«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2004-11-19 | #208, 2004-11-20 | #209, 2004-11-23


ՔԱՌԱԼԵԶՈՒ «ԱԼ ՋԻՍՐԸ» ԿԱՄՈՒՐՋ Է ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Անցյալ տարվա կեսերին Սիրիայում հիմնվեց նոր նախարարությունՙ արտերկրի սիրիացիների հարցերի նախարարությունը: Նույն տարվա սեպտեմբերին վարչապետ նշանակված Մուհամմեդ Նաջի ալ Օթարիի կառավարությունում այս նախարարության ղեկավարը դարձավ դոկտ. Բուսեյնա Շաաբանըՙ իմացական ու վարչական ունակություններով աչքի ընկնող մի դինամիկ տիկին, որը մինչ այդ վարում էր երկրի արտգործնախարարության խոսնակի պաշտոնը:

Արտերկրի նախարարության ստեղծմանն ուղեկցեց «Ալ Ջիսր» հանդեսի հրատարակումը, որը կրում է «Արտերկրի արաբների հարցերում մասնագիտացված քառալեզու ամսական պարբերական» վերտառությունը: Հանդեսը հիմնվել է վարչապետի 2003 թ. ապրիլի 24-ի թիվ 2968 որոշումով (6-7-րդ միացյալ համարից սկսած, հրատարակչական տվյալների ցանկում նշվում է փետրվարի 24-ը): Առաջինՙ փորձնական, զրոյական համարը լույս է տեսել 2003 թ. հուլիսին, սակայն հանդեսը չի պահպանել հայտարարված պարբերականությունը, երկու անգամ լույս է տեսել միացյալ համարներով, մի քանի անգամ էլ լույս չի տեսել տվյալ ամսին (հուլիս 2003 թ.- հոկտ. 2004 ժամանակահատվածում լույս է տեսել 10 համար):

Հայության համարՙ «Ալ Ջիսր» գեղատիպ, գունավոր տպագրությամբ հանդեսը հետաքրքրական է մի քանի առումներով: Նախաձեռնողն ու գլխավոր խմբագիրն է Սիրիայում ճանաչված լրագրող, «Հայեր_հող եւ ժողովուրդ» արաբերեն գրքի հեղինակ Սամիր Արբաշը, որը մինչ այդ վարել է իշխող Բաաս կուսակցության նույնանուն պաշտոնաթերթ-օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը: Ավելինՙ կարելի է ասել, որ «Ալ Ջիսրը» Արբաշ ընտանիքի հոգեհարազատ ծնունդն է: Սամիրի զավակներից բժիշկ Րաֆֆին հանդեսի ընդհանուր տնօրենն է, Սիլվանՙ Լոս Անջելեսի գրասենյակի պատասխանատուն (ի դեպ, երկուսն էլ իրենց բարձրագույն ուսումն ստացել են Հայաստանում), իսկ Սամիրի եղբայրներից մոսկվաբնակ Յուսեֆըՙ Մոսկվայի գրասենյակի փաստական հիմնադիրը: Ասենք, որ Սամիրի տիկինը հայուհի է:

Հանդեսի ծավալը տարուբերվում է A-4 չափի 48 էջի եւ 56 էջի միջեւ (միացյալ համարներ): Բացառությամբ 2004 թ. հուլիսի 8-րդ համարի (հատուկ թողարկում է ԱՊՀ սիրիական սփյուռքի մասին), ծավալի երկու երրորդն արաբերեն է, մնացյալը մոտավոր հավասարությամբ բաժանվում է երեք լեզուներով նյութերի միջեւ: Դրանք ենՙ հայերենը, անգլերենը եւ իսպաներենը: Ըստ երեւույթին, հայերեն հրատարակումները խմբագրում է եռանդամ խմբագրակազմի միակ հայ անդամըՙ պատմագիտության թեկնածու, Դամասկոսում ՀՀ դեսպանատան աշխատակից Նորա Արիսյանը (մինչեւ 2003 թ. ավարտը) եւ նրան փոխարինած հալեպահայ բժիշկ եւ թարգմանիչ Ալեքսանդր Քեշիշյանը: Հայերեն հրապարակումների բովանդակությունը խայտաբղետ էՙ ՀՀ-Սիրիա հարաբերություններ, հայ-սիրիական մշակութային ձեռնարկներ, սիրիահայության լուրեր եւ... կանանց դիմահարդարման մասին ու առհասարակ գեղեցկագիտական հրապարակումներ: Տարօրինակ է, որ հայերեն այդքան սուղ էջերում տեղ են գտնում նման անհարիր նյութեր, իսկ գլխավոր խմբագիրը համաձայնվում է տպագրել դրանք: Բացակայում է հիմնական մի թեմաՙ նախկին սիրիահայերի այսօրվա կյանքի, սփռվածության եւ առնչակից հարցերի թեման:

Հայերին առնչվող նյութեր (օրինակՙ Հայաստանում հատված արաբական դրամներ, ՀՀ դեսպանության կողմից ՀՀ անկախության տարեդարձի նշումներ) հանդիպում են նաեւ հանդեսի արաբերեն բաժնում, երբեմն էլ հայկական նյութը լույս է տեսնում թե՛ հայերեն եւ թե՛ արաբերեն:

Արտերկրի հայության հետ կատարվող աշխատանքների ու հետագայի ծրագրերի առումով ուսանելի եւ ընդօրինակելի շատ բան կարելի է գտնել թե՛ Սիրիայի արտերկրի քաղաքացիների հարցերի նախարարության աշխատանքում եւ թե՛ «Ալ Ջիսրի» էջերում:

«Ալ Ջիսրը» (արաբերենՙ կումուրջ. «Կամուրջ» է կոչվում հայերեն բաժինը) իսկական կամուրջ է Սիրիայի եւ նրա արտերկրաբնակ քաղաքացիների միջեւ: Մնում է հուսալ, որ հանդեսի հայերեն էջերն ավելի որակյալ հրապարակումների հատկացվեն: Այս ուղղությամբ պետք է խոսքից անցնել գործի եւ խմբագրությանը մատակարարել հանդեսի ուղղվածությանը համահունչ նյութեր, մենակ չթողնել Արբաշներին: Առաջարկում ենք հանդեսի գրասենյակ հաստատել նաեւ Երեւանում:

«Ալ Ջիսրի» էլեկտրոնային հասցեն էՙ arbash-s@scs-net.arg.

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4