Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Երեկ ավելի քան երեք հազար երիտասարդներ խաղաղ երթ էին կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` կապված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի դատաքննության մեկնարկի հետ: Ըստ կազմակերպիչների` երիտասարդությունը հասկանում է, որ Գուրգեն Մարգարյանը ցեղասպանության զոհ է, այդ պատճառով էլ երթն ուղղվեց դեպի Եղեռնի զոհերի հիշատակի կոթող:
«Դատավարության ընթացքն անտարբեր չի կարող թողնել եւ չպետք է թողնի ոչ մի հայի: Հայկական բանակի սպան աննախադեպ սպանդի զոհ է դարձել ազգային պատկանելության պատճառով, Թուրքիայում հատուկ հրահանգավորում ստացած ադրբեջանցի եղեռնագործի կացինն ուղղված է եղել յուրաքանչյուր հայի, համահայկական պահանջատիրության, պատմական արդարության դեմ, գրված է «Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության տարածած կոչում: Ադրբեջանի իշխանությունները գործված ոճրի քստմնելիությունը գիտակցելու եւ ընդունելու, ներողամտություն հայցելու փոխարեն, ամեն կերպ փորձում են արդարացնել հանցագործին»:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը կարեւորեց հենց երիտասարդների մասնակցությունն այս ծրագրին: «Մեզանում այժմ կարծես քնած վիճակ է, մեր դիվանագիտությունը համարժեք պատասխան չի տալիս, հասարակությունն էլ մի տեսակ անտարբեր կեցվածք է որդեգրել, ասաց նա: Իսկ երթը ցույց տվեց, որ երիտասարդությունն իրեն ազգային գաղափարների եւ խնդիրների տեր է զգում»: Լեւոն Անանյանը նշում է, որ 1915-ի ցեղասպանությունը համարժեք գնահատական ժամանակին չստացավ, եւ արդեն իննսուն տարի ամեն կերպ փորձում ենք աշխարհի ուշադրությունը պատմական իրողությունների վրա սեւեռել: Այսօր, երբ վանդալիզմի եւս մի ակցիա իրականացվեց Եվրոպայի սրտում, ժամանակ կորցնել չի կարելի: «Ժամանակները փոխվում են, բայց թուրքն իր տեսակը չի փոխում, հոգով մնում է նույն վանդալը, նույն ցինիկը, նույն կեղծարարը: Ադրբեջանը, ի պաշտպանություն հանցագործի, որոշակի միջոցառումներ է իրականացնում, սա Օսմանյան Թուրքիայի նույն ձեռագիրն է», ասում է մտավորականը:
Երիտասարդները հանրապետության տարբեր բուհերից խումբ-խումբ հավաքվեցին Թամանյանի արձանի մոտ եւ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ճանապարհին երթի մասնակիցները կանգ առան Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատների առջեւ: «Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Ասատրյանը միջոցառման ծավալներից գոհ չէր: «Շատ քչերն էին եկել, կային մարդիկ, որոնք պրոբլեմներ առաջացրին եւ թույլ չտվեցին, որ դպրոցականները մասնակցեն երթին, ասաց նա: Թե դա ինչ հիմք ուներ, գուցե ժամանակը ցույց կտա: Մենք այդ մարդկանց ազգի դավաճաններ ենք համարում, այդ մարդիկ նրանց կողմից են»: Պրն Ասատրյանը չցանկացավ կոնկրետ մարդկանց անուններ տալ, միայն ասաց, որ դրանք դպրոցները համակարգող կառույցներ են:
Նա հավաստիացրեց, որ վերսկսվող դատավարության ողջ ընթացքում իրենք տեղեկություններ կստանան Բուդապեշտից եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ կկազմակերպեն: Լեւոն Անանյանն էլ գտնում է, որ ակցիան անպայման պետք է շարունակական լինի եւ պետք է արձագանք ունենա դրսի աշխարհում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ