Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը արժանավորապես նշելու, ինչպես նաեւ պահանջատիրական ու քարոզչական հարցերում անհրաժեշտ նեցուկ ունենալու մտադրությամբ, արգենտինահայ գաղութն արդեն սկսել է զանազան բնույթի աշխատանքները համադրելու նախապատրաստումը: Երեք ամիս առաջ կազմվել է կենտրոնական մարմին, որը համագաղութային ժողովում արժանանալով բոլոր կազմակերպությունների, միությունների եւ հաստատությունների հավանությանը, նախաձեռնել է տարբեր հանձնախմբեր կազմելու եւ հանդիպումներ անցկացնելու աշխատանքները: Դրանց սերտորեն աջակցում է Արգենտինայում Հայաստանի դեսպանատունը:
Մեծ եղեռնի 90-ամյա տարելիցը հրամայական է դարձրել հայրենիքի ու սփյուռքի կապերի սերտացումը, որպես գլխավոր նպատակ ունենալով համախմբել համայն հայության պահանջատիրական աշխատանքները, գործնականորեն ապահովել ներդրված միասնական ջանքերը:
Արգենտինահայ գաղութը հետաքրքրված է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված Հայաստանում անցկացվելիք միջոցառումներով, որոնց մասին կամենում է ունենալ մանրամասն տեղեկություններ: