Մեկօրյա հանգստից հետո Ռուսաստանի շախմատի առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջ: 8-րդ տուրում կենտրոնականը Գարի Կասպարովի եւ ներկայիս չեմպիոն Պյոտր Սվիդլերի մրցախաղն էր: Կասպարովը հմուտ խաղով կարողացավ իրացնել մեկ զինվորի առավելությունը եւ կարեւոր հաղթանակ տոնեց: Դա Կասպարովի 3-րդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում, որի շնորհիվ աշխարհի 13-րդ չեմպիոնը 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Կասպարովը, կարելի է ասել, գործնականում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Այդ պայքարում կարեւոր նշանակություն ունի Գրիշչուկի հետ կայանալիք պարտիան: Վերջինս 8-րդ տուրում ազատ էր եւ 7 հնարավորից իր օգտին 4,5 միավոր ունի: Նույնքան միավոր, սակայն 8 հնարավորից, վաստակել է Ալեքսեյ Դրեեւը: Վերջինս ոչ-ոքի ավարտեց պարտիան Վլադիմիր Եպիշինի հետ: Նույնպիսի ելք գրանցվեց նաեւ Բարեեւ-Մորոզեւիչ պարտիայում: Տիմոֆեեւը պարտվեց Կորոտիլյովից, իսկ Մոտիլյովը 73-րդ քայլին հաղթեց Վիտալի Ցեշկովսկուն: Կորոտիլյովը, Մոտիլյովը, Սվիդլերը, Տիմոֆեեւը վաստակել են 3,5-ական միավոր: