Սեւակ Արծրունին Ղարաբաղի վերաբնակեցման մասին
1999 թ. աշնանը նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի կառավարության պատվերով Սեւակ Արծրունին կազմում է Հայաստանի եւ Արցախի վերաբնակեցման ու տարաբնակեցման ծրագիր: Այսօր հենց այդ ծրագրով է լավ թե վատ իրականացվում վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում:
2002 թ. նոյեմբերին ստեղծվում է հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունըՙ միավորելով Հայաստանի եւ ԼՂՀ սահմանային շրջանների բնակեցմամբ մտահոգ 5 հասարակական կազմակերպությունների Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից:
«Սփյուռքահայերից շատ-շատերը, ծնողներից լսելով կամովին կամ կոտորվելու հարկադրանքի տակ լքած իրենց հայրենի բնակավայրերի մասին, հոգու մեջ ամփոփում են այդ կորսված տարածքի մի հատվածըՙ դարձնելով իրենց ինքնության հիմնասյուներից մեկը: Երկրորդ սերնդի ամեն մի սփյուռքահայ ունի հայրենիքի հանդեպ ցավի առօրյա: Այն ի շահ մեր այսօրվա Հայաստանին ծառայեցնելու համար անհրաժեշտ է ձեւավորել հայրենիք-սփյուռք համագործակցության դաշտ, որը հեռու կլինի քաղաքական եւ մանավանդ տնտեսական շահարկումներից», ասում է «Երկիր» միության խորհրդի նախագահ Արծրունին:
Գործունեության 2 տարիներին «Երկիրն» իրականացրել է մոտ 10 ծրագիրՙ 700 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: Արծրունին հատկապես առանձնացնում է Քնարավան գյուղի կառուցումը ԼՂՀ Նոր Շահումյան շրջանումՙ դա համարելով սփյուռք-հայրենիք համագործակցության եզակի օրինակ:
«Լիբանանից Հարությունյան ընտանիքըՙ ամուսինը եւ որդիները, կնոջ եւ մորՙ Քնարի հիշատակին գյուղ են կառուցել. 15 տուն, դպրոց, համայնքապետարան եւ բուժկետ: Սա հայրենակորուստ հայի համար թիվ 1 արդարահատույցն է: Սա խղճի, սփոփման համար չէ, այլ իրական գործ կատարելու վճռականություն: Հարությունյանների նման ընտանիքները շատ-շատ են սփյուռքում: Պետք է ձեւավորել վստահության դաշտ, որ նմանօրինակ նախաձեռնությունները ռիսկ չլինեն մյուս սփյուռքահայերի համար», ասում է նա:
Վերաբնակեցումը եւ տարաբնակեցումը, Արծրունու կարծիքով, հասարակական գիտություն է. «Եթե այն ոչ մասնագիտական է, ապա կարող է անգամ վնասել պետությանը»: Երեւանում եւ Արարատյան դաշտի ավաններում է կենտրոնացած Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության կեսից ավելին, ինչը երկրի անվտանգության տեսակետից որեւէ կերպ արդարացված չէ, մանավանդ այնպիսի աշխարհագրական պայմաններում, որոնք պարտադրվել են մեզ մեր պատմության ընթացքում: Փաստորեն, այսօր Հայաստանը գրեթե թիկունք չունի, այսինքնՙ երկիրը զուրկ է ներքին տարածքներից:
Համաձայն Հայաստանի եւ Արցախի վերաբնակեցման ծրագրիՙ մինչեւ 2012 թ. ԼՂՀ բնակչությունը պետք է կազմի 300 հազար մարդ: Մինչդեռ այսօրվա տեմպերը ցույց են տալիս, որ ծրագիրն իմաստազրկվում եւ տապալվում է: Արծրունու կարծիքով, գործընթացը պետք է հեռու պահել քաղաքականությունից: «Վերաբնակեցումը պետք է լինի հայրենիքին ծառայություն, ոչ թե քաղաքական դիվիդենտներ ստանալու ակնկալիք», ասում է նա:
«Օրինակ, Քնարավանի ծրագրի նախաձեռնությունը, որն աննախադեպ եւ խիստ օրինակելի երեւույթ է վերաբնակեցման գործընթացում, նշում է «Երկիր» միության նախագահը, թերեւս չամբողջացածՙ հանդիպում է արդեն ոչ առողջ քննադատությունների եւ անհիմն մեղադրանքների, որոնց հետեւում կանգնած են մարդիկ եւ ուժեր, ովքեր վերաբնակեցման գաղափարն օգտագործում են քաղաքական դիվիդենտներ ստանալու համար: Մենք այս բոլորին նայում ենք հանգիստ, այն փաստի գիտակցմամբ, որ սփյուռքում առկա է չքաղաքականացված, բայց հայրենիքի ճակատագրով սրտատրոփ ապրող մի ստվար զանգված, որն էլ այսօր խանդավառությամբ ընդունում է մեր ծրագրերը»:
«Երկիրը» ոչ թե դրամահավաք է կազմակերպում, այլ փորձում է սփյուռքում մտահոգ կազմակերպություններին դարձնել գործընկեր», ասում է նա եւ հավելում, որ յուրաքանչյուր ծրագրի իրականացում ներկայացվում է կազմակերպության ինտերնետային էջում, եւ հովանավորը կարող է հետեւել, թե ինչպես են ծախսվում իր տված գումարները: «Սփյուռքահայն աշխատանքի այս որակը պետք է պահանջի Հայաստանում գործող յուրաքանչյուր կազմակերպությունից, որը զբաղվում է հայրենիքի հզորացումով»:
Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերաբնակեցումն իրականացրել է «Երկիր» միությունըՙ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի հովանավորությամբ: Վերջերս ծրագրի նախաձեռնող եւ հովանավոր Լեւոն Քեբաբջյանի ու Արա Ահարոնյանի գլխավորությամբ կազմակերպության մի ներկայացուցչական պատվիրակություն էր մեկնել Նորաշենՙ տեղում ծանոթանալու աշխատանքներին: Ծրագրի հաջողությունը ոգեւորել է նրանց, եւ որոշել են իրենք անմիջականորեն ներգրավվել վերաբնակեցման գործընթացումՙ իրենք համակարգելով ծրագրերի աշխատանքները:
«Ես շատ ուրախ եմ ՀԲԸՄ-ի այս որոշման համար: Խորհրդային Հայաստանում ՀԲԸՄ-ի առաջին ծրագրերը ներառում էին ճահիճներ չորացնելը, բնակավայրեր, կամուրջներ կառուցելը: Բարեգործականը հենց Արցախում իր գործունեությամբ կարող է իրականացնել Պողոս Նուբարի նպատակները», ասում է Արծրունին:
«Երկիր» միության նախագահը կարծում է, որ սփյուռքը պետք է լինի ուղղակի գործող կառույց Հայաստանում եւ ԼՂՀ-ում, բայց իր ծրագրերն իրականացնի հասարակական կազմակերպությունների միջոցով: Նրա կարծիքով, այս ձեւով է հնարավոր վերաբնակեցման, Հայաստանին եւ Արցախին օգնության յուրաքանչյուր ծրագիր հեռու պահել քաղաքական շահարկումներից:
Շուշիի վերականգնման նոր նախաձեռնություն
Ազատագրումից ավելի քան 12 տարի անց Շուշին այցելուների վրա դառը տպավորություն է թողնում: Այնտեղ վերականգնման եւ վերաբնակեցման լուրջ աշխատանքներ չեն տարվում, եթե ոմանք գալիս են բնակվելու քաղաքում, ապա այն պատճառով, որ գնալու այլ տեղ չունեն:
Վերջերս, ընդունելով ՀԲԸՄ 100 հոգանոց պատվիրակությանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նկատել էր, որ «Ղարաբաղն ունի 27 միլիոնանոց բյուջե եւ ի վիճակի չէ միայնակ վերականգնել Շուշին, որի համար անհրաժեշտ է 100 մլն դոլար»:
Չնայած 2000 թ. ստեղծվել է «Շուշի» հիմնադրամը, սակայն գործունեության 4 տարիներին հիմնադրամը լուրջ ծրագրեր չի իրականացրել: Այս տարի փորձ արվեց վերակենդանացնելու հիմնադրամը: Նախագահ Ղուկասյանի գիտությամբ Սեւակ Արծրունին նշանակվեց հիմնադրամի գործադիր տնօրեն: Շուշիի պատվավոր նախագահն ի պաշտոնե ԼՂՀ նախագահն է, համանախագահների խորհրդում ընդգրկված են ԼՂՀ մշակույթի նախարար Արմեն Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
«Ես առաջարկեցի համանախագահների խորհուրդն ընդլայնել սփյուռքի ներկայացուցիչներով, ովքեր ներկայացուցչական դեմք ունեն: Լիբանանի հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչ Գրեգուար Գալուստը ընդգրկվեց համանախագահների կազմում եւ անմիջապես ստանձնեց Շուշիի վերականգնման առաջին հանգրվանի ծրագրերը հովանավորելու գործընթացը», ասում է Արծրունին:
Առաջին հանգրվանում որոշվել է դադարեցնել Շուշիում կատարվող բոլոր աշխատանքները եւ կենտրոնանալ հեռանկարային ծրագիր կազմելու վրա. ուսումնասիրել Շուշիի պատմամշակութային ժառանգությունը, մասնագիտորեն ապացուցել, որ Շուշին հայկական մշակույթի օրրան է եւ «այդ ապացույցը դարձնել վերականգնման հիմնական կապիտալը»:
Հնագիտության դոկտոր Համլետ Պետրոսյանը եւ Բակուր Կարապետյանն ամռանն ամբողջացրել են քաղաքի պատմամշակութային հուշարձանների ցուցակը: Հետազոտողները չափագրել են մոտ 180 շենքեր: Կազմվում է քաղաքի վերականգնման ընդհանուր նախագիծը, առանձնացվել են քաղաքի 5 թաղամասեր, եւ ներկայումս միջոցներ ենք որոնում այդ թաղամասերի վերականգնման նպատակով միջազգային ճարտարապետական մրցումներ կազմակերպելու համար, որոնց կկարողանան մասնակցել նաեւ ոչ հայաստանցի մասնագետներ: 2005 թ. մարտից կսկսվեն հնագիտական պեղումներ, իսկ նույն տարվա աշնանը Շուշիում տեղի կունենա գիտաժողով, որտեղ «մենք հնարավորություն կունենանք ասելու, թե ինչ ունենք Շուշիում, ինչ արժեք ունի եւ ինչպես պետք է նայեն ապագային զուտ մասնագիտական մոտեցումներով»: Սա է առաջին հանգրվանը, որի բոլոր աշխատանքները ֆինանսավորում է Լիբանանի հայ կաթոլիկների համայնքը:
Երկրորդ հանգրվանում կսկսվեն քաղաքի վերականգնման աշխատանքները, նախագծերի համար կհայտարարվեն մրցույթներ, որոնց կարող են մասնակցել նաեւ ոչ հայ ճարտարապետներ: «Շուշի» հիմնադրամը գործելու է թափանցիկության նույն սկզբունքների պահպանմամբ, որոնք ընկած են «Երկիր» միության գործելաոճի հիմքում», ասաց Արծրունին:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ