«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


«ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՇՏ ՈՒ ԽԱՂԱՂ ԱՊՐԵԼ»

Հայտնում է թուրք գեներալ Օրհան Թանը «Ազգին» ուղղած նամակում

«Ազգը» դեռեւս կազմավորման օրից ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիային: Ըստ երեւույթին այս ուշադրությունը միակողմանի չէ, որ ինտերնետի միջոցով խմբագրության նամակով Ալի Էրթեմի, Քեմալ Յալչընի, Ռագըփ Զարաքոլուի պես մեր ժողովրդի բարեկամների կողքին դիմում են նաեւ Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտից եւ Թուրքիայի գիտական այլ հաստատություններից: Ավելին, Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Հասան Օքթայը, ժամանելով Երեւան, խմբագրություն էր այցելել եւ «Ազգին» տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 8-ին, մատնանշել. «Թուրքիայում տիրող կարծիքի համաձայն, «Ազգը» Հայաստանում հրատարակվող միակ թերթն է, որի ինտերնետային էջը կանոնավոր հագեցվում է ամենօրյա նոր նյութերով: Թուրքիան ուշի-ուշով հետեւում է «Ազգին»:

Կարծես դոկտոր Օքթայի այս խոսքերը հաստատելու համար նոյեմբերի 24-ին նամակով «Ազգին» դիմեց պաշտոնաթող գեներալ Օրհան Թանը: Թուրք գեներալի դիմումի համար առիթ էր ծառայել «Հայոց ցեղասպանության ընդարձակ լուսաբանումն ամերիկյան նոր հանրագիտարանում» վերնագրով մեր թերթի նոյեմբերի 18-ի համարում հրապարակված նյութը: Խմբագրության պատասխան նամակին նոյեմբերի 26-ին կրկին արձագանքեց գեներալ Թանը, ընդգծելով, որ ինքը թուրքերի եւ հայերի հաշտեցման ու բարեկամության ջերմ կողմնակիցն է, ուստի գոհունակությամբ կընդունի իր նամակի հրապարակումը «Ազգի» էջերում:

Նախապես ասենք, որ մեր հասարակությունը քաջատեղյակ է Հայոց ցեղասպանության եւ հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ թուրքական իրականությունում առկա տեսակետներին: Այդ իսկ պատճառով գեներալի նամակը հրապարակելիս մեկնաբանելու փոխարեն նախընտրում ենք մասնակի կրճատել: Ահա թե ինչ է գրում գեներալ Օրհան Թանը.

«Մեծարգո գլխավոր խմբագիր.

Ձեր թերթից տեղեկացա ԱՄՆ-ում հրատարակված ցեղասպանության նոր հանրագիտարանի մասին, որի էջերում տեղ են գտել հայերի հեղինակած շուրջ 20 հոդվածներ: Թերեւս այս հանգամանքը պատճառ դարձավ, որ դիմեմ Ձեզ:

ԱՄՆ-ի ռազմական ուսումնարանում ուսանելու ընթացքում իմ ուսումնասիրած բոլոր հանրագիտարաններում թուրք-հայկական հարաբերություններին վերաբերող հոդվածների հեղինակներն ունեցել են «յան» վերջավորությամբ ազգանուններ: Համոզված եմ, որ այս նոր հանրագիտարանում եւս տեղ չի գտել որեւէ թուրք հեղինակի հոդվածը: Սա թուրք-հայկական հարաբերություններում առկա կողմնակալության եւ կանխակալ մոտեցման հերթական վկայությունն է, ինչը մեզՙ հաշտության իսկական կողմնակից թուրքերիս շատ է հուզում:

Ես թուրք-հայկական հարաբերությունների բարելավման, հաշտության կողմնակից եմ: Համոզված եմ նաեւ, որ հարաբերությունների բարելավումը Հայաստանի օգտին է լինելու: Ոմանք այս իրողությունը պետք է բացատրեն հայ ժողովրդին: Կարծում եմ, այս հարցը չպետք է թողնել իմպերիալիզմից խաբված եւ եկեղեցիներում նույնիսկ իրենց աղոթքը հայերեն արտասանելու կարողությունից զուրկ մարդկանց»:

Այնուհետեւ հեղինակը պնդում է, որ 1915 թ. բացարձակապես ցեղասպանություն չի եղել եւ դա «հիմնավորող» պատմական իրողությունների թվում նշում է ռուս-թուրքական պատերազմը, դաշնակցականների գլխավորությամբ հայերի համագործակցությունը ռուսների հետ, թուրքերի նկատմամբ հայկական կազմավորումների սարքած կոտորածներըՙ համարելով վերջիններիս իմպերիալիզմի գործիք, եւ հայերի այսպես կոչված համընդհանուր ապստամբությունը:

Հեղինակը, ելնելով «այս իրողություններից», անհիմն է համարում Հայոց ցեղասպանության պնդումները, դա պայմանավորում է համաշխարհային հասարակական կարծիքն ապակողմնորոշելու նկրտումներով եւ նամակում հարցադրումներ է անում, թե հայերի հետ Օսմանյան կայսրության փոխարեն ինչպե՞ս կվարվեր մեկ այլ պետություն, կա՞ արդյոք ցեղասպանությունն ապացուցող որեւէ պետական փաստաթուղթ, եթե թուրքերը լինեին հայերի թշնամին, ի՞նչ վիճակում կհայտնվեր Ստամբուլի հայությունը, 1915 թ. առաջ եվրոպական մեծ տերություններն ինչե՞ր էին խոստացել հայերին եւ վերջապես Արեւելյան Անատոլիայում թշնամու հետ համագործակցող հայերը որքա՞ն խաղաղ թուրք բնակիչ են սպանել:

Այս հարցերն ուղղված են հայերին, ուստի հեղինակը ոչ թե պատասխանում, այլ դրանց առաջացումը պայմանավորում է «որոշ հայերով, ինչպես նաեւ թուրքերի նկատմամբ թշնամանք տածող ենթադրյալ բարեկամներով ու դաշնակիցներով», որոնք, ըստ նրա, պատմական փաստերը խեղաթյուրում են եւ մշտապես սրում թուրք-հայկական թշնամությունը, որպեսզի խոչընդոտեն կողմերի միջեւ հնարավոր եւ անհրաժեշտ բարեկամության հաստատումը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական միջպետական հարաբերություններին, ապա գեներալ Թանը դրանց առնչությամբ գրում է. «Հայաստանն այն պետությունն է, որը պետք է նպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, հետեւաբար պարտավոր է լավ վերաբերվել հարեւաններին: Կովկասում օկուպանտի կարգավիճակը նրան բարդությունների առջեւ կկանգնեցնի միջազգային ասպարեզում: Թեեւ այսօր անտեսվում է Հայաստանի արածը, սակայն մոտ ապագայում հայերը դրա համար կարող են զրկանքների ենթարկվել: Հայկական պետությունը պարտավոր է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, որովհետեւ Թուրքիան նրա համար դեպի Արեւմուտք բացվող միակ պատուհանն է: Թեեւ թշնամության վերացումը ենթադրում է միջպետական հանդիպումներ, սակայն հանդիպման նախապայմանը հակառակ կողմի ինքնիշխանությանն ու սահմանների ճանաչումն է, ինչպես նաեւ այս ամենի նկատմամբ հարգանքը»:

Վերջում թուրք գեներալը նշում է 1996 կամ 1997 թթ. Իզմիրի ՆԱՏՕ-ի շտաբում, որի պետն է եղել ինքը, «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 2 հայ սպայի հետ հանդիպումը, որոնց ներկայությամբ նա ցանկություն էր հայտնել, որ դա կծառայի երկու երկրների հաշտությանն ու բարեկամությանը, ապա եւ ավելացնում. «Ցանկությունս մնում է ուժի մեջ: Թուրքերն ու հայերը, ինչպես Ստամբուլում, կարող են երջանիկ եւ ապահով ապրել: Խնդրում եմ ձեզ ձերբազատվել կանխակալ մոտեցումներից եւ պատմական թյուրիմացություններից»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4