Հայաստանի հրեական համայնքի վերջերս կատարած հայտարարությունը Հայաստանում հակահրեականության դրսեւորումների մասին առնվազն տարօրինակ էր: Նախ, հրեական համայնք Հայաստանում, որպես այդպիսին, գոյություն չունի: Կան հայ-հրեական ընտանիքներ եւ այդ խառնամուսնական զույգերից ծնված երեխաներ, որոնց մեծ հաջողությամբ կարելի է համարել ինչպես հայեր, այնպես էլ հրեաներ: Հաջորդը: Հայտարարության հեղինակներին էլ շատ լավ հայտնի է, որ Հայաստանում գոյություն չունի ոչ միայն հակահրեականություն, այլեւ այլատյացության որեւէ դրսեւորում: Դրա բազում ապացույցներ կան եւ հարկ չկա յուրաքանչյուր անպատասխանատու հայտարարությունից հետո ապացուցել, որ «մենք ուղտ չենք»: Այդ դեպքում ո՞րն է Հայաստանում բնակվող հրեաների անունից հրապարակված այս հայտարարության նպատակը, որի մասին մեր երկրում իրենց հրեա համարողների մեծամասնությունը հավանաբար տեղյակ էլ չէ:
Դեռեւս մեր հիշողության մեջ թարմ է հրեական այլատյացության դրսեւորման խայտառակ դեպքը Երուսաղեմում, երբ հրեա ուսանողը թքեց Հայ առաքելական եկեղեցու սպասավորի վրա: Դրանից որոշ ժամանակ անց նման միջադեպ եղավ հույն ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի նկատմամբ: Իսկ մինչ այդ դեպքերը բազմիցս լուրեր էին հասնում այս եկեղեցիների ներկայացուցիչների նկատմամբ հրեաների անհարգալից վերաբերմունքի դրսեւորումների մասին: Որ Իսրայելում առկա է այլատյացության մթնոլորտ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որ տեղի հայերը ամեն օր զգում են հակահայկականության մթնոլորտի հետեւանքները, փաստ է: Սակայն իրենց Հայաստանի հրեական համայնք համարողները չդատապարտեցին հակահայկականության այդ դրսեւորումները: Փոխարենը հանդես եկան Հայաստանում հակահրեականության մասին հայտարարությամբ: Պարզից էլ պարզ է, որ այս հայտարարության նպատակը Հայաստանում Երուսաղեմի դեպքերի համար հակակշիռ ստեղծելն է: Իսկ քանի որ նման հակակշիռ ստեղծելու որեւէ լուրջ հիմնավորում գոյություն չունի, ապա այս հայտարարությունը հարկ է դիտարկել որպես Իսրայելում հայերի նկատմամբ անհանդուրժողության երեւույթներն ու հակահայկականության մթնոլորտն արդարացնելու քայլ: Քայլ, որով հայտարարության հեղինակներն այլատյացության դրսեւորումների համահեղինակ են դառնում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ