Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 6-րդ տուրն այնքան էլ հաջող չէր առաջատարների համար: Նրանցից մեկըՙ ռուսաստանցի Ալեքսանդր Եվդոկիմովը սեւերով պարտվեց Կարեն Ասրյանին: Մյուս երկու առաջատարներիՙ Զվիադ Իզորիայի եւ Վասիլի Իվանչուկի միջեւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այս արդյունքները հնարավորություն ընձեռեցին մրցաշարի մասնակիցներից չորսին վաստակած միավորներով (5-ական) հավասարվել Իզորիային եւ Իվանչուկին: Առաջատարների թվում ընդգրկվեց Կարեն Ասրյանը, որն, ինչպես վերը նշեցինք, հաղթանակ տոնեց: Հաջողության հասավ նաեւ Դմիտրի Ֆրոլյանովըՙ պարտության մատնելով Արեշչենկոյին: Լիտվացի Սարունաս Սուրսկիսն էլ առավելության հասնելով Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանի նկատմամբ, եւս վաստակեց 5 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Պավել Սմիռնովը, որը պարտության մատնեց Կոնստանտին Խանավային:
9 շախմատիստներ վաստակել են 4,5-ական միավոր: Նրանց թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Աշոտ Անաստասյանը, Արման Փաշիկյանը, Բենիամին Գալստյանը, Տիգրան Նալբանդյանն ու Նելլի Աղինյանը: Անաստասյանը ոչ-ոքի խաղաց Ասաուսկասի հետ: Գալստյանը հաղթեց Մչեդլիշվիլուն, Նալբանդյանըՙ Սուլաշվիլուն, Աղինյանըՙ Գելերին, Փաշիկյանըՙ Լիլիթ Գալոյանին: Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեց Տիգրան Քոթանջյանի հետ եւ վաստակեց 4 միավոր: Նույնպիսի արդյունք ունի նաեւ Արտաշես Մինասյանը, որը ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Արթուր Չիբուխչյանի հետ: Երկու անընդմեջ պարտություններից հետո Հրանտ Մելքումյանը կես միավոր վաստակեց Արամ Մինասյանի հետ անցկացրած պարտիայում:
Հուշամրցաշարի ավարտին մնաց երեք տուր: Անկասկած, ավարտական տուրերն աչքի կընկնեն պայքարի արտակարգ լարվածությամբ: Վերջնագծում միավորի ցանկացած կորուստ կարող է ճակատագրական լինել մասնակիցների համար: Հիշեցնենք, որ մրցաշարի 35 հազար դոլար ընդհանուր մրցանակային հիմնադրամը բաժանվելու է լավագույն արդյունք ունեցող 30 մասնակիցների միջեւ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ