Տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած խմբի եռօրյա այցը Ստեփանակերտ նպատակ ուներ տեղում ծանոթանալու երիտասարդության հիմնախնդիրներին եւ քննարկելու հետագա համագործակցության ուղիները:
«Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպած այս ընդգրկուն միջոցառումը հերթական հիստերիան էր առաջացրել Ադրբեջանում: Խմբի անդամների վկայությամբ, իսկ նրանք ներկայացնում էին 11 եվրոպական երկրներ, այցից առաջ նախազգուշական նամակներ էին ստացել Ադրբեջանի երիտասարդական կազմակերպություններից, թե իբր Ղարաբաղը ահաբեկչության երկիր է, եւ իրենց կարող են պատանդ վերցնել ու վաճառել: Ու նաեւ, իբր Ղարաբաղում զանգվածաբար տարածված են թմրամոլությունն ու ալկոհոլիզմը: Այս կարգի կասկածները, սակայն, փարատվել են Արցախում նրանց ունեցած բազմաթիվ հանդիպումների ու շփումների ընթացքում: Իսկ խումբը հանդիպումներ ունեցել է թե՛ պետական եւ թե՛ հասարակական կառույցների պատասխանատուների հետ: Մասնավորապես նրանց ընդունել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ԿՄՍ եւ արտաքին գործերի նախարարները: Եղել են հանդիպումներ նաեւ Արցախի պետհամալսարանի ուսանողական խորհրդի, երիտասարդական կազմակերպությունների անդամների ու ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Երիտասարդ հյուրերին հետաքրքրել են նաեւ ԼՂՀ օրենսդրական դաշտին ու երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցերը, որոնց պատասխանները նրանք սպառիչ ստացել են օրենսդիր եւ գործադիր մարմիններում ունեցած հանդիպումների ժամանակ:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումներն ընդգրկել են ինչպես երիտասարդության բարոյահոգեբանական հիմնախնդիրները, այնպես էլ ԼՂՀ-ի միջազգային չճանաչվածության պարագայում տեղի հասարակական կառույցների` արտաքին կապերի ակտիվացմանն առնչվող հարցերը: Այս կապակցությամբ «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչը նշեց, որ ղարաբաղյան երիտասարդական ՀԿ-ները պետք է մշակեն ու պատրաստեն մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների նախագծեր: Դրանք միջազգային կազմակերպությունների կողմից անպայման ուշադրության կառնվեն: Ինչ մնում է նախագծերի կենսագործմանը, ապա իրենց հիմնադրամը կարող է ֆինանսապես աջակցել դրանց: Իսկ հյուրերը իրենց պատրաստակամությունը հայտնեցին օգնելու նման ծրագրերի նախագծմանը, որի տեխնիկական պարամետրերի ապահովումը եւս կարեւոր է միջազգային չափանիշներին հարմարեցնելու առումով:
Երիտասարդական միջազգային խումբը Արցախից մեկնեց, իրենց իսկ խոստովանությամբ, հաճելի տպավորություններով:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ