Շվեյցարական «Դինո» ընկերությունը «Կապանի լեռնահարստացման կոմբինատին» տիրանալուց մոտ երկու տարի հետո սնանկացման ճանապարհով ազատվեց անգամ կոմբինատի ձեռք բերած լրիվ արժեքը ՀՀ կառավարությանը վճարելուց: Տնտեսական դատարանը նրան ազատեց 5,5 մլն դոլարի պարտքից, որը նա պարտավորվել էր վճարել բաժնետոմսերի մասնավորեցման որոշումով:
«Կապանի Լեռնահարստացման կոմբինատը» համարվում է Կապան քաղաքի սնուցող երակը եւ քաղաքի բնակչությունն իր սոցիալական վիճակի բարելավման հույսն ուղղակի կապում է կոմբինատի գործունեության հետ: «Այսօր Կապանը ինչ-որ չափով շնչում է կոմբինատի աշխատակիցների շնորհիվ, կոմբինատում արտադրանքի ծավալներն ավելացել են, աշխատավարձի ֆոնդը երկու տարվա ընթացքում 28մլն-ից հասել է 93մլն դրամի», ասում է Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանը:
«Կապանի Լեռնահարստացման կոմբինատը» («Կապանի ԼՀԿ») ներկայումս լուծարման գործընթացում է: ՀՀ տնտեսական դատարանի 2004թ.-ի օգոստոսի 6-ի վճռով «Կապանի ԼՀԿ»-ն սնանկ է ճանաչվել, սակայն այս վիճակը գործազրկությամբ չի սպառնում կապանցիներին: «Սա այն դեպքն է, երբ ինքնասնանկացման ճանապարհով, այսինքնՙ հնուց մնացած պարտքերից ազատվելով, լրջորեն մտածում են առողջանալու մասին: Առավել եւս, որ հումքային ռեսուրսներ բավականին կան, շուկայում արտադրանքըՙ խտանյութ կա, այլ բան է, որ մտածում են վերջնական արտադրանք ստանալ, որը տրանսպորտային ծախսերի լուրջ կրճատում կլինի, մեծ շահույթ կստանան», «Կապանի ԼՀԿ»-ի սնանկացման երեւույթը մեկնաբանում է Սյունիքի մարզպետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանը:
Տեղական պաշտոնյաները դրական են գնահատում կոմբինատի մասնավորեցումը շվեյցարական «Դինո» ընկերությանըՙ նշելով, որ մինչեւ մասնավորեցումը կոմբինատը լիարժեք չէր գործում, զգալի պարտքեր ուներ, տեխնիկան հնացել էր եւ այլն: Հայտնեցին, որ «Կապանի ԼՀԿ»-ում հիմա ավելի շատ մարդ է աշխատում. նախորդ տարիներին կոմբինատում աշխատում էր 750 մարդ, «Դինոյին» անցնելուց հետո աշխատողների թիվը հասավ 1260-ի: Նախկինում միջին աշխատավարձը 23 հազար դրամ էր, հիմաՙ 83 հազար դրամ է: «Կոմբինատում, եթե աշխատում է 1000 մարդ, նշանակում է միջին հաշվով 4000 ընտանիք իր վիճակը բարելավելու հնարավորություն ունի», կապանցիների կյանքում կոմբինատի ունեցած դերն ու նշանակությունն է ներկայացնում Սյունիքի մարզպետի տեղակալը:
Նրանց ասելով, «Կապան ԼՀԿ-ի» ֆինանսական օգնությունը համայնքին դեռեւս մեծ չէ, թերեւս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համեմատությամբ, որը քաղաքապետի ասելով, կառավարության միջնորդությամբ ամեն տարի շուրջ 200-250մլն դրամ է հատկացնում Կապան քաղաքին, որի հաշվին է կատարվում քաղաքի ասֆալտապատումը, ջրամատակարարումը, տանիքների վերանորոգումը եւ այլն: «Կապանի ԼՀԿ»-ն առանձնապես չի կարողանում հիմա օգնել, սակայն լուրջ խոստումներ կան, լուրջ ծրագրերՙ ապագայում օգնելու համար», ասաց Կապանի քաղաքապետը:
Կոմբինատը սնանկացավ, որպեսզի ազատվի պարտատերերից
Հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական դատարանը Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ քննում էր «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի սնանկության գործով պահանջատերերի վերջնական ցուցակը հաստատելու գործը: Պարտատերերից «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշն» ընկերությունը ներկայացրել էր մոտ 6 մլն դոլարի պահանջ, եւ պարտատերերի ցուցակում նա առաջինը պետք է փոխհատուցում ստանա: Նշենք, որ ընդամենը 6 մլն դոլար է գնահատված «Կապանի ԼՀԿ»-ի ողջ շարժական ու անշարժ գույքը, որը դատարանի որոշման արդյունքում ամբողջությամբ կանցնի «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնին»: Ցուցակում ընդգրկված մյուս 9 պարտատերերը կմնան ձեռնունայն: Պարտատերերից «Մակոին Քըմերշըլ Լիմիթեդ» ընկերությունը այս որոշման դեմ հիմնական առարկողն էր, նրան միացան եւս մի քանիսը, չնայած տրամաբանորեն առաջինը փոխհատուցում ստանալու ցանկություն բոլորը պետք է ունենային, հատկապես այն դեպքում, երբ գիտեին, որ «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնից» հետո իրենց ոչինչ չի հասնելու: Սակայն հետաքրքրական էր այն, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ներկայացուցիչը, որին «Կապանի ԼՀԿ»-ն ավելի քան 1մլրդ 6,5մլն դրամի (պարտքի չափը տես աղյուսակում) պարտք ունիՙ դատարանում առարկեց «Մակոին Քըմերշըլ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցչի պահանջի դեմ, բայցեւ իր ներկայացրած հիմնարկության շահերը պաշտպանելու փորձ չարեց: Կապանում այս հարցին բոլորը մեկ պատասխան ունեինՙ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» եւ «Կապան ԼՀԿ-ի» գործադիր տնօրենները եղբայրներ են, հետեւաբար լավ գիտեն իրենց անելիքը:
Կոմբինատը հսկայական պարտքեր ունի նաեւ Կապանի քաղաքապետարանին, որը հատուցելու պահանջը դատարանը բավարարել է 2002թ.-ի սեպտեմբերին, մասնավորեցումից առաջ, սակայն, չգիտես ինչու, կառավարության մասնավորեցման որոշման մեջ այս հիմնարկության պարտքը չի ներառվել: Կապանի փոխքաղաքապետ Նորայր Հարությունյանը տեղեկացրեց, որ «Կապանի ԼՀԿ»-ն Կապանի քաղաքապետարանին մինչեւ 2002թ. պարտք էր 29մլն դրամ, որի համար դատարան դիմեցին: Դատարանի վճռից հետո 6մլն վերադարձրել է, իսկ մնացածի համար հաշտության համաձայնություն են կնքել, որի սահմանած ժամանակացույցով պարտավորվել էին մինչեւ 2003թ. նոյեմբերի 30-ը մարել պարտքը, սակայն դարձյալ չեն կատարել: «Սնանկացման գործով մենք դատարան չենք դիմել, սակայն ընդգրկվել ենք պարտատերերի ցուցակում, եւ դատարանով պետք է պարտքը մարվի», հույս հայտնեց փոխքաղաքապետը: Դատարան չդիմելու պատճառն, ամենայն հավանականությամբ, միայն Կապանի քաղաքապետարանին տված ապագայի խոստումները չեն, Կոմբինատը ներկայումս Կապան քաղաքի ասֆալտապատումն է հովանավորում եւ զանազան այլ ձեռնարկներ: Ֆինանսապես աջակցում է նաեւ «Սյունիք-Զանգեզուր» հիմնադրամին, որը հիմնադրել է Սյունիքի մարզպետարանը:
Մինչեւ մասնավորեցումը Կոմբինատը պարտքեր է կուտակել նաեւ այլ ընկերություններից վերցրած փոխառությունների հաշվինՙ «Մակոին Քմերշըլ Լիմիթեդ», «Դվին» կոնցեռն ՓԲԸ, «Ապագա» ՍՊԸ, «Ասկե Գրուպ» ԲԲԸ:
«Դինո» ընկերությունը լրիվ չի վճարել «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» արժեքը
ՀՀ կառավարությունը 2002թ.-ին «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» 100% բաժնետոմսերը վաճառել է շվեյցարական «Դինո» ընկերությանը: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ կնքած բաժնետոմսերի փոխանցման պայմանագրով (ԲՓՊ) «Դինոն» կոմբինատը ձեռք բերելու դիմաց ՀՀ կառավարությանը պետք է վճարեր 1,25 մլն ԱՄՆ դոլար+պարտքեր: Մասնավորեցման պայմանները որպեսզի կատարվեն եւ մարվեն «Կապան ԼՀԿ»-ի վաճառքի արժեքի մեջ հաշվարկված պարտքերըՙ կոմբինատի բաժնետոմսերը գրավ են դրվել ՀՀ կառավարության մոտՙ մինչեւ պետական հիմնարկ-ձեռնարկություններին ունեցած պարտքերը մարելը: Սակայն, ավելի հեռահար հաշվարկներով, «Դինոն» կանխել է ՀՀ կառավարությանը: Դառնալով սեփականատերՙ «Կապանի ԼՀԿ»-ի ողջ շարժական ու անշարժ գույքը, ինչպես նաեւՙ ձեռք բերված տեխնիկան ու հումքը, որ պարտավոր էին գնել ներդրումային ծրագրով, գրավ են դրել «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշն»-ի մոտՙ նրանց հետ ձեւակերպելով փոխառության գումարի պայմանագրեր:
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գ. Վարդանյանը մեզ տեղեկացնում է, որ «Դինո» ընկերությունը, ըստ հաստատված ժամանակացույցի, կատարել է ստանձնած պարտավորություններըՙ թվարկելով պարտքերից մի քանիսի մարման ժամանակագրությունը:
Փոխնախարարը անտեսում է, որ նախարարության հետ կնքված պայմանագրի 6.1.2 կետով ընկերությանը մատուցված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերը մարելու համար նույնպես ժամանակացույց է ճշտվել, ըստ որիՙ առաջին 1 մլն-ը վճարելուց հետո էլեկտրաէներգիայի դիմաց մնացած պարտքերը պետք է մարվեն 6 տարվա ընթացքումՙ վճարումն սկսելով 2006թ.-ի հունվարի 1-ից («Հայգազարդ» ՓԲԸ-ի պարտքի չափը տես աղյուսակում): Նույն պայմանագրի 6.1.3 կետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին ունեցած պարտքի մարումը պետք է սկսվեր 2005թ.-ի հունվարի 1-ից (պարտքի չափը տես աղյուսակում): Փոխնախարարը տեղեկացնում է, որ «Դինոն» կատարել է նաեւ ներկայացրած ներդրումային ծրագիրըՙ չպարզաբանելովՙ ո՞ւմ հաշվին:
Նշենք, որ կոմբինատը վաճառվել է շվեյցարական «Դինո» ընկերությանըՙ հաշվի առնելով, որ բավարար ֆինանսական ռեսուրսներ ունիՙ ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրն իրականացնելու համար: Սակայն հիմա պարզվում է, որ այդ ամենը «Դինոն» կատարել է «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշն»-ի գումարներով եւ պարտք է մնացել նրան: Ռեյնջբուրգի ներկայացուցիչ Արտաշես Կակոյանը համաձայն չէր «Մակոին Քմերշըլ Լիմիթեդ», ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի դատարանում տված այն որակմանը, որ «Դինո» ՍՊԸ-ի, «Կապանի ԼՀԿ»-ի եւ «Ռեյնջբուրգի» միջեւ կնքված եռակողմ փոխառության պայմանագրերը շինծու են, սակայն փաստերը միայն այդ են հաստատում:
Այսպես, կոմբինատը «Դինոյին» հանձնվել է 2002թ.-ի դեկտեմբերի 6-ին: «Դինոյի», «Կոմբինատի» եւ Բելիզի հանրապետությունում գրանցված «Ռեյնջբուրգի» միջեւ եռակողմ պայմանագիրը կնքվել է 20.12.02թ.-ին, համաձայն որի «Ռեյնջբուրգը» կոմբինատին պետք է փոխանցեր 1մլն 800հազար ԱՄՆ դոլար: Մինչդեռ «Ռեյնջբուրգի» եւ կոմբինատի փոխադարձ հաշվարկների ակտում փոխառության գումարով առաջին 1մլն դոլարի փոխանցումը, որով կոմբինատը էլեկտրաէներգիայի պարտքն է մարել, կատարվել է 28.11.02թ.-ին, երբ դեռեւս կոմբինատը մասնավորեցված չէր «Դինոյին»: «Ռեյնջբուրգը» դատարանին ներկայացրել է մոտ 6մլն դոլարի պահանջ: 26.01.04թ.-ին կնքել են նոր պայմանագիր, ըստ որի 6մլն ԱՄՆ դոլարի դիմաց են գրավադրել Կոմբինատի գույքը: Ստացվում է, որ «Ռեյնջբուրգն» ու կոմբինատը կնքել են 1մլն 800հազար ԱՄՆ դոլարի պայմանագիր, սակայն «Ռեյնջբուրգը» պայմանավորվածից 4մլն. դոլար ավել է փոխանցել:
«Մակոին Քմերշըլ Լիմիթեդ», ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի համոզմամբ, փոխառության պայմանագրերով կողմերը ցանկացել են քողարկել ՀՀ կառավարության 1859-Ա որոշմամբ ու Բաժնեմասերի փոխանցման պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումըՙ ներդրումների եւ վճարումներ կատարելու գործարքները, ուստի դատարանը նշված գործարքները եւ դրանց հիման վրա գումարների ներդրումը եւ վճարումը պետք է դիտի ԲՓՊ-ի, որպես կառավարության ստանձնած պարտավորության կատարում, այլ ոչ թե որոշմամբ չնախատեսված փոխառության պայմանագրեր:
Արա Զոհրաբյանը դատարանին առարկություն ներկայացրեց նաեւ գրավի պայմանագրերի օրինականության վերաբերյալՙ նշելով, որ դրանցից եւ ոչ մեկում չի պահպանվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի կանոնները, պայմանագրերում բացակայում ենՙ
1. պայմանագրի կողմերի գտնվելու վայրերը,
2. գրավով ապահովված պարտավորության չափը,
3. գրավով ապահովված պարտավորության կատարման ժամկետը:
Հետեւաբար, գրավի պայմանագրերն անվավեր են, իսկ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետեւանքների: «Ռեյնջբուրգի» ներկայացուցիչը մատնանշված խախտումները համարեց ոչ էական, սակայն դատաքննության ընթացքում նոտարիատում շտկեց իր հակառակորդի մատնանշած գրավի պայմանագրի թերությունները: «Կապանի ԼՀԿ»-ի անվճարունակության գործով կառավարիչ Ա. Չիտչյանը «Մակոին Քըմերշըլ Լիմիթեդ» ընկերության ներկայացուցչի հարցին պատասխանելով հայտնեց, որ «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնը» իր թույլտվությամբ է գրավի պայմանագրի լրացում կնքել եւ նոտարական վավերացում տվել: Դատարանը հետին թվով արված այդ շտկումները օրինական համարեց եւ դրանով հնարավորություն տվեց, որ «Ռեյնջբուրգ էնթրփրայզիս Քորփորեյշնը» դառնա «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի սեփականատերը, քանի որ դատարան ներկայացրած փաստաթղթով նա կոմբինատին տված փոխառության գումարի դիմաց գրավադրել է «Կապանի ԼՀԿ»-ի ողջ ունեցվածքը:
«Դինո» ընկերության վերցրած պարտքն էն պարտքը չի»
«Կապանի ԼՀԿ»-ի գործադիր տնօրեն Մարտին Հակոբյանը իմ Կապան հասնելուց մեկ ժամ առաջ, կեղծ պատճառաբանություններով, դրժեց մեր հանդիպման պայմանավորվածությունը, իսկ հաջորդ օրն անջատեց հեռախոսըՙ խզելով կապը շրջապատի հետ, մինչեւ Կապանից իմ հեռանալը: Փոխարենն ինձ ընդունեցին աշխատակազմի ղեկավար Արթուր Հակոբյանը եւ իրավաբանը, որը թեպետ Երեւանում իրեն իրավասու չէր համարում լրագրողիս հարցերին պատասխանելու համար, սակայն կոմբինատում ջանում էր աշխատակազմի ղեկավարից առաջ պատասխանել հարցերին, ընդ որումՙ կարեւոր չէրՙ ասելիքը ճշմարտություն էր, թե՞ հերթական..:
Կոմբինատը, ինչպես նրանք էին ասում, լուծարման գործընթացում էր, սակայն դա ոչնչով չէր ազդել աշխատանքային բնականոն ռիթմի վրա: «Կոմբինատն զբաղվում է հանքաքարի արդյունահանմամբ, որից ստանում ենք պղինձ, ցինկ, արծաթ, ոսկի, որն էլ արտահանվում է արտասահմանյան երկրներՙ Բելգիա, Չինաստան եւ այլուր: Երկու տարի է նոր հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանք ենք կատարում, քանի որ մեր նախկին երկու հանքավայրերն արդեն սպառվել են», ասաց աշխատակազմի ղեկավարը: Ցույց տվեցին վարչական շենքում ընթացող վերանորոգման, բարեկարգման աշխատանքները, որոնք նպատակաուղղված են նաեւ բանվորների աշխատանքային պայմանների բարելավմանը:
«Կոմբինատը մինչեւ «Դինոյին» հանձնելը ունեինք 2 հանքՙ Շահումյանի անվան հանքավայրի հանքաքարն ավելի հարուստ է եւ ոսկին ու արծաթը այստեղից են արտահանում: Այն, 2002թ.-ին է շահագործվել եւ այդ տարի 80 հազար տոննա հանքաքար է արդյունահանվել, 03թ.-ինՙ 259 հազար տ., այս տարի արդեն 268 հազար տ. հանքաքար է արդյունահանվել», կոմբինատի առաջընթացն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարը: Տեղացիների հետ միասին այստեղ իրենց բնականոն աշխատանքն էին շարունակում շվեյցարացիները թե՛ արտադրական, թե՛ վարչական բաժիններում: Ակնհայտ էր, որ ո՛չ կոմբինատի վարչական կազմը, ո՛չ Կապանի իշխանություններն անհանգստացած չէին, թե ինչպիսին կլինի իրենց փոխհարաբերությունները «Կապանի ԼՀԿ»-ի նոր սեփականատերերի հետ, որը դատելով սնանկացման գործընթացից, անխուսափելի է:
Պատասխանելով իմ այն հարցին, որ սնանկացման վարույթի համաձայն նրանց ողջ գույքն անցնում է «Ռեյնջբուրգին», այդ թվում նաեւ տեխնիկան եւ հումքը, ինչպե՞ս է իր գործունեությունը շարունակելու Կոմբինատը, Ա. Հակոբյանը անկեղծացավՙ «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս Քորփորեյշն»-ից «Դինո» ընկերության վերցրած պարտքերն էն պարտքը չի, մի քիչ տարբերություն կա»: Ապա նույն հանգիստ տոնով շարունակեց. «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս Քորփորեյշնը», բնականաբար, «Կապան ԼՀԿ»-ի տերը կդառնա, դատարանը կորոշի եւ կոմբինատն ամեն ինչով կանցնի նրան»:
Կարող ե՞ք համոզել, որ մեկը այդքան հանգիստ ու անվրդով կամովին հրաժարվի ոսկու, արծաթի, ցինկի, պղնձի եւ այլ թանկարժեք մետաղների հանքանյութից, ինչպես փորձում է համոզել «Դինո» ՍՊԸ-ն, որը ոչինչ չի ձեռնարկում իր սեփականությունը պաշտպանելու համար, անգամ ներկայացուցիչ չուներ դատարանում: Կասկածելի չէ՞ «Դինոյի» հանգստությունը, որը չի ընդդիմանում, երբ կոմբինատն անցնում է «Ռեյնջբուրգին», ինչպես մյուս պարտապաններն են դա անում, այլՙ ամեն ինչ անում է, որպեսզի արագացնի «Կապանի ԼՀԿ»-ի լուծարման գործընթացը, բայցեւ միաժամանակ վերազինում է, վերանորոգում կոմբինատը, նոր հանքավայրի շահագործման նախապատրաստության մեջ է: «Ռեյնջբուրգը», եթե նույն ինքը «Դինոն» չի, ապա ինչո՞ւ է «Դինոն» պատրաստ կամովին մեկ ուրիշին զիջել ոսկու հանքը: Եթե ուսումնասիրված չէր, որ «Դինո» ՍՊԸ-ն բավարար ռեսուրսներ չուներ նման մեծ արտադրություն կազմակերպելու համար, ապա ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը թանկարժեք մետաղների հանքանյութի շահագործումը հանձնեց նրան եւ հետաքրքրված չի, թե շահույթ ունեցող «Կապանի ԼՀԿ»-ն ինչո՞ւ է սնանկանում չվճարելով անգամ կոմբինատի լրիվ արժեքը: Որտե՞ղ է «Դինոյի» ներդրումը, եթե հումքը, տեխնիկան ձեռք է բերել «Ռեյնջբուրգ Էնթերփրայզիս Քորփորեյշն»-ից վերցրած փոխառության գումարով, եթե անգամ պարտավորություններըՙ էլեկտրաէներգիայի, սոցապ հիմնադրամի, աշխատավարձերի պարտքերը մարել է փոխառության գումարներով:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, www.hetq.am