Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 7-րդ տուրում ուշադրության կենտրոնում Կարեն Ասրյանի եւ Վասիլի Իվանչուկի պարտիան էր: Ցավոք, հայ շախմատիստը, որ 5 միավորով Իվանչուկի եւ եւս 4 շախմատիստների հետ գլխավորում էր աղյուսակը, պարտվեց: Իվանչուկը Պավել Սմիռնովի հետ 6 միավորով ստանձնեց առաջատարի դերը: Սմիռնովը սպիտակներով պարտության մատնեց Սարունաս Սուլսկիսին: Առաջատարներից ընդամենը կեսական միավորով են հետ մնում Տիգրան Նալբանդյանը, Աշոտ Անաստասյանը, Դմիտրի Ֆրոլյանովն ու Զվիադ Իզորիան: Անաստասյանը հաղթեց Մագալաշվիլուն, Նալբանդյանը պարտության մատնեց Ասաուսկասին: Իսկ Ֆլորյանով-Իզորիա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
13 շախմատիստներ 5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: Նրանց թվում են Կարեն Ասրյանը, Արման Փաշիկյանը, Բենիամին Գալստյանը, Արտաշես Մինասյանը, Արթուր Չիբուխչյանը, Արսեն Եղիազարյանը: Արտաշես Մինասյանը սեւերով պարտության մատնեց Նելլի Աղինյանին, Արսեն Եղիազարյանն առավելության հասավ Հակոբ Վարդանյանի նկատմամբ, Արթուր Չիբուխչյանն էլ հաղթեց Արմենակ Եղիազարյանին: Գալստյան-Փաշիկյան պարտիայում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Նույնպիսի արդյունք գրանցվեց Արա Մինասյան-Մորչիաշվիլի պարտիայում: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Գեւորգ Հարությունյանի հետ եւ ունի 4,5 միավոր:
Այսպիսով, մրցաշարի ավարտին մնաց 2 տուր: Հենց այդ տուրերի հանդիպումներն էլ կանվանեն հուշամրցաշարի մրցանակակիրներին: Հիշեցնենք, որ դրամական պարգեւների կարժանանան առաջին 30 տեղերը գրաված շախմատիստները: Հատուկ մրցանակներ են սահմանված նաեւ աղջիկների եւ պատանիների միջեւ լավագույն արդյունք ցույց տված 3-ական մասնակիցներին: Ի դեպ, այսօր հուշամրցաշար կայցելի Տիգրան Պետրոսյանի որդին: