«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2004-11-18 | #207, 2004-11-19 | #208, 2004-11-20


ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ 3 ԿԵՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ

Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք սեմինարին

Նոյեմբերի 11-17-ը Վենետիկում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանը մասնակցել է երեք պատվիրակներովՙ Մհեր Շահգելդյան, Ալեքսան Կարապետյան, Արթուր Պետրոսյան: Երեկ պատվիրակության երկու ներկայացուցիչները (Շահգելդյան, Կարապետյան) ասուլիս էին հրավիրել խորհրդարանում եւ փաստեցին, որ կարողացել են բավական ակտիվորեն մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Շահգելդյանի հավաստմամբ, անհրաժեշտ աջակցություն են ստացել Գերմանիայի եւ Բրյուսելի հայկական դեսպանություններից, իսկ Իտալիայում Հայաստանի դեսպանատունը որեւէ կերպ չի համագործակցել խորհրդարանական պատվիրակության հետ: Ալեքսան Կարապետյանը պնդեց, որ իրենք այնտեղ դիվանագիտական աշխատանք ընդհանրապես չտեսան, մինչդեռ Ադրբեջանի պատվիրակությունը հնարավորինս պատրաստված էր: Ոչ այնքան պատրաստված հայկական պատվիրակությունն ամեն դեպքում նախագահողի խոսքում Հայաստանին առնչվող մի քանի դրական գնահատականի է ականջալուր եղել: Սահմանադրական բարեփոխումները, ընտանեկան օրենսգրքի առումով եւ լրատվամիջոցներում քաղաքական տարբեր թեւերի հավասարաչափ արտահայտվածության տեսանկյունից Հայաստանը բարձր գնահատական է ստացել հատկապես Ադրբեջանի համեմատությամբ: Վերջին փաստն ուրախությամբ նշելովՙ Ալեքսան Կարապետյանը չմոռացավ ընդգծել, որ Արտաշես Գեղամյանին եթեր չի տրամադրվում:

Ալեքսան Կարապետյանը գտնում է նաեւ, որ գրկաբաց դեպի ՆԱՏՕ գնացող Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատությամբ նշված կառույցում Հայաստանի դիրքերն ավելի թույլ են եւ առանց Միացյալ Նահանգների աջակցության մեր երկիրը մեծ հաջողություններ չի կարող արձանագրել: Մհեր Շահգելդյանը կոչ արեց չմոռանալ, որ ՆԱՏՕ-ի հնագույն եւ վստահելի անդամ Թուրքիան մեծապես աջակցում է Ադրբեջանին: Իսկ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունները, Շահգելդյանի գնահատմամբ, գտնվում են նոր փուլում: Գնահատականը տրվեց անհատական ծրագրեր կազմելու համատեքստում:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ներկայացված Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցի ավարտուն, բայց վերջնական չլինելն էլ հայ պատվիրակներին թույլ կտա դեռ որոշակի աշխատանքներ իրականացնել ձեւակերպումները Հայաստանի համար ավելի շահեկան դարձնելու: Այս անգամ էլ, սակայն, լեզվի խնդիր կա, որն էլ իր հերթին նպաստում է ոչ շահեկան ձեւակերպումների առկայությանը զեկույցում: Ֆրանսերենում, օրինակ, տեղահանված անձինք եւ փախստականներն արտահայտվում են մեկ բառով:

Լեզվի խնդիր համարվեց նաեւ գրավյալ թե վերահսկվող տարածքներ արտահայտությունը: Հայաստանի ներկայացուցիչներն անհրաժեշտ բոլոր առաջարկությունները խորհրդարանական վեհաժողովում արել են նաեւ Շահումյանի եւ Գետաշենի առնչությամբ: Վեհաժողովի ընթացքում Ֆրանսիայի ներկայացուցիչը բարձրացրել է հայ-թուրքական սահմանի, Լիտվայի ներկայացուցիչըՙ Հայոց ցեղասպանության հարցը: Բանախոսներն ավելի մանրակրկիտ տեղեկություն խոստացան նոյեմբերի 25-27-ը Բաքվում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Rose Road» (Վարդերի ճանապարհ) սեմինարից հետո, որին Հայաստանը նույնպես պետք է մասնակցի եւ, ինչպես մյուս բոլոր երկրների ներկայացուցիչները, վիզաները կստանա տեղում, ինչպես հավաստիացրել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունը: Անվտանգության խնդիրը, Մհեր Շահգելդյանի կարծիքով, ապահովելու է ադրբեջանական կողմը: Հայկական կողմն իր հերթին փորձել է կանխարգելել մասնակցության բոլոր խոչընդոտները:

Բաքվում կայանալիք սեմինարում քննարկվելիք թեմաները լինելու են տարաբնույթ, կարեւորագույններն ենՙ Հարավային Կովկասի անվտանգության համակարգը, Կասպից ծովի պաշարների կառավարումը եւ առկայությունը: 2006 թ. Հայաստանում տեղի կունենան ՆԱՏՕ-ի զորավարժությունները եւ հաջորդ սեմինարը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4