«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


ԻՐԱՔ. ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ

Իրաքի պատմության որոշ էջեր դեռեւս չեն ներկայացվել: Իսկ այդ պատմության վերջին գլուխը անցած շաբաթվա վերջին համալրվեց, երբ Փարիզյան ակումբի անդամները համաձայնության եկան ներել Իրաքի արտաքին պարտքի շուրջ 80%-ը: Ինչպես նշեց նախագահ Բուշը, այս քայլը լուրջ միջազգային ներդրում է հանուն Իրաքի շարունակական քաղաքատնտեսական վերակառուցման: Սակայն Իրաքի տնտեսական հաջողությունների մասին ասելիքներ դեռ շատ կան:

Տնտեսական հաջողությունների ուղին

1979թ. Իրաքում մեկ շնչին ընկնող սպառողական զամբյուղի չափով չէր զիջում Իտալիային, իսկ Սադդամ Հուսեյնի անկման պահին Իրաքի ՀՆԱ-ն հասել էր ամենաաղքատ զարգացող երկրների ՀՆԱ-ի մակարդակին, իսկ երկիրը դարձել էր աշխարհի ամենամեծ պարտքային բեռ ունեցող երկրներից մեկը: Այս տխուր ժառանգությունը, որն առավել բարդանում է ստեղծված անվտանգության խնդիրներով, լուրջ խոչընդոտներ է ստեղծում տնտեսական զարգացման համար:

Ի հեճուկս այդ պրոբլեմների Իրաքի ժողովուրդը շարունակում է գոյատեւել ու հաջողությունների հասնել: Իրաքում վարվող քաղաքականության շնորհիվ 2004 թ. առաջին տասն ամիսների ընթացքում համախառն արտադրանքը 51.7%-ով գերազանցեց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Կանխատեսումների համաձայն բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտները 2004 թ. կկազմեն 780 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2004 թ. այն մոտ 500 ԱՄՆ դոլար էր կազմում: Իրաքի կառավարությունը մշակել է կայուն միջնաժամկետ տնտեսական ծրագիր: Նորանկախ Կենտրոնական բանկը վերահսկում է սղաճը, իսկ սպառողական գների ինդեքսը 2004 թ. առաջին 8 ամիսների ընթացքում աճել է 5.7%-ով, մինչդեռ 2003 թ. նույն ժամանակահատվածում աճել էր 46%-ով: Նոր դինարը վերջին տարվա ընթացքում դոլարի նկատմամբ աճել է 27%-ով:

Մինչ այդ, Իրաքի նավթարդյունաբերության նախարարությունը գերազանց քայլեր է ձեռնարկել արտադրությունը վերսկսելու ուղղությամբ, չնայած նավթային ենթակառույցների վրա հարձակումները դեռեւս շարունակվում են: 2004 թ. սեպտեմբերին Իրաքում չմշակված նավթի արտադրության միջին օրական ծավալները հասան 2.54 միլիոն բարելի` հասնելով նախապատերազմյան ժամանակաշրջանի ծավալներին:

Իրաքի վերաինտեգրումը միջազգային տնտեսությանը

Իրաքի կառավարությունը լուրջ քայլեր է կատարում երկիրը միջազգային տնտեսությանը վերաինտեգրելու ուղղությամբ: 2004 թ. փետրվարին Իրաքը Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում ստացավ դիտորդի կարգավիճակ եւ արդեն իսկ կատարում է առաջին քայլերը լիիրավ անդամության ճանապարհին: Ամիսներ տեւած մանրակրկիտ քննարկումներից հետո Իրաքի կառավարությունը 2004 թ. սեպտեմբերին ստորագրեց 436 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այս համաձայնագիրը, որն ավելի քան 20 տարիների ընթացքում ԱՄՀ-ի ու Իրաքի միջեւ առաջին գործարքն էր, ցույց է տալիս, որ Իրաքի տնտեսական քաղաքականությունն ընթանում է ճիշտ հունով: Իրաքի վերակառուցման աշխատանքներին լայնամասշտաբ աջակցություն է ցուցաբերում միջազգային հանրությունը, մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպությունը, Մեծ ութնյակը եւ խոշոր դոնոր պետությունները, որոնք 2003թ. հոկտեմբերին Մադրիդում վարկերի ու դրամաշնորհների տեսքով Իրաքին տրամադրեցին 14 միլիարդ դոլար, բացի այն 18 միլիարդից, որը հատկացրել էր ԱՄՆ-ը: Աջակցության այս աննախադեպ ծավալները փաստում են Իրաքի տնտեսական ներուժն ու տարածաշրջանային կարեւոր դերը:

Իրաքը մեր օգնության կարիքն ունի

Իրաքը դեռ օգնության կարիք ունի, հատկապես արդյունաբերական պետությունների կողմից: Այդ աջակցությունը պետք է անպայմանորեն ներառի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցները, որոնք խիստ էական են կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հաջողություններ ապահովելու համար, ինչպես նաեւ վերակառուցման եւ ներդրումների համար: Զարգացած երկրների օգնությունը հատկապես ողջունելի է հիմա, երբ Իրաքի կառավարությունը ճանապարհ է հարթում դեպի երկրի առաջին ժողովրդավարական ընտրությունները, որոնք կայանալու են հունվարի 30-ին: Ուզում եմ ավարտել Իրաքի վարչապետի տեղակալ Սալեհի խոսքերով, երբ նա հոկտեմբերին Տոկիոյում կայացած դոնորների հանդիպման ժամանակ նշեց, որ օգնությունը բարեգործություն չէ, այլ ներդրում հանուն պայծառ ապագայի մի այնպիսի երկրում, որը գտնվում է կենսական նշանակության տարածաշրջանում:

ԱԼԼԱՆ Պ. ԼԱՐՍՈՆ, Տնտեսության, բիզնեսի եւ գյուղատնտեսության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4