«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


ԴԱՆԻԵԼ ՍԵԴՐԱԿԻ ԳԱՅԲԱԿՅԱՆ

Իր մահկանացուն կնքեց Երեւանի պետական համալսարանի վերլուծական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմիական գիտությունների դոկտոր, «Զեյթուն» հայրենակցական, պատմամշակութային միության նախագահ, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ Դանիել Գայբակյանը:

Ծնվել է 1929-ինՙ Իրաքի Բաղդադ քաղաքում, զեյթունցիների ընտանիքում: 1947 թ. ներգաղթել է հայրենիք, սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետը, ասպիրանտուրան: 1989-ին ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Շնորհաշատ գիտնականը նաեւ բանաստեղծ էր եւ հրապարակախոս: Պատմական Զեյթունին նվիրված նրա «Իմ անուշ Զեյթուն» եւ «Իմ հերոս Զեյթուն» պոեմները ազատատենչ զեյթունցիների հերոսական պայքարի իսկական դյուցազներգություն են, զեյթունցու մաքառումների ինքնատիպ հերոսապատում: Նշանակալի է Դանիել Գայբակյան գիտնականի, հասարակական գործչի ավանդը Քանաքեռ-Զեյթուն համայնքի ձեւավորման եւ սկզբնավորման գործում: Պապենական սրբազան օջախ չտեսած, սակայն դրա պատկերն իր հոգում փայփայած գիտնականը մշտապես Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի գրեթե բոլոր հասարակական ու գիտամշակութային ձեռնարկումների ոգին էր, ուղղորդողն ու խորհրդատուն:

Բնակվելով Երեւանի Նոր Զեյթուն թաղամասում, իր շուրջը ձեւավորել էր պատմական Զեյթունի ոգու, ավանդույթների եւ հերոսական պատմության իմացության ոգեշունչ մթնոլորտ, անմնացորդ սիրով ու ակտիվ քաղաքացուն բնորոշ շահագրգռությամբ մասնակից էր համայնքային կյանքի բոլոր իրադարձություններին, հպարտանում էր ամեն մի հաջողությամբ ու առաջընթացով:

Երբեք չի մոռացվի նվիրյալ զեյթունցու, շնորհաշատ գիտնականի, Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամիՙ Դանիել Գայբակյան մարդու կերպարը, որն այլեւս անբաժան է Նոր Զեյթունի մերօրյա պատմությունից:

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆ, Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Ռ. Սինոյանը, համայնքի ավագանին, թաղապետարանի աշխատակազմը խորապես ցավակցում են Գայբակյանների ընտանիքինՙ Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ, պրոֆեսոր Դանիել Գայբակյանի մահվան կապակցությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4