Փոխարտգործնախարար Բոնիվարը Երեւանում
Իտալիայի փոխարտգործնախարար Մարգարիտա Բոնիվարը երեկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց, որ իր երկրի կառավարությունը կողմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Սակայն նա նկատեց, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրոմիությանը 2014 թվականից շուտ չի լինի:
Այս տարվա հունիսին Հայաստանը Վրաստանի եւ Ադրբեջանի հետ ընդգրկվել է ԵՄ-ի նոր հարեւանության քաղաքականության մեջ եւ Թուրքիայիՙ ԵՄ-ին անդամակցելու դեպքում մեր երկիրն ընդհանուր սահման կունենա միացյալ Եվրոպայի հետ: «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս է Իտալիան վերաբերվում փաստին, որ ԵՄ-ի անդամության թեկնածու Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակումը, երբ ԵՄ-ը չի խրախուսում փակ սահմանների քաղաքականությունը, Բոնիվարը պատասխանեց. «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին 2014 թ.-ից շուտ չի լինի: Եթե անդամակցության հարցը դրական լուծվի, ապա ձեր երկիրն ընդհանուր սահման կունենա ԵՄ-ի հետ, եւ հուսանք, որ հայ-թուրքական սահմանը կբացվի»:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իտալիան կողմնակից է եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ օժանդակում ենք Մինսկի խմբի առաքելությանը», ասաց Բոնիվարը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի առաջին նախագահ է եղել Իտալիայի նախկին փոխարտգործնախարար Մարիո Ռաֆայելլին (1992-93 թթ.), իսկ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների մի շարք փուլեր, ընդ որում Ստեփանակերտի իշխանությունների մասնակցությամբ, տեղի են ունեցել Հռոմում:
Իտալիան, որպես ԵԱՀԿ եւ ԵՄ անդամ, չի պաշտպանում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Մինսկի խմբի ձեւաչափից այլ ատյաններ տեղափոխելը: Երեկ երեկոյան պետք է տեղի ունենային այսպես կոչված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի մասին» բանաձեւի քննարկումն ու քվեարկությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: «Իտալիան ԵՄ անդամ է, ենթադրում եմ, կքվեարկի ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշմանը համապատասխան եւ դա կլինի «ձեռնպահ» քվե», ասաց Բոնիվարը:
Իտալիայի փոխարտգործնախարարը երեկ, Վարդան Օսկանյանից բացի, հանդիպել է Հայաստանի ղեկավարի եւ Ազգային ժողովի նախագահի հետ: Բոնիվարը կարեւորել է հունվարին նախատեսվող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Իտալիա, որը նոր խթան կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Ասուլիսում Օսկանյանն ու Բոնիվարը նշեցին, որ հայ-իտալական հարաբերությունները խորանում են բոլոր առումներովՙ քաղաքական, տնտեսական, մշակութային:
Նկատենք, որ հայ-իտալական տնտեսական եւ առեւտրային կապերը թվային տվյալներով տարեցտարի խորանում են: Այսպես, 2002 թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 49 մլն դոլար, իսկ 2003 թ.ՙ 59 մլն: Ընդլայնվում են նաեւ իտալական ներդրումների ծավալները Հայաստանում: Մասնավորապես «Ռենկո» ընկերությունը մի շարք շենքեր է կառուցել Երեւանի կենտրոնում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ