Եվ հրաժարվել «ենթադրյալ» ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտոնական շրջանակներին մոտ գտնվող անգլիատառ «Թըրքիշ դեյլի նյուզ» օրաթերթը նոյեմբերի 20-ի համարում անդրադարձել է Բեռլինում Հայաստանի նախագահի «Հերբերտ Քվանտ» հիմնադրամում ունեցած ելույթին եւ «Վելթ» պարբերականին տված հարցազրույցին: Ռոբերտ Քոչարյանի ելույթին եւ հարցազրույցին է անդրադարձել նաեւ Թուրքիայում իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության տեսակետներին հարող «Զաման» օրաթերթը:
«Եվրոմիության եւ Հարավային Կովկասի երկրների գործակցության արգելքներից մեկը Հայաստանի շրջափակումն է Թուրքիայի կողմից: Մեզ համար անբնական է, երբ ԵՄ անդամ դառնալու բանակցություններ սկսող երկիրը շրջափակում է «Եվրոպական հարեւանություն» քաղաքականության մեջ ընդգրկված երկիրը: Այսինքնՙ այսօր խնդիրը լուծելու հնարավորություն կա, եւ դա ԵՄ ձեռքին է», ասել է Քոչարյանն իր ելույթում:
Հայաստանի նախագահը, ինչպես իր ելույթում, այնպես էլ գերմանական «Վելթ» պարբերականին տված հարցազրույցում, նկատել է, որ հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու հնարավորությունն ի հայտ է եկել Եվրոպական հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո, որն առաջարկել է բանակցություններ սկսել Թուրքիայի հետ, այդ երկրիՙ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, եւ եվրոպական հարեւանության քաղաքականությունում Հայաստանին ներգրավելուց հետո:
«Թըրքիշ դեյլի նյուզը» «Հայաստանը հորդորում է Թուրքիային բացել սահմանը, Անկարան տեղից չի շարժվում» հրապարակման մեջ վկայակոչելով մի անանուն պաշտոնյայի, գրում է, որ Թուրքիան անհեթեթ է համարում հայ-թուրքական հարաբերությունների բնականոնեցումը, քանի դեռ Հայաստանը հրաժարվում է ճանաչել Թուրքիայի սահմանները: «Ենթադրյալ ցեղասպանության հարցը եւս շատ զգայացունց է Թուրքիայի համար եւ կարեւոր խոչընդոտ հարաբերությունների բնականոնեցման համար», գրում է թերթը:
«Զամանը» նույնպես գրում է, որ հայ-թուրքական հարաբերություններ չեն կարող հաստատվել, քանի դեռ Հայաստանը չի հրաժարվում Հայոց ցեղասպանության պնդումներից, ինչպես նաեւ չի ճանաչում 1921 թ. կնքված Կարսի պայմանագիրը, որով որոշվում է հայ-թուրքական սահմանը:
Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիան իր արեւելյան հարեւանի հետ հարաբերությունների հաստատումը պայմանավորում է վերոնշյալ երկու խնդիրներով, այսինքնՙ Երեւանը պաշտոնապես պետք է հայտարարի, որ Թուրքիայից չունի տարածքային պահանջներ, ինչպես նաեւ հրաժարվի Հայոց ցեղասպանությունից: 1993 թ. գարնանը, երբ հայկական ուժերը վերահսկողության տակ վերցրին վարչականորեն Ադրբեջանին պատկանող Քելբաջարի շրջանը, Թուրքիան կառավարական որոշմամբ (1993 թ. ապրիլի 4) փակեց Հայաստանի հետ սահմանը: Այդ օրվանից շարունակվում է Հայաստանի շրջափակումը: Անկարան ավելացրեց Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու նախապայմանները. քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն եկել Լեռնային Ղարաբաղից եւ հարակից տարածքներից, թուրք-հայկական հարաբերություններ չեն հաստատվի:
Ուշագրավ է, որ նոյեմբերի 20-ի համարում ե՛ւ «Թըրքիշ դեյլի նյուզը», ե՛ւ «Զամանը» չեն հիշատակել երրորդ նախապայմանը: Ավելորդ չէ հիշեցնել, որ Ղարաբաղի խնդիրը հայ-թուրքական հարաբերություններում հաճախ Անկարան օգտագործում է ցեղակից ադրբեջանցիներին հաճոյանալու համար: Ղարաբաղի խնդիրը Թուրքիայի համար դժվար թե լինի նախապայման հայ-թուրքական հարաբերություններում: Ավելորդ չէ ընդգծել, որ մինչեւ 1993 թ. գարունը Թուրքիան ժամանակ ուներ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու:
Թուրքական թերթերը մեջբերում են Քոչարյանի հետեւյալ խոսքերը. «Մեզ համար 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչումն անշուշտ չափազանց կարեւոր է, սակայն այն երբեք չի կարող լինել նախապայման երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Եթե Անկարան ճանաչի այս փաստը, ապա դա կարող է լինել նշանակալի քայլ հարաբերությունների բնականոնեցման ուղղությամբ»:
«Ազգի» հետ զրույցում Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի բարձրաստիճան մի պաշտոնյա ասաց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատի այն դեպքում, եթե Երեւանը պաշտոնապես, թղթի վրա գրի, որ տարածքային պահանջներ չունի Թուրքիայից: Պաշտոնյան նկատեց, որ նման քայլի չի գնացել Հայաստանի նախկին իշխանությունը, չի գնա գործող, ինչպես նաեւ ապագա իշխանությունը:
Ինքնին թուրքական կողմի հորդորը Երեւանինՙ ճանաչել ժամանակակից Թուրքիայի սահմանները, անհեթեթություն է: Եթե խոսքը Կարսի պայմանագրի մասին է, ապա դա Հայաստանից բացի ստորագրել են նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք, բնականաբար, առանձին ակտով չեն ճանաչել Թուրքիայի սահմանները: Ավելին, Անկարան Հայաստանի հարեւան երկու երկրների հետ հարաբերությունները հասցրել է ռազմավարական դաշնակցության մակարդակի: Բացի այդ, երբ նորանկախ երկիրը անդամակցում է ՄԱԿ-ին, դա նշանակում է, որ այդ երկիրը ճանաչում է ՄԱԿ-ի անդամ մյուս երկրների սահմանները: Եվ վերջապես, եթե նույնիսկ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Թուրքիայի սահմանները, ապա դրա համար անհրաժեշտ է նախ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որից հետո կարելի է քննարկել այդ հարաբերություններում առկա խնդիրները: