Թուրքիայի «ժողովրդավարությունն» այսօր
Թուրքիայի քրդերի իրավապաշտպան, նախկին պատգամավոր Լեյլա Զանան հոկտեմբերի 14-ին Բրյուսելում ստացել է Եվրոխորհրդարանի Սախարովի անվան մրցանակը, որը նրան շնորհվել էր 10 տարի առաջ, երբ ինքը բանտարկված էր:
Մրցանակն ստանալովՙ Լեյլա Զանան հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում իրականացվող «ժողովրդավարական» միջոցառումները «կոսմետիկ» բնույթ են կրում: Փարիզի «Աշխարհ» թերթը տեղեկացնում է, որ այս հայտարարության իրավացիությունը հաստատվել է ընդամենը մի քանի ժամ անց, երբ Ստամբուլի օդանավակայանում կալանավորվել է Լեյլայի ամուսինըՙ Մեհդի Զանան, որը Թուրքիա էր վերադառնում 9-ամյա տարագրությունից հետո: Կալանավորման պատրվակն այն էր, որ Թուրքիայի իշխանություններն անցյալում որոշել էին սահմանափակել Մեհդի Զանայի մուտքը հայրենիք:
Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Մեհդի Զանան Ստամբուլ էր մեկնել Բրյուսելից, որտեղ ներկա էր եղել իր կնոջ պարգեւատրման արարողությանը: Տարիներ տեւած բաժանումից հետո նա վերստին հանդիպել էր կնոջը եւ երկու զավակներին: Մեհդին, Շվեդիա էր մեկնել քրդերի դատի պաշտպանության համար 10 տարի բանտարկված մնալուց հետո:
Կալանավորումից 2 օր անց Մեհդին ազատ արձակվեց, բայց այժմ էլ դատական հետապնդումների է ենթարկվում օրենքից դուրս հայտարարված ՔԲԿ-ի (վերանվանված է Կոնգրա-գել) անդամ լինելու համար:
Ինչ վերաբերում է Լեյլա Զանային, նա քրդամետ Ժողովրդավարության կուսակցության 3 այլ նախկին պատգամավորների հետ Թուրքիայում հոկտեմբերի վերջերին հռչակել է քրդամետ մի նոր կուսակցության ստեղծումը: Դրա հիմնադրումից հետո Լեյլա Զանան հայտարարել է. «Մենքՙ նախկին պատգամավորներս, ուզում ենք ծառայել ժողովրդավարությանը եւ խաղաղությանը: Այս պատճառով է, որ ստեղծում ենք ժողովրդավարական նոր շարժում»:
Նա ավելացրել է, որ նոր կուսակցության սկզբունքներն ենՙ «օժանդակել Թուրքիայի եվրոպականացման գործընթացին եւ երկրում հասնել քրդական հարցի խաղաղ ու ժողովրդավարական լուծման»: Շարժումը կձգտի Թուրքիայի սահմանադրության մեջ մտցնել ուղղում, որը հաշվի կառներ երկրում առկա «էթնիկական եւ մշակութային բազմազանությունը»: Թուրքիայի 70 միլիոնանոց բնակչության մեջ քրդերը կազմում են մոտ 15 միլիոն: