«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2004-11-24 | #211, 2004-11-25 | #212, 2004-11-26


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՑ

Միանգամից 3-4 փոխարտգործնախարարի տեղ է բացվում

Իտալիայում Հայաստանի դեսպանի երեկվա «Ազգում» տպագրված բաց նամակն արտառոց է Հայաստանի դիվանագիտական պրակտիկայում: Հիշեցնենք, որ դեսպան Գագիկ Բաղդասարյանը մեր օրաթերթի միջոցով պատասխանել էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանինՙ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վենետիկյան վեհաժողովի առիթով մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայում Հայաստանի դեսպանության հասցեին արած մեղադրանքների կապակցությամբ:

Շատ հավանական է, որ իրոք դեսպան Բաղդասարյանին տեղյակ չի պահվել, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանում է Վենետիկ, սակայն այդ մասին մամուլում գրելն առնվազն տարօրինակ է: «Դեսպանությունը կարող էր տեղեկանալ վեհաժողովի եւ վերջինիս հայաստանյան պատվիրակության մասնակցության մասին կամ ՀՀ ԱԳՆ-ից, ինչն ընդունված կարգ է, կամ անմիջապես ՀՀ ԱԺ-ից, որի հետ դեսպանությունը հաճախակի անմիջական կապի մեջ է: Տվյալ դեպքում դեսպանությունը ոչ միայն չի ստացել որեւէ առաջադրանք կամ հանձնարարական, այլեւ չի տեղեկացվել Վենետիկում տեղի ունենալիք վեհաժողովի եւ դրան հայաստանյան պատվիրակության մասնակցության մասին որեւէ մեկի կողմից», բաց նամակում գրել է դեսպան Բաղդասարյանը:

Համենայնդեպս, Իտալիայում Հայաստանի դեսպանի բաց նամակը չէ, որ պետք է դառնա Հռոմում նրա առաքելության ավարտի պատճառ: Ավելի վաղ հայտնի էր, որ դեսպան Բաղդասարյանը առաքելությունն ավարտում է եւ վերադառնում Երեւանՙ արտգործնախարարություն: Մյուս կողմիցՙ այս բաց նամակը հուշում է, որ դեսպանը հավանաբար չցանկանա շարունակել դիվանագիտական գործունեությունը ՀՀ ԱԳՆ-ում: Նկատենք, որ Հայաստանի դեսպաններն առաքելության ավարտից հետո ԱԳՆ-ում սովորաբար զբաղեցնում են վարչության պետի, նաեւ փոխարտգործնախարարի պաշտոնը:

«Ազգի» ունեցած տեղեկություններով, Իտալիայում Հայաստանի նոր դեսպան է նշանակվելու փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ փոխարտգործնախարարը նշանակվել է դեսպան: Այսօր ՀՀ ԱԳՆ-ում երկու փոխարտգործնախարարներից Թաթուլ Մարգարյանը եւս շուտով նշանակվելու է դեսպան, բայց ավելի կարեւոր, խոշոր եւ հզոր երկրումՙ Մ. Նահանգներում:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանին, ապա նա եւս, մեր ունեցած տեղեկություններով, ինչպես Գագիկ Բաղդասարյանը, չի ցանկանում դիվանագիտական գործունեությունը շարունակել Հայաստանի ԱԳՆ-ում: Հայտնի է, որ դեսպան եղած տարիներին Արման Կիրակոսյանը շարունակել է գիտական գործունեությունը եւ հաջողությամբ երկու գիրք տպագրել: Հետագայում էլ նա հավանաբար կշարունակի գիտական գործունեությունը, բայց, հավանաբար, Մ. Նահանգներում:

Փաստորեն, Ռուբեն Շուգարյանի Իտալիա եւ Թաթուլ Մարգարյանի ԱՄՆ մեկնելով արտգործնախարարությունում 3-4 փոխարտգործնախարարի տեղ է բացվում: Նկատենք, որ եթե այսօր ԱԳՆ-ում ընդամենը 2 փոխարտգործնախարար է, ապա ժամանակին եղել են 3 կամ 4: Արդեն հայտնի է փոխարտգործնախարարներից մեկի անունըՙ Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Անշուշտ, դեսպան Ղարիբջանյանը կնախընտրեր նաեւ դիվանագիտական գործունեությունը շարունակել Հայաստանից դուրս եւ Հայաստանի համար մեկ այլ կարեւոր մայրաքաղաքումՙ Մոսկվայում: Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում հեռուստաէկրաններին հաճախ է երեւում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանըՙ տարբեր մշակութային միջոցառումներում: Ընդհանրապես պետք է նկատել, որ մեր դիվանագետներից շատերի համար Մոսկվայում դեսպան լինելը երազանքի նման մի բան է: Այդ պատճառով է նաեւ, որ Մոսկվայի մեր դեսպանները միշտ էլ փորձել են գոնե հրապարակավ ցույց տալ, որ աշխատում են:

Մեզ չհաջողվեց տեղեկանալ, թե դեսպան Ղարիբջանյանից բացի ո՞վ է հավակնում մյուս փոխարտգործնախարարի պաշտոնին: Չի բացառվում, որ դա կարող է լինել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արմեն Բայբուրդյանը, որն, ի դեպ, Դելի էր մեկնել հենց փոխարտգործնախարարի պաշտոնից: Ավելորդ չէ նշել, որ նոյեմբերի 24-ին դեսպան Բայբուրդյանը հանդիպում էր ունեցել Հնդկաստանի արտգործնախարար Սինգհի հետՙ իր առաքելության ավարտի կապակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, թեեւ միջազգային տարբեր ատյաններում հաճախ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրումՙ հավանաբար ելնելով իսլամական համերաշխության պահպանման սկզբունքից: Իրանը Հայաստանի համար կարեւոր երկիր է, կարեւոր է նաեւ Թեհրանում մեր դեսպանի ով լինելը: Ենթադրվում է, որ Իրանում Հայաստանի դեսպան կնշանակվի արտգործնախարարի խորհրդական, Ժնեւում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը:

Դեռեւս հայտնի չէ, թե ով է լինելու Վրաստանում Հայաստանի նոր դեսպանը: Գործող դեսպան Գեորգի Խոսրոեւի փոխարեն տարբեր ժամանակներում տարբեր անուններ են նշվել: Մեր տեղեկություններովՙ քննարկվել է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան, այժմ Մոսկվայում Հայաստանի դեսպանորդ Լեւոն Խաչատրյանի թեկնածությունը: Ժամանակին նշվում էր նաեւ վարչապետի խորհրդական, արմատներով ջավախքցի Ստեփան Մարգարյանի անունը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4