ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ Չեչնիայում ահաբեկիչները ֆինանսավորվում են ադրբեջանական խողովակներով
Պենտագոնի հետախուզությունը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնց համաձայն Ուսամա բեն Լադենը ծրագրել է իր «Ալ Ղաիդա» կազմակերպությունը տեղափոխել Չեչնիա, քանի որ Արեւմուտքը չի կարող ռմբահարել այդ «ռուսական անկլավը»: Այս մասին գրում է «Վորլդնեթ դեյլի» ինտերնետային հանդեսըՙ վկայակոչելով «Ջուդիշլ ուոչ» հասարակական կազմակերպության (http://www.judicialwatch.org) ինտերնետային էջը:
«Ջուդիշլ ուոչը» հետաքննում եւ դատական կարգով հետապնդում է ԱՄՆ կառավարությունում կոռուպցիայի կասկածելի դեպքերը: Մասնավորապես կազմակերպության նախագահ Թոմ Ֆիթոնը դեռ 2000 թ. իշխանություններից պահանջել էր բավարարել հետեւյալ հարցի պատասխանը. ինչո՞ւ ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնը ժամանակին հրաման տվեց ռմբահարել Սուդանի «Աշ Շիֆա» ֆաբրիկան եւ Աֆղանստանի Խոստ քաղաքի շրջակայքը, որտեղ ենթադրաբար էր «Ալ Ղաիդա» կազմակերպության ուսումնական ճամբարն էր գտնվում: Պենտագոնի հետախուզությունը Ֆիթոնի պատասխանում նշում է, որ պաշտպանության նախարարության հետախուզությունն իմացել է թիվ 1 ահաբեկչի եւ նրա հանցակիցների գործունեության մասին: Որպես զեկույցի ցնցող դրույթներից մեկը նշվում է այն պնդումը, որ գոյություն ունի ահաբեկիչների կողմից ֆինանսավորվող կայուն «ուղիղ երթուղի Պակիստանից եւ Աֆղանստանից Թուրքիայով ու Ադրբեջանով դեպի Չեչնիա»: Ֆիթոնը պնդում է «Ալ Ղաիդայի» եւ Ադրբեջանի կապը: Վկայակոչելով Պենտագոնի հետախուզությանը, նա հայտարարել է, որ «Ալ Ղաիդան» գործում է նաեւ Կենտրոնական Ասիայում:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը ամբաստանվում է «Ալ Ղաիդայի» եւ թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի հետ կապեր ունենալու մեջ: Բեն Լադենի կապերն Ադրբեջանի հետ սկսվել են 90-ականների կեսերից: Ադրբեջանը, ըստ ամերիկյան Կոնգրեսի տվյալների, բեն Լադենի «Ալ Ղաիդա» կազմակերպության հետ կապեր ունեցող 34 երկրների ցուցակում է: Հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիեւը ստիպված էր անվերապահ աջակցություն հայտնել ահաբեկչության դեմ ԱՄՆ հայտարարած պատերազմին: 2002 թ. հոկտեմբերի 23-ին ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը հաղորդեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ավելի քան 3 տասնյակ միջազգային ահաբեկիչների, ովքեր անդամակցել են ահաբեկչական «Ալ Ղաիդա», «Ալ Ջամաաթ, ալ իսլամիա» եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումներին, ձերբակալել են Բաքվում եւ արտաքսել Եգիպտոս, արաբական այլ երկրներ:
Ծայրահեղական խմբավորումներից ամենաակտիվն Ադրբեջանում «Իսլամական ջիհադն» է, որը համարվում է «Ալ Ղաիդայի» կարեւորագույն թեւը: 2000 թ. մայիսին Լոնդոնում ձերբակալվեցին «Ջիհադի» ադրբեջանական բջջի 2 անդամներ, որոնցից մեկը, ըստ ամերիկյան պետքարտուղարության տվյալների, Իբրահիմ Էյդարուզն էրՙ Բաքվի բջջի ղեկավարը մինչեւ 1997 թ., որը նաեւ կապեր ուներ Քենիայում եւ Տանզանիայում ամերիկյան դեսպանատների ռմբակոծումների հետ:
Մինչեւ 1999 թ. ծանրակշիռ ապացույցներ կային, որ Ադրբեջանն օգտագործվում է որպես «Ալ Ղաիդայի» բազա: Ամերիկյան Ասոշիեյթեդ պրես գործակալությունը 1999 թ. նոյեմբերի 14-ին հաղորդեց, որ բեն Լադենը ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի կողմից առնվազն 2 ճակատամարտի է մասնակցել: Նկատենք, որ Բաքուն 90-ական թթ. սկզբներին փորձում էր ղարաբաղյան պատերազմին տալ կրոնական երանգ եւ ստանալ իսլամական ծայրահեղական, ահաբեկչական կազմակերպությունների օժանդակությունը:
Բաքվի «Էխո» թերթը 2001 թ. սեպտեմբերի 1-ի համարում գրեց, որ «Ալ Ղաիդայի» անդամ Ջամալ Ահմեդ Էլ Ֆադլը, որը ձերբակալվել էր Քենիայի եւ Տանզանիայի ամերիկյան դեսպանատների պայթյունների իրականացմանը մասնակցելու մեղսակցությամբ, պնդել է, որ «Ալ Ղաիդան» Ադրբեջանում ակտիվ գործունեություն է ծավալում 1989 թ.-ից:
«Մոսկու նյուս» շաբաթաթերթը 2000 թ. սեպտեմբերի 11-ի համարում գրեց, որ 1993 թ. ամռանը Հեյդար Ալիեւը Ղարաբաղի դեմ պատերազմելու համար վարձեց ավելի քան 1000 մոջահեդների: Մինչ Ալիեւի իշխանության գալը Ղարաբաղում հայերի դեմ կռվում էին չեչեն ահաբեկիչները:
Այսպես, Շամիլ Բասաեւը 2000 թ. հուլիսի 14-ին Բաքվի ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է. «Ազնվորեն ասած, ես ինքս իմ մոջահեդներին դուրս բերեցի Ադրբեջանից: Մենք այնտեղ (Ղարաբաղ) էինք եկել ոչ թե ավարի, այլ ջիհադի համար»: Ահաբեկիչ Բասաեւն այս հարցազրույցում խոստովանում է, որ 1992 թ. մի քանի անգամ եղել է Ղարաբաղում իր մոջահեդների հետ, վերջիններից մեկն էր, որ լքել էր Շուշին:
Երեկվա իրենց համարներում բեն Լադենի եւ Ադրբեջանի կապերի մասին Պենտագոնի հետախուզության տարածած հաղորդագրությանն անդրադարձել են ադրբեջանական 2 թերթերՙ «525 գազեթը» եւ «Ենի զամանը»: «Նոր մեղադրանք Ադրբեջանի դեմ» հրապարակման մեջ «525 գազեթը» նկատում է, որ առաջին դեպքը չէ, երբ փորձ է արվում Ադրբեջանին մեղադրել «Ալ Ղաիդայի» հետ գաղտնի համագործակցության մեջ: Իսկ ահա, «Ենի զամանը» «Հանդիպման վայրը փոխել չի կարելի. ԱՄՆ հետախուզությունը Ուսամա բեն Լադենին սպասո՞ւմ է Ադրբեջանում» հրապարակման մեջ նշում է, որ ամերիկյան կողմը նման մեղադրանքներ տարածելով փորձում է Ադրբեջանին ճնշումների ենթարկել, որպեսզի վերջինս դեմ չլինի իր երկրի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայմանը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ