«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԻՑ

Որքանո՞վ զգալի կլինի այդ գոհունակությունը հայաստանաբնակներիս համար

«ՀՀ 2005 թ. պետական բյուջեի մասին» օրինագծից եղածով բավարարվելու կարգով գոհ են բոլորը: Համենայն դեպս, այդպիսի պատկեր էր ստացվում երեկ խորհրդարանական լսումների ընթացքում, որտեղ օրինագիծը ներկայացվեց սոցիալական ապահովության, առողջապահության, բնապահպանության, կրթության, մշակույթի ոլորտների կտրվածքով: Նշված բոլոր ոլորտների հատկացումներում 2004-ի համեմատ որոշակի աճ է գրանցվել:

Բնապահպանության նախարարն էլ տվածից դժգոհ չէ

Բացառություն է կազմում բնապահպանության ոլորտը, որտեղ վարկերի գծով հատկացումները կրճատվել են 600 մլն դրամով: Չնայած դրան, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը փաստեց, որ կառավարության մոտեցումները բնապահպանական խնդիրներին էականորեն փոխվել են, եւ նախարարության ներկայացրած ծրագրերն ստացել են հնարավոր ֆինանսավորում: 2005-ին բնապահպանության նախարարությունն աշխատելու է 2 մլրդ 367 մլն դրամի շրջանակներում: 14 ծրագրերի իրականացմամբ քարտեզագրվելու է Խոսրովի արգելոցը, կատարվելու են լքված հանքավայրերի գույքագրում, երկրաբանական տեղեկատվության պահպանում, ձկան պաշարների համալրում, հատուկ պահպանվող տարածքների համար ձեռք է բերվելու անհրաժեշտ տեխնիկաՙ հրշեջ, ամենագնաց, «ՈւԱԶ» եւ «Նիվա» մակնիշի մեքենաներ: Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման (2001-ի դեկտեմբերին 1 մ 41 սմ=1 մլրդ 750 խմ ջուր) հետեւանքով առաջացած խնդիրները, այսինքնՙ ափամերձ տարածքն անտառածածկույթից ազատելու, ճահճացման նախադրյալները վերացնելու աշխատանքներն էլ բնապահպանության նախարարությունը պետք է իրականացնի 2005-ին: Նախարարի հավաստմամբ, առայժմ այդ տարածքներում շինություններ ունեցողների իրավունքների եւ վնասի փոխհատուցման խնդիր չկա, քանի որ շինություններն ապօրինի են:

2005-ին առողջապահական ծառայություններն ավելի մատչելի են լինելու

Առողջապահության ոլորտի բյուջետային ֆինանսավորումը 2005-ին աճել է 31 տոկոսով (7 մլրդ) եւ կազմել 32 մլրդ 800 մլն դրամ: Նախարար Նորայր Դավիդյանի հավաստմամբ, հայաստանաբնակներս դա առաջին հերթին կզգանք բուժսպասարկման մատչելիությամբ եւ որակի բարձրացմամբ: Հենց մատչելիության հաշվին է 2004 թ. բուժհիմնարկներ դիմողների թիվն աճել 14 հազարով, այն դեպքում, երբ որեւէ հիվանդության աճ չի գրանցվել: 650 մլն դրամ արժողությամբ աղջիկների առողջության պահպանման ծրագրի իրականացումն էլ նախատեսված է 2005-ին: Հումանիտար ծրագրերի շնորհիվ էլ նորացվելու է շտապօգնության մեքենաների պարկը, սակայն ինչ չափովՙ դեռ պարզ չէ:

Հայաստանում առկա 150 տ ժամկետանց դեղորայքի ոչնչացման համար 2005-ի բյուջեն միջոցներ չի նախատեսել, սակայն նախարարը հույս ունի այդ ծրագրի իրականացման հիմքը դնել հենց եկող տարի, քանի որ խնդիրը ՀՀ նախագահի հատուկ հսկողության տակ է: Ներկայումս դեղորայքի ապօրինի շրջանառությունը նախկին 30-40 տոկոսից հասել է 15-20 տոկոսի: Դա նշանակում է, որ շատ ժամանակ պետք չէ եվրոպական ցուցանիշին (10 տոկոս) հասնելու համար:

Հայաստանը կմասնակցի Կաննի կինոփառատոնին

Մշակույթի ոլորտի բյուջետային հատկացման 28 տոկոսի աճը թույլ է տվել 50 տոկոսով բարձրացնել գրադարանների (28 հազար), թանգարանների (26 հազար), մշակույթի տների (33 հազար), համերգային կազմակերպությունների (26 հազար) աշխատակիցների աշխատավարձերը: Ինչը մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը դրական, բայց քիչ համարեց եւ 2005-ի ծրագրերից առանձնացրեց թարգմանչական գրականության համար տրվելիք 20 մլն -ի կարեւորությունը, քանի որ նման հատկացում արվում է առաջին անգամ եւ առայժմ կարելի է բավարար համարել: Ըստ նախարարի, նաեւ քաղաքական կարեւորություն ունի Թիֆլիսի հայկական թատրոնին հատկացվելիք գումարը երեք անգամ բարձրացնելը (20 մլն դրամ), քանի որ Թիֆլիսի ռուսական թատրոնը բավական մեծ գումարներ է տրամադրում իր դերասաններին, ինչը կարող է գրավիչ դառնալ հայկական թատրոնում աշխատողի համար: Ծրագրված մշակութային տարբեր միջոցառումների համար 2005 թ. բյուջեում նախատեսվում է 220 մլն դրամ: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի միջոցառումները իրականացվելու եւ ֆինանսավորվելու են առանձին ծրագրով: Պատմամշակութային ժառանգության անշարժ արժեքների պահպանման համար տրամադրվել է 37 մլն, բացի այդ եկող տարի Ամբերդի նորոգմանը կտրամադրվի 100 մլն դրամ: Կինոարտադրությանը 2005-ին կտրամադրվի 447 մլն դրամ, որից 272 միլիոնըՙ խաղարկային, 103 միլիոնըՙ անիմացիոն, 40 մլն-ըՙ վավերագրական ֆիլմերի համար: Կինոշուկաներին մասնակցության համար տրամադրված 28 միլիոնն էլ հնարավորություն կտա մասնակցելու տարբեր կինոփառատոներին, այդ թվում Կաննի կինոփառատոնին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունների 2005 թ. բյուջետային ֆինանսավորմանն «Ազգն» անդրադարձել է նոյեմբերի 16-ի համարում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4