«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2004-11-24 | #211, 2004-11-25 | #212, 2004-11-26


ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Հնդկաստանի Կոչին քաղաքում ավարտին է մոտենում շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը: Վերջնագծում պայքարը մրցանակային տեղերի համար չափազանց սրվել է: Միավորի յուրաքանչյուր կորուստ մասնակիցների համար կարող է ճակատագրական լինել: Ցավոք 9-րդ տուրում անհաջողության մատնվեց առաջատարների խմբում գտնվող Տիգրան Պետրոսյանը, որը մինչ այդ հիանալի էր հանդես գալիս: Նա մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով կուբացի Պերես Քվեզադային: Սպիտակներով խաղացող Տիգրանը համառորեն ուղիներ էր փնտրում պարտությունից խույս տալու համար: Սակայն նրա միակ ձին անկարող էր պայքարել մրցակցի նավակի եւ 2 զինվորների (որոնցից մեկնՙ անցողիկ) դեմ: 71-րդ քայլին հայ գրոսմայստերը ստիպված էր ընդունել իր պարտությունը: Այս անհաջողությունը զգալիորեն վատթարացրեց հայ շախմատիստի մրցաշարային իրավիճակըՙ թույլ տալով հակառակորդներից երկուսին ավելացնելու միավորների տարբերությունը, իսկ մյուսներինՙ հավասարվելու իրեն:

Աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Պենտալա Հարիկրիշնան, որը ոչ-ոքի խաղաց Էրվին Էմիի հետ: Հնդիկ գրոսմայստերը վաստակել է 7,5 միավոր: Նրանից կես միավորով է հետ մնում Չժաո Յունը, որը խաղաղ դաշն կնքեց Եվգենի Ալեքսեեւի հետ: Ինչպես եւ Տիգրան Պետրոսյանը, 6,5-ական միավոր են վաստակել նաեւ Եվգենի Ալեքսեեւը, Պերես Քվեզադան, Սենգուրթա Դեպը, Յուրի Դրոզդովսկին: Նրանց մասնակցությամբ պարտիաներն այսպիսի ելք ունեցան. Դրոզդովսկի-Կոներուՙ 10, Դեպ-Բերկեշՙ 10: Վեց շախմատիստ ունի 6-ական միավոր: Այնպես որ յուրաքանչյուր հաղթանակը կամ պարտությունը կարող է զգալի փոփոխություններ մտցնել մասնակիցների մրցաշարային գործերում:

Կանանց մրցաշարում եռիշխանությունը պահպանվեց: 7-ական միավորով աղյուսակը գլխավորում են Էլիզաբեթ Պյոտցը, Աննա Ուշենինան եւ Եկատերինա Կորբուտը, որոնք հերթական հաղթանակները տոնեցին: Կորբուտը սեւերով հաղթեց Կավիթհային, Պյոտցն ու Ուշենինան սպիտակներով առավելության հասան հնդիկ շախմատիստուհիներ Վինուտեայի եւ Սահելու նկատմամբ: Առաջատարներին կես միավորով է զիջում Կարավադե Եշան, որը պարտության մատնեց Ալինա Մոտոցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4