Հանդիպում Երեւանի պետական համալսարանում
Նոյեմբերի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր հանդիպում ունեցավ համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ:
Նորին Սրբությանը նախ ողջունեց ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը եւ շնորհավորելով գահակալության 5-րդ տարեդարձի առիթով` արեւշատություն եւ բեղուն գործունեություն մաղթեց Վեհափառ հայրապետին: ԵՊՀ ռեկտորը հույս հայտնեց, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ պետական համալսարանի միջեւ գոյություն ունեցող 85-ամյա համագործակցությունը պիտի շարունակվի նաեւ այսօր:
Ի գնահատություն Ամենայն հայոց կաթողիկոսի ազգօգուտ գործունեության եւ կրթության ու գիտական մտքի զարգացման հանդեպ դրսեւորած հոգածության` ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ Գարեգին Բ հայրապետին շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում:
Դասախոսական կազմի անունից շնորհավորական խոսքերով հանդես եկան պրոֆ. Պետրոս Հովհաննիսյանը, պրոֆ. Ռաֆիկ Վարդանյանը եւ պրոֆ. Սամվել Մուրադյանը` մեծապես կարեւորելով հայ դպրոցի, հայ բուհի կապն ու միասնությունը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ, որի հովանու ներքո գործել են դարեր շարունակ:
Հանդիպմանը ներկա համալսարանականներին իր օրհնության խոսքն ու պատգամը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նորին սրբությունը իր ուրախությունը հայտնեց Երեւանի պետական համալսարանում գտնվելու եւ բարձր պարգեւի շնորհման համար: Վեհափառ հայրապետն իր գնահատանքը հայտնեց դասախոսներին իրենց նվիրյալ ծառայության համար, որ իրականացնում են հայորդիների կրթման ու դաստիարակման սրբազան գործում:
Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ եկեղեցու ներկայիս առաքելությանը, իրականացվող գործունեությանը, եկեղեցու առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին, երիտասարդների մասնակցությանը եկեղեցական կյանքին:
Այնուհետեւ Նորին սրբությունը պատասխանեց ուսանողների եւ դասախոսների հարցերին:
Վեհափառ հայրապետին ուղեկցում էին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ եպս. Կճոյանը, Մայր աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը եւ Մայր աթոռի միաբաններ: