Յարգելի խմբագրութիւն «Ազգ» օրաթերթի,
Ապշանքով կարդացի ձեր թերթի շաբաթ, նոյեմբեր 13, 2004-ի համարին մէջ լոյս տեսած «Եասէր Արաֆաթ. Պայքարում ենք, որպէսզի աշխարհը, ինչպէս հայերին, մեզ չմոռանայ» խորագրով յօդուածը (Համօ Մոսկոֆեանի գրիչով), որու ենթախորագիրը, նոյնքան ապշեցուցիչ, նուաստիս համար յայտնութիւն մըն էր, որովհետեւ ըստ յօդուածագրինՙ Արաֆաթ «հայ նորագոյն ազգային-ազատագրական պայքարի նախաձեռնողներից մէկն» է եղեր...
Ուսումիս եւ ասպարէզիս բերումով, աւելի քան 30 տարիէ ի վեր կը հետեւիմ հայ կեանքին: Իբրեւ դաշնակցական լրագրող, շատ մօտէն հետեւած եմ Հայ դատի ի նպաստ տարուած աշխատանքներուն եւ երբեք չէի հանդիպած Եասէր Արաֆաթ անունինՙ իբրեւ հայ նորագոյն ազգային-ազատագրական պայքարը նախաձեռնողի... Ըսուածը տակաւին «մարսելի» կÿըլլար (թերե՜ւս...) եթէ յօդուածագիրը գործածած ըլլար «նպաստած», «օժանդակած» կամ նման միտք արտայայտող այլ բառ մը: Սակայն... «նախաձեռնող», քիչ մը շատ է եւ տողատակի անգիտութիւն մը կը մատնէ:
Խորապէս յարգելով հանդերձ Արաֆաթի գլխաւորած շարժումը, պէտք է նշեմ, որ վերոնշեալ յօդուածը, իր պարունակած պատմական անճշդութիւններով, արջու ծառայութիւն կը մատուցանէ պաղեստինցի ժողովուրդի արդար դատին:
Այսպէս, առաջին.- Արաֆաթի գլխաւորած «Ֆաթհ» շարժումը հիմնուած է 1964-ին եւ ոչ թէ 1965-ին: «Ֆաթհ»-ը եւ Պաղեստինի ազատագրութեան կազմակերպութիւնը (ՊԱԿ) տարբեր բաներ են. «Ֆաթհ»-ը միայն մէկն է ՊԱԿ-ի մաս կազմող բազմաթիւ կազմակերպութիւններէն:
Երկրորդ, 4-րդ պարբերութեան այն բաժինը, ուր կը խօսուի հայ եւ պաղեստինցի ֆետայիներու որմազդներու մասին, զետեղուած է հիմնովին սխալ պարունակի մէջ: Այդ որմազդը, որու վրայ կÿերեւէին Սեբաստացի Մուրատը եւ պաղեստինցի ֆետայի մը, ճիշդ է, հրապարակուեցաւ 1968-ին, սակայն ոչ մէկ կապ ունէր երկու հայ լրագրողներու «պատմական առաքելութեան» հետ: Որմազդը նախաձեռնութիւնն էր ՀՅԴաշնակցութեան «Զաւարեան» ուսանողական միութեան, մինչդեռ յօդուածագիրը որմազդը «նուիրուած» կը համարէ այդ «պատմական» առաքելութեան: Աւելորդ է ըսել, որ խնդրոյ առարկայ երկու հայ լրագրողները ոչ մէկ կապ ունէին ՀՅԴ «Զաւարեան» ուսանողական միութեան հետ: Կամ, թերեւս աւելի ճիշդ է ըսելՙ խոտոր համեմատող կապ ունէին...
Երրորդ.- Յաջորդ պարբերութիւնը դարձեալ կը սկսի սխալով: Յորդանանի Հիւսէյն թագաւորի եւ պաղեստինեան ուժերու ակնարկուած բախումը 1969-ին չէր, այլՙ 1970-ի աշնան, սեպտեմբերին: Ատոր հետեւութեամբ էր նաեւ, որ հետագային ստեղծուեցաւ «Սեւ սեպտեմբեր» կազմակերպութիւնը, գլխաւորութեամբ Ալի Հասան Սալամէի, հեղինակը Միւնիխի Ողիմպիականի ծանօթ արիւնալի գործողութեան:
Չորրորդ.- «Նոյն օրերին», կÿըսէ յօդուածագիրը, «պաղեստինցիները կորցրեցին իրենց եւ արաբ ժողովրդի ազգայնական շարժման ռահվիրա, Եգիպտոսի նախագահ Կամալ Ապտըլ Նասէրին»: Դարձեալ պատմական անճշդութիւն: Նասէր մահացաւ 1970-ի աշնան, Յորդանանի ծանօթ արիւնալի բախումներէն ետք Գահիրէի մէջ կայացած Հիւսէյն-Արաֆաթ «հաշտեցումէն» անմիջապէս ետք:
Հինգերորդ (շիլաշփոթի գլուխ գործոց մըն ալ այս).- Յաջորդ պարբերութեան մէջ կ՛ըսուի, թէ ամերիկեան հետախուզութիւնը («թիկունքից հարուածելու համար Յորդանան զրահատանկային ուժեր ուղարկած սիրիական օգնութիւնը») կազմակերպեց Հաֆէզ Ասատի ռազմական յեղաշրջումը Սուրիոյ մէջ, որուն պատճառով Արաֆաթ ծանր պարտութիւն կրեց Յորդանանի մէջ եւ այլն:
Ուրեմն, «բանից դուրս կը գայ», որ ամերիկեան հետախուզութիւնը, «ծանր պարտութեան մատնելու համար» Արաֆաթը, Սուրիոյ մէջ կազմակերպած է Հաֆէզ Ասատի «ռազմական յեղաշրջումը»... Տարբեր խօսքով, Հաֆէզ Ասատ ուրիշ մէկը չէ, եթէ ոչ... ամերիկեան հետախուզութեան գործակալը... Ասկէ աւելի ծիծաղելի բան դժուար է երեւակայել Մ. Արեւելքի իրադարձութիւններուն քիչ-շատ ծանօթ ոեւէ մէկուն համար:
Ճիշդ է, Յորդանանի մէջ տեղի ունեցող ծանր կռիւներուն, պաղեստինցիներուն օժանդակելու համար, սուրիական զօրասիւն մը ուղղուեցաւ դէպի հարաւ, սակայն ծանր հարուած ստանալով, ընկրկեցաւ: Բանը-բանէն անցնելէ ետք էր միայն, երկու ամիս ետք, նոյեմբերին, որ Սուրիոյ մէջ իշխանութեան ղեկը ձեռք առաւ Հաֆէզ Ասատ եւ այն ալՙ առանց արիւնալի միջոցներու: Եղածը խաղաղ յեղաշրջում մըն էր, որ Սուրիոյ Պաաս կուսակցութեան քաղաքական բառամթերքին մէջ կը կոչուի «Սրբագրումի շարժում» (հարաքէթ՛թասհիհիէ):
Անհեթեթ բացարձակապաշտութեան այլ օրինակ մըն է այն «յիշեցում»-ը, որ առանց Արաֆաթի եւ միւսներու (անունները կու տայ յօդուածագիրը) «ռազմական, նիւթական, բարոյական օժանդակութեան, անկարելի էր հայ ժողովրդի եւ Թուրքիայի տառապեալ ժողովուրդների արդար դատերը վերստին համաշխարհային պահանջատիրութեան սեղանին վերադարձնել»... Վիճիլը աւելորդ կը գտնենք, որովհետեւ այն ակը, ուրկէ ջուր կը խմէ Համօ Մոսկոֆեան, շատերու յայտնի է:
Մեր կարծիքով, «Ազգ»-ի խմբագիրը եւս քաջածանօթ է Մ. Արեւելեան իրադարձութիւններուն, տրուած ըլլալով, որ ծնած, ապրած եւ իբրեւ խմբագիր գործած է Պէյրութի մէջ: Հետեւաբար, ան պէտք չէ թոյլատրէր նման մակերեսային վերլուծումներ կամ պատմական աղաղակող անճշդութիւններ «Ազգ»-ի էջերուն մէջ:
ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ, Խմբագիր «Ասպարէզ»ի, Կլէնտէյլ, Մ. Նահանգներ, editor@asbarez.com
Խմբագրության կողմից
Հրատարակելով ՀՅԴ Կալիֆոռնիայի պաշտոնաթերթ «Ասպարէզ» օրաթերթի խմբագիր, պատմաբան Վաչե Բրուտյանի այս նամակը, նպատակ ունենք, առաջինՙ հարգել մեր թերթի կարեւոր դրույթներից բազմակարծությունը, երկրորդՙ նամակագրի իսկ օժանդակությամբ ճշգրտել պատմական մի շարք սխալներ, որոնք իսկապես տեղ էին գտել հրատարակած վերոհիշյալ հոդվածում եւ, երրորդՙ վերարծարծել սփյուռքում հայկական նորագույն զինյալ հակաթուրքական պայքարում Պաղեստինի ազատագրական կազմակերպության (ՊԱԿ) եւ անձամբ նրա առաջնորդների ու հատկապես Յասեր Արաֆաթի դերը:
Սկսենք հենց այս վերջինից: Գուցե նամակագիրն իրավունք ունի առարկելու Հ. Մոսկոֆյանի հոդվածի վերնագրում Արաֆաթի համար գործածված «նախաձեռնողներից մեկը» ձեւակերպմանը, թերեւս ավելի ճշգրիտ կլիներ, ինչպես նամակագիրն է գրում, «օժանդակողներից մեկն» արտահայտությունը: Սակայն, պետք է նշել, մեզ էլ ապշեցրեց պրն Բրուտյանի այն խոստովանությունը, թե «երբեք չէի հանդիպած Յասեր Արաֆաթ անունինՙ իբրեւ հայ նորագույն ազգային-ազատագրական պայքարը նախաձեռնողի»: Դա բոլորին հայտնի եւ հասկանալի «գաղտնիք» էր դեռեւս հայկական զինյալ պայքարի սկզբնական շրջանում եւ այդ մասին ակնարկություններ թե հիշատակություններ շատ կան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) նախկին մարտիկների հրատարակած տարբեր հուշագրություններում: Այդ մասին տեղեկություններ կան նաեւ ԱՍԱԼԱ-ի զինյալ գործունեության ուսումնասիրմամբ զբաղված օտարերկրյա պատմաբանների աշխատություններում, նրանց հրատարակած տարբեր տեղեկագրերում:
«Վերոնշյալ յօդուածը, իր պարունակած պատմական անճշտութիւններով, արջու ծառայութիւն կը մատուցանէ պաղեստինցի ժողովուրդի արդար դատին», գրում է նամակագիրը ու եւս առավել ապշեցնում մեզ: Մի՞թե «արջու ծառայութիւն» է պաղեստինցի ժողովրդի արդար դատի համար նշելը, որ իրՙ այժմ հանգուցյալ առաջնորդն ինչ-ինչ առնչություններ է ունեցել ոչ միայն հայկական զինված պայքարին, այլեւ տարբեր ժողովուրդների համանման շարժումների կազմակերպման հետ: Բոլորին հայտնի է, որ Յասեր Արաֆաթն ու իր զինակիցները ոգեշնչողն են եղել եթե ոչ ֆինանսապես, ապա կազմակերպականորեն, տեղեկատվությամբ եւ մարզումային հարմարությունների տրամադրմամբ օժանդակողը 70-ական թթ. Միջին Արեւելքում եւ աշխարհի այլ մասերում հորձանք առած ազատագրական շարժումներին, որոնց մի մասը, ինչպես հայկականի պարագայում, մեջը լինելով նաեւ ՀՅԴ-ի հովանավորած եւ ԱՍԱԼԱ-ի մրցակից «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները», 80-ական թթ. վերածվեցին ինքնանպատակ կառույցների:
Համենայն դեպս, մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջ նամակի համար եւ այս առիթով շեշտում ենք, հայ նորագույն զինյալ պայքարի պատմությունը գիտականորեն ուսումնասիրելու, ազատագրական տարբեր կազմակերպությունների, տարբեր երկրների հետախուզությունների հետ նրա առնչությունները հետազոտելու կարեւորությունը:
«ԱԶԳ»