«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2004-11-18 | #207, 2004-11-19 | #208, 2004-11-20


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԿԵՂԾԻՔԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՆ

Թերեւս նրանք «մոռանում» են, որ այդ աղբյուրները թուրքական սկզբնաղբյուր ունեն

Ադրբեջանի եւ Բուլղարիայի ազգային հավաքականների նոյեմբերի 17-ին կայացած ընկերական հանդիպումը լուսաբանելու համար բուլղարացի ֆուտբոլիստների հետ նույն ինքնաթիռով Բաքու էր ուղեւորվել բուլղարական «24 ժամ» թերթի սպորտային բաժնի ղեկավար Էդուարդ Փափազյանը: Սակայն «Բինա» օդանավակայանում Ադրբեջանի անվտանգության ծառայությունները պատճառաբանելով, թե նա հայ է, արգելել էին նրա մուտքը երկիր, ապա նստեցրել էին նույն ինքնաթիռը եւ արտաքսել:

Թվում էր, թե սպորտն ազգայնամոլության, իսկ ազգայնամոլությունը հայատյացության դրսեւորման միջոց դարձնելու այս տգեղ արարքի համար Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ներողություն կխնդրեն Բուլղարիայի իշխանություններից: Սակայն դա տեղի չունեցավ: Ադրբեջանական իշխանությունների փոխարեն ասպարեզ իջավ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան, այն էլ Բուլղարիայի խոշորագույն երկու թերթերից «24 ժամի» մեկնաբանի արտաքսումը Բաքվից հերքելու եւ արտաքսման լուրը հայկական զանգվածային լրատվամիջոցների երեւակայությանը վերագրելու համար:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության ղեկավար Մազահիր Սուլեյմանզադեիՙ ռուսական «Ռեգնում» գործակալությանն արած հայտարարությանը, որը տեղ է գտել նաեւ «Գազեթա ռուի» ինտերնետային էջում: Սուլեյմանզադեն հայտարարել է, որ Ադրբեջան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը լուսաբանելու համար հավատարմագրված բուլղարացի 8 լրագրողների մեջ Փափազյան ազգանունով որեւէ մեկը չի եղել:

Ավելին, ըստ Սուլեյմանզադեի, հայկական աղբյուրները հիշատակել են Բաքվում Բուլղարիայի դեսպան Իվան Պալչեւի միջնորդության մասին, որպեսզի ապահովի Փափազյանի մուտքը Բաքու, մինչդեռ դեսպանատանը հայտարարել են, որ չգիտեն Փափազյան անունով որեւէ մեկին: Այսինքնՙ Սուլեյմանզադեն ակնարկում է, որ հայկական աղբյուրները ստում են, իսկ ի՞նքը:

Մինչ հարցին պատասխանելը պետք է ասել, որ այս աղբյուրներից «Արմինֆո» գործակալությունը բուլղարական «24 ժամ» թերթի թղթակցի արտաքսման մասին տեղեկացնելիս հենվել էր բուլղարական աղբյուրների, իսկ «Ազգը»ՙ ինտերնետային «Սանսուրսուզ» թերթի վրա:

Այլ կերպ, հայկական աղբյուրները սկզբնաղբյուր ունեն: Ընդ որում, դրանցից «Սանսուրսուզը» թուրքական է, որը տեղեկությունը հենց Բաքվում է քաղել եւ Էդուարդ Փափազյանի արտաքսման մասին նշելիս միաժամանակ ընդգծել է Բուլղարիայի արտգործնախարարությանը եւ Ադրբեջանում Բուլղարիայի դեսպանատան միջնորդությունների, Փափազյանի վտարման առնչությամբ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատանը երկրի արտգործնախարարության ներկայացրած բողոքի նոտայի, ինչպես նաեւ «24 ժամ» թերթի նոյեմբերի 18-ի համարի մասին, որտեղ «Բաքուն «24 ժամին» արտաքսեց» խորագրի տակ գրված է եղել. «Էդուարդ Փափազյանի արտաքսումը բուլղարական պետության դեմ կատարված անարգանք է»:

Հետեւաբար, եթե խոսքը ստելուն է վերաբերում, ապա Սուլեյմանզադեն հայկական աղբյուրների փոխարեն պետք է ակնարկի վերջիններիս սկզբնաղբյուրների մասին: Քանի որ սկզբնաղբյուրների թվում է նաեւ «Սանսուրսուզը» եւ անիմաստ է, որ թուրքական այս թերթը ստեր հորինիՙ վարկաբեկելու համար Ադրբեջանին, ուստի հայկական աղբյուրների մասին ակնարկելիս ստողի դերում, ի դեմս մամուլի ծառայության ղեկավար Սուլեյմանզադեի, ակնհայտորեն հայտնվում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Բայց եւ այնպես, անհասկանալի է մնում մեկ հարց, Սուլեյմանզադեն ստելիս ո՞ւմ անունից է հանդես գալիսՙ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի՞, թե՞ ադրբեջանական իշխանությունների: Եթե ֆեդերացիայի անունից է հանդես գալիս, ապա պետք է ենթադրել, որ ադրբեջանական իշխանություններն իրենց լիազորությունների մի մասը հանձնել են ֆուտբոլի ֆեդերացիային, որովհետեւ Փափազյանին Բաքվից արտաքսող անվտանգության ծառայությունները իշխանությունների ենթակայության տակ են:

Եթե Սուլեյմանզադեն Ադրբեջանի իշխանությունների անունից է հանդես գալիս, այդ դեպքում էլ պետք է մտածել, որ վերջիններս բուլղարահայ լրագրողի արտաքսման խայտառակությանը մասնակից են դարձնում ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի ֆեդերացիան, բացի իր հիմնական պարտավորություններից, ստանձնի նաեւ փաստաբանի պարտավորությունները: Կամ էլՙ Ադրբեջանում իշխանությունների եւ ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ աշխատանքի նոր բաժանում է կատարվել, այն առումով, որ երկրից Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին արտաքսում են իշխանությունները, իսկ սպորտի հայ մեկնաբաններինՙ ֆուտբոլի ֆեդերացիան:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4