«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2004-11-19 | #208, 2004-11-20 | #209, 2004-11-23


ՊԱՅԹԵՑՎԵՑ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Երեկ, նոյեմբերի 22-ին, ժամը 20.40-ին, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթի աշխատակիցները պատրաստում էին թերթի հերթական համարը, չէին էլ մտածում, թե վայրկյաններ անց խմբագրության «Նիվա» մակնիշի մեքենայում տեղադրված պայթուցիկ է պայթելու: Նրանք նախ լսել են ուժեղ պայթյունի ձայն, որից հետո, երբ մեքենան բռնկել է ու սկսել վառվել, բոլորը շտապ դուրս են եկել խմբագրատնից եւ այդ պահին էլ տեղի են ունեցել չորս թեթեւ պայթյուններՙ վնասելով խմբագրատան մետաղացանցապատ ապակիները: Միայն երջանիկ պատահականությամբ լրագրողներից ոչ մեկը չի տուժել: Ավելի ուշ, թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից փորձեցինք պարզել, թե ինչը կարող էր առիթ կամ պատճառ հանդիսանալ նման ահաբեկչական քայլի: Պրն Փաշինյանն ասաց. «Նման սպառնալիքներ շատ հաճախ են լինում կոնկրետ մեր թերթի առանձին աշխատակիցների նկատմամբ: Ես ունեմ փաստեր, փաստաթղթեր եւ լուսանկարներ, որ մեկ տարի է ԱԱ ծառայության եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հետապնդում են իրականացնում իմ ընտանիքի անդամների նկատմամբ: Ես համոզված եմ, այսինքնՙ վարկած եմ առաջ քաշում, որ այս դեպքը պետական օղակի հետ կապ չունի եւ Գագիկ Ծառուկյանըՙ Ռոբերտ Քոչարյանի կարեւոր առանցքային մարդկանցից մեկը հանդիսանալով, նա է կանգնած պայթյունի հետեւում: Եվ որպես տուժող առաջարկում եմ իրավապահներին քննություն իրականացնեն ու պարզեն, թե որքանով է համապատասխանում վարկածս իրականությանը: Ասեմ նաեւ, երբ ես ուրբաթ օրվա համարում գրում էի Հայկ Հարությունյանի մասին խմբագրականը, որը շատ սուր հարցադրումներ էր պարունակում, գիտեի, որ ինչ-որ բան լինելու է»:

Ժամը 22.30-ին դեպքի վայրում էին ՀՀ ոստիկանության փորձագիտական խումբը: Տարօրինակ է, որ հրշեջները դեպքի վայր (Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ) չէին եկել 1520 րոպե հետո միայն ու ոստիկանությունն էլ անմիջապես չէր արձագանքել, պատմում էր Նիկոլ Փաշինյանն ու հստակեցնում, որ ոչ մի ահաբեկչություն չի կարող ազատ մամուլին լռեցնել:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4