել գործունեությունը Լեռնային Ղարաբաղում: Այնուհետեւ, «Ղարաբաղ-Տելեկոմը» պատրաստվում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումային ծրագիր իրականացնել նաեւ Հայաստանում: Ըստ հավաստի աղբյուրների, «Ղարաբաղ-Տելեկոմը» պարտավորվել է նաեւ մոտ 1 մլն դոլար տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այսինքն, քաղաքական առումով, թերեւս, արդարացված էր լիբանանյան այս ընկերությանը երկրորդ օպերատոր ճանաչելը: Արդարացված էրՙ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հեռահաղորդակցության հետագա ճակատագիրը: Տնտեսական առումով այս որոշման նպատակահարմարության մասին վերջնական դատողություններ կարելի է անել «Ղարաբաղ-Տելեկոմի» ներդրումային ծրագրի ավարտից հետո: Իսկ որոշման ընդունման ձեւի եւ շուկան բաժանելու մեթոդների առումով կառավարության գործելակերպն այլ կերպ, քան խայտառակ, անվանել չի կարելի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4