Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նոյեմբերի 18-ին հաստատել է Հայաստանին տրվող 20 մլն դոլար աղքատության հաղթահարման աջակցության վարկը: Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Վարկը տրամադրվել է, ինչպես նախկինում, նույն արտոնյալ պայմաններովՙ 40 տարով, որի մարումը կսկսվի 10 տարի հետո եւ 0,75 տոկոսով: Գումարը նախատեսված է 4 ոլորտների համար: Դրանք են մակրոտնտեսական կարգապահության համախմբում եւ կառավարման ուժեղացում, մրցակցային միջավայրի աշխուժացում եւ գույքային իրավունքների ամրապնդում, սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի նվազեցում, գյուղատնտեսության արդիականացում: Բացի վերոնշյալ վարկային գումարից, այս ծրագրին 4,3 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնելու Հոլանդիայի կառավարությունը:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ այս վարկի հաստատմանը նախորդել է 6 ամսվա մանրակրկիտ աշխատանքը: Գումարը կստացվի մինչեւ տարեվերջ: ՀԲ համար կարեւոր խնդիրներից է եղել գործարար մթնոլորտի բարելավումը, որը շարունակելու է լինել գլխավոր խնդիրը նաեւ առաջիկա 4 տարիներին: Այս վարկն ուղղակի աջակցություն է բյուջեին, իսկ բյուջեն նույնպես բխում է աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրից:
Հայաստանի պետական բյուջեում պաշտպանության ծախսերն ավելացնելու առնչությամբ տրված հարցին Համաշխարհային բանկի ներկայացուցիչը պատասխանեց, որ պաշտպանությունը անհրաժեշտ ծախս է Հայաստանի համար: Առավել եւս հաշվի առնելով Հայաստանի հանգամանքները, Ռոջեր Ռոբինսոնը բնական համարեց, որ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ գումար է պահանջում: Դրա հետ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը հատկանշական համարեց, որ առաջին անգամ Հայաստանի պետական բյուջեում կրթությանը հատկացված գումարն ավելի էր, քան պաշտպանությանը հատկացվածը:
Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին տրվելիք գումարի չափին, Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախապես նշվող 900 մլն դոլարի ծրագրային առաջարկները, որոնք Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել ներկայացնելու ամերիկյան կողմին, նախատեսված էին երեք տարվա համար: «Իսկ երկու տարվա ծրագրի համար արվող առաջարկները պետք է այլ գումար կազմեին», ասաց նախարարը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ