«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2004-11-20 | #209, 2004-11-23 | #210, 2004-11-24


ԲԱՔՈՒՆ ՍՏԻՊՎԱԾ ԿԼԻՆԻ ԲԱՆԱԿՑԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԵՏ, ԵԹԵ ՄԱԿ-ՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իլհամ Ալիեւ. «Այդ ժամանակ մենք շատ արագ կլուծենք ղարաբաղյան հակամարտությունըՙ բոլոր հնարավոր ուղիներով»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Այսօր երեկոյան Նյու Յորք են մեկնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանը (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (ՌԴ) եւ Անրի Ժակոլենը (Ֆրանսիա)ՙ հանդիպելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այս մասին «Ազգի» հետ հեռախոսազրույցում Նյու Յորքից տեղեկացրեց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Դեռեւս պարզ չէՙ Հայաստանի արտգործնախարարը կմեկնի՞ Նյու Յորք, թե՞ ոչ: Դեսպան Մարտիրոսյանի ասելովՙ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի նախարարը ժամանի ՄԱԿ-ի կենտրոնակայան:

Երեկ երեկոյան ՄԱԿ-ի ԳԱ-ն պետք է քննարկեր «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի մասին» հարցը, որը նստաշրջանի օրակարգ է մտել Բաքվի նախաձեռնությամբ: Դեսպան Մարտիրոսյանն «Ազգի» հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը քվեարկության չդրեց բանաձեւի իրՙ ադրբեջանական նախագիծը, քանի որ նրանց ներկայացրած տեքստն ընդունելի չէր ՄԱԿ-ի անդամ շատ ու շատ, անգամ իսլամական երկրների համար: Նախ ելույթ է ունեցել Մամեդյարովը, ապա ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը: Դեսպան Մարտիրոսյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տեսակետները, պատասխանել ադրբեջանական կողմի մեղադրանքներին: Ապա ելույթ է ունեցել Պակիստանի ներկայացուցիչը, որին հետեւել է ԱՄՆ ներկայացուցչի ելույթը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների անունից:

Փաստորեն ադրբեջանական կողմը զգալով, որ իր ներկայացրած բանաձեւի նախագիծը մերժվելու է, խուսափել է քվեարկության դնելուց: Եթե հարցը ՄԱԿ-ի ԳԱ օրակարգ մտցնելուն կողմ էր քվեարկել ընդամենը 43 երկիր, հիմնականում Իսլամական կոնֆերանս կազմակերպությունից, ապա այս անգամ, ըստ դեսպան Մարտիրոսյանի, Ադրբեջանին ավելի քիչ երկրներ էին աջակցելու:

Հայաստանի արտգործնախարարը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորման Պրահայի գործընթացի ապագան 100 տոկոսով կախված է այն բանից, թե կընդունվի՞ արդյոք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի մասին» բանաձեւի ադրբեջանական նախագիծը: «Եթե ընդունվի բանաձեւի ադրբեջանական նախագիծը, ապա Պրահայի գործընթացը կվախճանվի», ասաց Օսկանյանը եւ հավելեց, որ այդ դեպքում պաշտոնական Բաքուն ստիպված կլինի բանակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրինական ընտրված իշխանությունների հետ:

Նախօրեին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ եթե Հայաստանը չմիջամտի ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա Ադրբեջանը կկարողանա շատ կարճ ժամկետներում կարգավորել այդ հակամարտությունը: «Եթե Հայաստանն ասում է, որ մենք (Ադրբեջանը) բանակցություններ ենք վարելու ԼՂ-ի հետ, ապա թող նա մի կողմ քաշվի, դուրս հանի իր ուժերն ադրբեջանական հողերից, դադարեցնի իր բյուջեից միջոցներ հատկացնել Լեռնային Ղարաբաղին: Այդ ժամանակ մենք շատ արագ կլուծենք ղարաբաղյան հակամարտությունըՙ բոլոր հնարավոր ուղիներով», սպառնացել է Իլհամ Ալիեւը:

Օսկանյանը երեկվա ասուլիսում նշեց, որ եթե ՄԱԿ-ի ԳԱ-ում հաջողվի հասնել բանաձեւի փոխզիջումային տարբերակի ընդունմանը, ապա Հայաստանը կհամաձայնի շարունակել բանակցությունները Պրահայի գործընթացի հենքով: «Այդ դեպքում մենք առանց հապաղելու պատրաստ ենք սկսել բանակցությունների երկրորդ փուլը», ասաց Օսկանյանը: Հայաստանի արտգործնախարարը մանրամասներ չհաղորդեց անցնող ուրբաթ Բեռլինում իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպումից:

ԼՂՀ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը դժվար թե լիովին դուրս գա բանակցային գործընթացից: «Դա պարզապես անհեթեթ կլիներ, քանի որ վերջին 6-7 տարում ԼՂ կարգավորման բանակցությունները կամ խորհրդատվություններն ընթանում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով», ասաց Աթանեսյանըՙ հավելելով, որ ղարաբաղյան կողմի ներգրավված չլինելը կարգավորման բանակցություններին, իրողություն է:

Արտգործնախարար Օսկանյանը երեկ ասուլիսում հերթական անգամ կրկնեց, որ Ադրբեջանը սխալ է թույլ տալիսՙ նախաձեռնելով հարցի քննարկումը ՄԱԿ-ում եւ որոշ ժամանակ անց կհամոզվի դրանում: Նշենք, որ բանաձեւի ադրբեջանական նախագծում առաջարկվում է գրավյալ տարածքներ ուղարկել փաստահավաք առաքելություն, ինչին Հայաստանը եւ Ղարաբաղը դեմ չեն:

«ՀՀ-ն եւ ԼՂ-ն դեմ չեն այդ տարածքներում ընդունելու դիտորդական առաքելություններ: Մենք միշտ միջազգային հանրությանը կոչ ենք արել նման առաքելություններ իրականացնել, որին Ադրբեջանն է խոչընդոտել: Դիտորդական առաքելություն իրականացնելու մանդատ ունի Մինսկի խումբը, եւ այդ շրջանակներում ԼՂ-ն եւ ՀՀ-ն պատրաստ են օժանդակել: Բայց ՄԱԿ-ի խնդիրը չէ որոշելՙ այնտեղ (գրավյալ տարածքներում- խմբ.) իրականացնե՞լ առաքելություն, թե՞ ոչ: Այդ տարածքներում դիտորդական առաքելության իրականացումն օգտակար է նաեւ մեզ համար, քանի որ այդ դեպքում մենք կարող ենք առաջ քաշել Գետաշենի, Շահումյանի եւ Հյուսիսային Մարտակերտի փախստականների վիճակի մասին հարցը», ասաց Օսկանյանը:

Ստեփանակերտում կարծում են, որ, բարձրացնելով տարածքների հարցը, Բաքուն փորձում է միջազգային շահագրգիռ կառույցների ուշադրությունը շեղել ԼՂՀ տարածքի 15 տոկոսը, այդ թվում 1992 թ. Ադրբեջանի օկուպացրած ամբողջ Շահումյանի շրջանը բնակեցնելու իր քաղաքականությունից: ԼՂ-ում կարծում են, որ Բաքվի քայլերը կրում են բացառապես քարոզչական բնույթ եւ որեւէ կերպ չեն օժանդակում ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4