«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2004-11-20 | #209, 2004-11-23 | #210, 2004-11-24


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ ԱՆԿԱԽ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ

Ըստ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի

Կենտրոնական բանկերը պետք է լինեն անկախ, չենթարկվելով որեւէ քաղաքական ուժի ազդեցության, պիտի իրականացնեն երկարաժամկետ քաղաքականություն, գործեն թափանցիկՙ բացատրելով իրենց վարած քաղաքականությունը: Այդ կերպ կենտրոնական բանկերի քաղաքականությունը կդառնա կանխատեսելի:

Պետական տնտեսագիտական համալսարանում Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի երեկվա հանդիպման թեման մեծապես նվիրված էր վերը նշվածին, ինչպես նաեւ արժութային քաղաքականությանը, փոխարժեքների վարքագծին եւ պետությունների դիրքորոշմանն այդ հարցերի նկատմամբ:

Բավականին ուսանելի դասախոսություն-ելույթում, որ նվիրված էր Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի շրջանառության մեջ մտնելու 11-ամյակին, պրն Սարգսյանը ուսանողական եւ դասախոսական լսարանին ներկայացրեց վերջին տարիներին Հայաստանում սղաճի հետ կապված վարվող քաղաքականությունը եւ հետեւանքները: Ըստ ԿԲ նախագահի, ներկայումս աշխարհում նախընտրելի է ցածր սղաճի քաղաքականությունըՙ ի հակադրություն նախկինում վարվող բարձր սղաճի քաղաքականության: Տիգրան Սարգսյանի խոսքերովՙ ցածր սղաճը տնտեսական բարգավաճման լավագույն վիճակ է, որը հիմնականում կախված է մի շարք գործոններից:

Թե ինչպիսի՞ն են այդ գործոնները, ի՞նչ է սղաճը եւ ինչպիսի՞ գործընթացներ են տեղի ունենում տնտեսության մեջ կապված սղաճի հետՙ Տիգրան Սարգսյանը բացատրեց արդեն զուտ տնտեսագիտական լսարանի համար:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, ապա Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ ԿԲ-ի վրա ազդող առաջին լուրջ գործոնը կառավարությունն է: Ներկայումս ՀՀ կառավարությունը եւ Կենտրոնական բանկը եկել են համաձայնության, ըստ որի Կենտրոնական բանկի գործառնային ծախսերը չի հաստատում Ազգային ժողովը: Այսինքնՙ այդ կերպ Կենտրոնական բանկը կախված չի լինում ԱԺ-ից: Սա կարեւոր է այն առումով, որ Կենտրոնական բանկը հանդես է գալիս ոչ թե որպես պետական ֆունկցիաներով օժտված մարմին, այլ համաշխարհային շուկայում գործում է առեւտրային բանկի կանոններով:

Ի թիվս տարբեր հարցերի, ԿԲ նախագահը պատասխանեց նաեւ հիպոթեկային վարկերին վերաբերող հարցերի: Այս թեման կարեւոր է այնքանով, որ ներկայումս որեւէ գույք ձեռք բերելու նպատակով հիպոթեկային վարկ տրամադրելու պրակտիկան Հայաստանում բավականին տարբերվում է միջազգային պրակտիկայից: Ըստ պրն Սարգսյանի, առաջին հերթին տարբերությունն այն է, որ մեզ մոտ նման վարկերը կարճաժամկետ են, տոկոսադրույքը բարձր, մինչդեռ համաշխարհային պրակտիկայում նման վարկերը տրվում են թեկուզ 30 տարով: Հայաստանում առեւտրային բանկերը չունեն 30 տարվա ռեսուրսներ, դրանով էլ պայմանավորված չեն կարող տրամադրել նման ժամկետներ: Նման ռեսուրսներ կլինեն, եթե բանկերը կարողանան արժեթղթավորել նման վարկերըՙ անհրաժեշտության դեպքում դրանք արժեթղթերի շուկայում վաճառելու հեռանկարով: Եվ որպեսզի ունենանք արժեթղթերի նորմալ շուկա, պետք է նորմալ գործեն ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները եւ այլն:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4