«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2004-11-23 | #210, 2004-11-24 | #211, 2004-11-25


ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՀԵՍՏԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՀՊԱՆԵԼ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Տնտեսագետ ուսանողներին հավաստիացրեց Կենտրոնական բանկի նախագահը

Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների երեկվա հյուրն էր Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա դասախոսությունը նվիրված էր սղաճին եւ Կենտրոնական բանկի մոնետար քաղաքականությանը:

ԿԲ նախագահը գների վրա ազդող գործոններից առանձնացրեց երեքըՙ բնակչության սպասումները, տնտեսության ցիկլերը եւ շոկերը: Ըստ Տիգրան Սարգսյանի, Կենտրոնական բանկը պետք է գնահատի բնակչության սպասումները եւ նրա գործունեությունը պետք է պարզ ու հասկանալի լինի քաղաքացիների, բանկերի եւ գործարարների համար: Այդ դեպքում վերջիններս համահունչ կդարձնեն իրենց գործունեությունը ԿԲ քաղաքականությանը: Այդ քաղաքականությունը ենթադրում է համախառն ներքին արդյունքի աճին համապատասխան դրամական զանգվածի ապահովում, որպեսզի հնարավոր լինի պահպանել ծրագրված 3 տոկոսանոց սղաճը:

Երկրորդ կարեւոր գործոնը տնտեսական ցիկլերն են: ԿԲ նախագահի հավաստիացմամբ, կանխատեսել միջազգային արժույթների փոխարժեքների տատանումներն անհնար է, քանի որ դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները բազմաթիվ են: Այդ մասին են հայտարարում ինչպես ԱՄՆ, այնպես էլ Եվրոմիության կենտրոնական բանկերի ղեկավարները: Հետեւաբար, հնարավոր չէ միաժամանակ կանխատեսել ու կառավարել փոխարժեքը եւ ապահովել գների ցածր մակարդակ: Այն երկրները, որոնք դա փորձում են իրականացնել, հաջողության չեն հասնում: Տիգրան Սարգսյանը բերեց Ռուսաստանի օրինակը, որտեղ այդ քաղաքականությունը չհաջողվեց եւ այժմ վեճեր են գնում, թե ինչին նախապատվություն տալ: Նրա համոզմամբ, այն տեսակետը, թե բարձր սղաճով հնարավոր է տնտեսական աճ ապահովել, ոչ միայն իրական չէ, այլեւ շատ վտանգավոր, քանի որ դա խաթարում է տնտեսական համամասնությունները: Հայաստանն ընտրել է ցածր սղաճային քաղաքականությունը «լողացող» փոխարժեքի պայմաններում: Իրական փոխարժեքը պետք է ձեւավորվի շուկայում, առանց արհեստական տնտեսական միջամտությունների եւ արտացոլի տնտեսության իրական վիճակը: Եթե երկիրն ունի 10 տոկոսի կայուն տնտեսական աճ, ապա դրամի արժեւորումն անխուսափելի է: Վերջինս էլ իր հերթին նպաստավոր է նոր տեխնոլոգիաներ ներմուծելու եւ հեռանկարային արտահանման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների զարգացման համար:

Շուկայի վրա էական ազդեցություն ունեցող երրորդ գործոնը շոկերն են, որոնք դրսեւորվում են ճգնաժամերի եւ դեֆոլտների ձեւով: Երբ խախտվում են տնտեսական համամասնությունները, ապա իրավիճակը շտկվում է հենց վերոնշյալ ձեւով: Դրան դիմակայելու լավագույն գործիքն, ըստ ԿԲ նախագահի, կոշտ դրամավարկային քաղաքականությունն է: Այն ապահովում է նվազ տատանումները ֆինանսական շուկայում: Հայաստանում դրամավարկային քաղաքականության կարեւոր մասերից է դոլարիզացիայի եւ եվրոյիզացիայի դեմ պայքարելը: Այդ պայքարի լավագույն դրսեւորումը դրամի արժեւորումն է, որը խրախուսում է մեր քաղաքացիներին խնայողությունները դրամով պահել: Արհեստականորեն դոլարի փոխարժեքը բարձր պահպանելը շատ ծանր հետեւանքներ կունենա տնտեսության համար, որը կշտկվի միայն ավելի մեծ ճգնաժամի միջոցով: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհում դոլարի կուրսը անկում է ապրում, ինչը պայմանավորված է ԱՄՆ իրականացված քաղաքականությամբ, անհեթեթ կլինի, եթե Հայաստանը դառնա մի կղզյակ, որտեղ արհեստականորեն պահպանվի դոլարի փոխարժեքը: Բացի այլ բացասական հետեւանքներից, սա նախեւառաջ հարվածելու է բնակչության 43 տոկոս կազմող աղքատ խավին, որի եկամուտները դրամային են եւ որոնք դրամի արժեզրկման պարագայում ավելի ցածր գնողականություն կունենան: Եվ ընդհակառակը, դրամի արժեւորումը նրանց եւ դրամային եկամուտներ ունեցողների օգտին է:

Կենտրոնական բանկի նախագահի դասախոսությանը հաջորդեցին ուսանողների հարցերը, որից հետո ֆակուլտետի լավագույն ուսանողներին հանձնվեցին ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակ: 6 ամսում ամսական 50 հազար դրամ կրթաթոշակին արժանացան Հովհաննես Թորոյանն ու Հրանտ Հարությունյանը: Իսկ մրցույթին մասնակցած մյուս երեք ուսանողները, ինչպես նաեւ ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը պարգեւատրվեցին ԿԲ հուշամեդալներով:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4