«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2004-11-24 | #211, 2004-11-25 | #212, 2004-11-26


ՆՈՐ ՓԱՍՏԱՐԿ, ԹԵ ԻՆՉՈՒ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

Ղարաբաղի հայերն աշխարհին անընդհատ հիշեցնում են, որ ադրբեջանցիներն այնքան են չարաշահել իրենց իրավունքները եւ այնքան երկար ժամանակ, որ այլեւս հնարավոր չէ վերադառնալ Ադրբեջանի իշխանության տակ ապրելու նախկին վիճակին: Հայերն ընդհանրապես փաստագրական ապացույցներ են բերում, թե ինչպես խորհրդային տարիներին իրենց տարրական իրավունքները ոտնահարվում էին: Բայց այս բոլոր փաստարկները, ցավոք, ուշադրության չեն արժանացնում աշխարհի անտարբեր ղեկավարները, որոնք առավել շահագրգռված են կասպիական նավթով, քան հայկական արյամբ:

Անցյալ շաբաթ Բաքվի օդանավակայանում տեղի ունեցած սկանդալային միջադեպը վառ ապացույց է, որ հայերի պնդումները ճիշտ են: Բուլղարիայի ամենախոշոր օրաթերթերից «24 ժամի» սպորտային էջի խմբագիր, հայտնի լրագրող Էդուարդ Փափազյանին, բացառապես հայկական ազգանուն ունենալու «մեղքով» չի թույլատրվել մուտք գործել Ադրբեջանՙ մեկնաբանելու բուլղարական եւ ադրբեջանական ֆուտբոլային խաղը, հակառակ որ թիմին ընկերակցողների ցուցակը ժամանակին ուղարկված է եղել ադրբեջանական կառավարությանը: Սահմանային պահակախումբը նրան ասել է, որ բոլոր հայերի մուտքն Ադրբեջան արգելված է, որովհետեւ հնարավոր չէ երաշխավորել նրանց անվտանգությունը Ղարաբաղի շուրջ ծավալված հակամարտության պատճառով:

Բաքվում իրենց դեսպանատան միջոցով բուլղարական կողմն ամեն ջանք գործադրել է ապահովելու Փափազյանի մուտքն Ադրբեջան: Լրագրողի արտաքսումը խտրականության դրսեւորում լինելուց բացի, նաեւ վիրավորական էր Բուլղարիայի համար: Բուլղարիայի արտգործնախարարությունն անմիջապես բողոքի դիվանագիտական նոտա ուղարկեց Սոֆիայում ադրբեջանական դեսպանատուն: Բուլղարական մամուլը լայնորեն անդրադարձավ սկանդալային երեւույթին: «24 ժամ» թերթին տված հարցազրույցում Փափազյանն ասում է. «Կարծում էի, որ ապրում ենք 21-րդ դարում եւ ոչ թե միջին դարերում: Հպարտ եմ իմ ազգային ժառանգությամբ եւ ընտանիքով ու չեմ պատրաստվում ազգանունս փոխել հանուն Ադրբեջանի»:

Իրենց ռասիստական, անամոթ վերաբերմունքի համար ներողություն խնդրելու փոխարեն ադրբեջանցի պաշտոնյաները փորձեցին քողարկել պատահարըՙ նշելով, որ այդպիսի բան տեղի չի ունեցել եւ Փափազյան ազգանունով ոչ ոք չի փորձել մուտք գործել Ադրբեջան:

Այս զարհուրելի միջադեպը մեզ մղում է հետեւյալ եզրակացության.

ա) Ադրբեջանը բացահայտ եւ համատարած պատերազմ է հայտարարել ընդդեմ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ բոլոր հայերիՙ անկախ ծննդավայրից:

բ) Ադրբեջանցիներն ամեն հնարավոր միջոցի դիմում ենՙ ցուցադրելու իրենց ատելությունը հայերի նկատմամբ, այդ թվում ստեր հորինելով եւ թաքցնելով, աղավաղելով ոչ միայն պատմական, այլեւ մեր օրերում կատարված իրադարձությունները:

գ) Բոլոր հայերին արգելելով մուտք գործել Ադրբեջան, ադրբեջանական իշխանությունները փաստորեն հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղի հայերն այլեւս Ադրբեջանի քաղաքացիներ չեն:

դ) Եթե հակահայ թշնամանքն ու հիստերիան Ադրբեջանում այն աստիճանի են, որ նույնիսկ երրորդ սերնդի բուլղարահայը չի կարող մուտք գործել Բաքուՙ լուսաբանելու ֆուտբոլային բարեկամական մի հանդիպում, ապա ինչպե՞ս կարող են 150 հազար ղարաբաղցիներ ռիսկի դիմել եւ հավատալ, որ ադրբեջանցիների իշխանության ներքո խաղաղ կկարողանան ապրել:

Մի ամբողջ նոր սերունդ է հասակ առել Ղարաբաղում անկախացումից ի վեր: Այդ երիտասարդները միայն ազատ ու անկախ Ղարաբաղի կյանքն են տեսել, եւ նրանց դնել ադրբեջանցիների իշխանության ներքո պարզապես նույնքան անբնական ու անընդունելի կլիներ, որքան Մ. Նահանգների սկզբնական 13 գաղութները վերադարձնել բրիտանացիներին, Լուիզիանանՙ ֆրանսիացիներին, Ալյասկանՙ ռուսներին:

Իրենց ատելությամբ լի գործողությամբ ադրբեջանցի պաշտոնյաները մի անգամ եւս ապացուցեցին, որ հայերը ոչ թե ապրել, այլ նույնիսկ այցելել չեն կարող Ադրբեջան: Եվ ղարաբաղցիները երջանիկ պետք է զգան իրենց, որ այդ երկրի հետ ոչ մի առնչություն չունեն այլեւս:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4