Երեկ ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը ընդունել է դեսպան Պիետրո Ագոյին, որը նախկինում գլխավորում էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակներում գործող վերահսկման այսպես կոչված «Ագոյի» խումբը: Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Պիետրո Ագոն ներկայումս զբաղեցնում է Իտալիայի պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների վարչության խորհրդականի պաշտոնը:
Հանդիպման ընթացքում պարոն Պ. Ագոն տեղեկացրել է, որ Իտալիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է կազմակերպել սեմինար` նվիրված տարածաշրջանային ռազմավարական զարգացումներին: Այս կապակցությամբ նա խնդրեց ՀՀ ԱԳ նախարարին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդի փուլի վերաբերյալ: