«Ժողովրդական երգերի հորինման հետ դեռեւս այդ տարիներին Արմեն Տիգրանյանն առավել նշանակալից գործ կատարեց նույն բնույթի օպերա ստեղծելով: Այդ դեպքում նա միանգամայն գիտակցված խնդիր էր դրել իր առջեւՙ ստեղծել ժողովրդական ոճով հայկական առաջին օպերան, եւ «Անուշը» առաջին իսկ ազդագրերից այդպես էր հայտարարվում», հայ մեծ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի մասին այսպես է արտահայտվել երաժշտագետ, պրոֆեսոր Ռոբերտ Աթայանը:
Ազգային գրադարանի վերնատանը նույն գրադարանի նոտային-երաժշտական գրականության բաժինը երեկ կազմակերպել էր ցերեկույթ-ցուցահանդեսՙ նվիրված Արմեն Տիգրանյանի 125-ամյակին: Ցերեկույթին խոսք ասացին ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, նոտային-երաժշտական գրականության բաժնի վարիչ Մարինա Սեմյոնովան, մեծ կոմպոզիտորի տոհմում նրա անունը շարունակող թոռըՙ Արմեն Տիգրանյանը: «Արմեն Տիգրանյանը հայկական ժողովրդական ֆոլկլորային երաժշտության հիմնադիրն է, հայ երաժշտության սյուներից: Նրա «Անուշ» օպերան համաշխարհային մասշտաբով մեր հայ երաժշտության այցեքարտն է, այն հնչել է աշխարհի տարբեր մասերում», կոմպոզիտորին ներկայացրեց Մարինա Սեմյոնովան:
Ցերեկույթ-ցուցահանդեսում ներկայացված էին Արմեն Տիգրանյանի ստեղծագործական ժառանգության մի մասը, նոտաները, գրավոր նյութերը, «Անուշ», «Դավիթ Բեկ» ստեղծագործությունները, ԱՄՆ-ում Պարսեկղյան ռեկորդս ստուդիայի թողարկած «Անուշ» լազերային սկավառակը, դաշնամուրային ստեղծագործություններըՙ «Շենկանան», «Հայկական պար», «5 պիես» եւ արիաները:
Թումանյան-Տիգրանյան զուգահեռականում կոմպոզիտորի թոռըՙ Արմեն Տիգրանյանը, ներկայացրեց երկու մեծ ստեղծագործողների լավ հարաբերությունները, իսկ տկն Սեմյոնովան ընդգծեց, որ նշված երկու մեծերից որեւէ մեկին նվիրված յուրաքանչյուր միջոցառման ժամանակ անհնար է չհիշել մյուսին:
Ցերեկույթի վերջում ազգային գրադարանի նոտային-երաժշտական գրականության բաժնին Արմեն Տիգրանյանը նվիրեց իր պապիՙ Արմեն Տիգրանյանի նկարը, որը, բաժնի վարիչի հավաստմամբ, իր կարեւոր տեղը կգտնի գրադարանում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ