Օրերս Հայաստանում պաշտոնապես գրանցվեց «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպությունըՙ առաջացնելով մեր հասարակության դժգոհությունը: Շատ կազմակերպություններ, այդ թվում եւ երիտասարդական, բացասաբար անդրադարձան այդ փաստինՙ դա համարելով մեր ազգային արժեքների հիմքերը քայքայող տարր: 30-ից ավելի աղանդներից սա թերեւս ամենավտանգավորն է մեր հասարակության եւ պետության համար, որովհետեւ նրանց օրենքները հակասում են երկրի եւ ընդհանրապես բարոյական օրենքներին: Մայրը հրաժարվում է երեխային փրկելու համար դիմել բժշկական միջոցների, տղան հրաժարվում է զենք վերցնել հանուն հայրենիքի: Իսկ մեր օրերում շատերն են խուսափում զինվորական ծառայությունից, որն էլ նպաստում է նրանց շարքերի ստվարացմանըՙ նրանց թիվը հասցնելով 8 հազարի: Նմաններին, անշուշտ, պետք է ենթարկել պատասխանատվության, քանի որ օրենքի առաջ հավասար են բոլորըՙ անկախ սեռից, ազգային, կուսակցական պատկանելությունից, կրոնից եւ այլն:
Հայաստանում բոլորն ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք, բայց դրանով չպետք է ոտնահարեն ուրիշի իրավունքները, ինչը չի կարելի ասել սրանց մասին: Այդ «ինքնակոչ առաքյալները» ջանք չեն խնայում իրենց «գրավիչ» քարոզներով համալրելու այդ շարքերը համապատասխան «կադրերով»:
Իսկ մեր քաղաքացիների կարծիքն այս փաստի մասին հետեւյալն է.
Մելանյա Կիրակոսյան (մանկավարժ). Ինչպե՞ս կարելի է թույլ տալ նման բան, եթե նրանք պետական համակարգը համարում են սատանայական, չեն ընդունում մեր պետական խորհրդանիշըՙ դրոշը, որը սրբություն է յուրաքանչյուր հայի համար:
Աշոտ Հովհաննիսյան (վարորդ). Իմ կարծիքով, դա դրսից եկող պարտադրանք է:
Արման Ղուկասյան (ուսանող). Պետք է զգույշ լինել, որովհետեւ, իմ կարծիքով, նրանք ուրիշ նպատակ էլ ունեն: Ես ծանոթ եմ նրանց ուսմունքին, որը պարունակում է նաեւ քաղաքական տարրեր, բացի կրոնականից, իսկ կրոնական կողմն էլ ճիշտ չեն մեկնաբանում:
Աննա Կարապետյան (մանկավարժ). Սա մեծ վտանգ է հատկապես երիտասարդության եւ մատաղ սերնդի համար, չէ՞ որ նրանք են ապագան, իսկ այդ ոգով դաստիարակված ապագան Հայաստանի համար երանելի չէ:
Նելլի Կիրակոսյան (ուսանողուհի). Դեմ եմ, որովհետեւ աղանդը հենց նշանակում է կրոնից շեղում, իսկ դա բացասաբար է ազդում մարդու բարոյահոգեբանական վիճակի վրա, իսկ պետականորեն գրանցվելուց հետո նրանք իրենց գործունեությունն ավելի լայն թափով կծավալեն:
Գոռ Գասպարյան (իրավաբան). Նրանց պետք էր մեկուսացնել հասարակությունից, որովհետեւ իրենց քարոզները սխալ են: Դրանք հանգեցնում են հասարակության քայքայմանը: Հուսանք, որ հաջորդ քայլը չի լինի «Եհովայի վկաներին» օրենքի առաջ պատասխանատվությունից ազատելը:
ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ