«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2004-11-26 | #213, 2004-11-27 | #214, 2004-11-30


ՈՉ ԻՓԵԿՅԱՆ, ՈՉ ԷԼ ՈՒՐԻՇ ՄԻ «ՅԱՆ»

Վերջերս «Ազգում» երկու հրապարակում եղավ համաշխարհային կինոյի լեգենդ Գրեգորի Փեքի հավանական հայկական ծագմանը (Զավեն Բոյաջյան, «Գրեգորի Պեկ, հայկական առասպե՞լ, թե՞ փաստ», 13.11.2004, եւ վերջինի արձագանքըՙ Գեղամ Քյուրումյան, «Գրեգորի Պեկ, թե՞... Գրիգոր Իփեկ», «Ազգ», 18.11.2004):

Ընդառաջ գնալով մի շարք ծանոթների խնդրանքինՙ այս հարցում պարզաբանում կատարելու, ներկայացնում եմ առկա փաստերը: Թեեւ խնդրին արդեն անդրադարձել եմ այս տարի լույս տեսած «Հայերը համաշխարհային կինոյում» աշխատության մեջ, սակայն նկատի ունենալով, որ գիրքը սահմանափակ տպաքանակի պատճառով շատերի համար անմատչելի է եւ իմ ձեռքի տակ կա գրքի հրատարակությունից հետո ի հայտ եկած նոր վկայությունՙ ավելորդ չեմ համարում կրկին անդրադառնալ սույն հարցին:

Ինչպես նշել է Գեղամ Քյուրումյանը, ամերիկահայ խմբագիր Օշին Քեշիշյանը, իմանալով Փեքի ենթադրյալ հայկական ծագման մասին, ասել է, թե «Արեւելահայերի երեւակայությունը չափ ու սահման չունի»: Սակայն իրականում Գրեգորի Փեքի մասին հայկական լեգենդները ծնունդ են առել սփյուռքահայ միջավայրում: Կանադաբնակ գրող Արա Բալիոզյանը (ծնունդով հունահայ) մի առիթով հիշել է, որ իրենց մանկության սիրելի խաղն էր կինոյի դեմքերին հայացնելը: «Գիտե՞ս ինչ է Էլիզաբեթ Թեյլորի իսկական անունըՙ Եղիսաբեթ Դերձակյան: Գրեգորի Փեքի՞նըՙ Գրիգոր Իփեկյան: Էլիա Կազանի՞նըՙ Եղիա Կազանջյան»: Իսկ այս մանկական խաղը «լրջացնողը» եղել է դարձյալ ոչ արեւելահայ, այլ Բրյուսելում բնակված ֆրանսագիր լրագրող Արման Մասիսը, որը 1950-ականների սկզբին փարիզահայ մամուլում գրել է Փեքի մասինՙ առանց որեւիցե աղբյուրի հիշատակման: Նույն ժամանակվա ամերիկահայ մամուլը, որ մշտապես արձագանքել է կինոյի բնագավառում հայրենակիցների մասնակցության փաստերին, ոչ մի անգամ չի անդրադարձել այս հարցին: Ու թեեւ հետագա տասնամյակներին կինոարվեստին մոտ կանգնած ամերիկահայ լրագրողներ (հատկապես Լեւոն Քեշիշյանը եւ Փիթեր Բիթլիսյանը) մի քանի անգամ ժխտել են նման հավաստիացումները, սակայն մի անգամ սխալ ասվածն արդեն ճշմարտություն է ընկալվել: Ինչպես ասում ենՙ «Հիմարը քար գցեց ջուրը, յոթ խելոքով չկարողացան հանել»:

«Ազգի» առաջին հրապարակման մեջ կինոգետ Զավեն Բոյաջյանը վկայակոչել է «Պրեմիեր» կինոհանդեսի ռուսական տարբերակը (2004, թ. 70), որտեղ տեղեկություն կա այն մասին, որ իբրեւ Փեքը մտաբերել է իր արմատները եւ հայերեն է սովորել: Մենք գրեթե վստահ ենք, որ այս տեղեկությունը «Պրեմիերի» հոդվածագիրը վերցրել է Ինտերնետից: Համացանցիՙ կինոյի վերաբերյալ ամենից հարուստ տվյալների շտեմարանում (www.imdb.com) Գրեգորի Փեքի կենսագրության մեջ կարդում ենք հետեւյալ տողերը. «Նա ունեցել է կաթոլիկ հայկական արմատներ հայրական պապիՙ Սեմ Փեքի կողմից, որը գաղթել է Անգլիայից: Երբ Փեքն ամուսնացավ իր երկրորդ կնոջՙ Վերոնիկ Պասսանիի հետ, վերջինս զբաղվեց նրա նախնիների հարցով եւ հայտնաբերեց հայկական գիծը: Վերոնիկը հորդորեց ամուսնուն ուսումնասիրել իր մասնակի հայկական ժառանգությունը եւ սովորել հայոց լեզուն, այնպես որ Փեքը հայերենի դասեր առավ իր միջին տարիքում: Սակայն այդ ժամանակ նրա հանրային կերպարն արդեն կերտված էր: Գրեգորին համընդհանուր հնդեվրոպական անուն է եւ հայկական ազգանուն («Գրեգորյան կամ Կրիկորյան») եւ Հայաստանի առաքյալ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունն էր (մ.թ. 332)» (տես http://www.imdb.com/ name/nm0000060/bio):

Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ Գրեգորի Փեքի իտալուհի կինը (որին, ի դեպ, նա հանդիպել էր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ) հորդորեց ամուսնուն սովորել հայոց լեզուն: Եվ ինչո՞ւ ոչինչ չի ասվում Փեք ազգանվան մասին, այլ Գրիգոր անվան մասին, որը սովորական անուն է քրիստոնյա ժողովուրդների մեջ...

Ինտերնետի ամենալուրջ կայքէջերում անգամ հաճախ տեղ են գտնում ամեն կարգի անճշտություններ: Նշված կայքէջում կինոգործիչների կենսագրությունները հաճախ կազմվում են տարբեր մարդկանց ուղարկած տեղեկությունների հիման վրա, եւ Փեքի մասին վերոհիշյալ մեջբերումը մեզ հուշում է, որ այս տողերն ուղարկել է մի հայ (ոչ անտեղյակ հայոց պատմությունից), որը շարունակում է հայացման մարմաջով տարված Արման Մասիսի ավանդներըՙ ամեն գնով ցանկանալով հայության սեփականությունը դարձնել նշանավոր կինոդերասանին: Ի դեպ, այս սխալ տեղեկությունը հասցրել է մուտք գործել ոչ միայն «Պրեմիեր», այլեւ ուրիշ կինոհանդեսներ էլ, ինչը կարելի է տեսնել նույն համացանցից:

(Այնուամենայնիվ, տակավին անհասկանալի է մնում «Պրեմիերի» նշած Փեքիՙ իբրեւ թե կաթողիկոս նախահայր ունեցած լինելու պահը):

Ինչ վերաբերում է Գեղամ Քյուրումյանի արձագանքին, ապա այդ նյութի հետ տպագրված լուսանկարի երիտասարդին մենք այնքան էլ չենք նմանեցնում Գրեգորի Փեքի երիտասարդության լուսանկարներին: (Նշենք նաեւ, որ Սերգեյ Գալստյանի «Անուններ էկրանի վրա» գրքում Փեքի մասին տեղեկություն չկա, ինչպես նշվում է հոդվածումՙ գրքի հեղինակին իսկ վկայակոչելով):

Սույն հարցում կարեւոր ճշտում է մտցրել ամերիկահայ բժշկուհի Բեթի Ներսեսյանը, որի խնամյալն է եղել Գրեգորի Փեքը կյանքի վերջին տարիներին: Կինոդերասանը սիրել է զրուցել իր հայ բժշկուհու հետ եւ մի առիթով նրան ասել է, որ շատ հայեր կարծել են, թե ինքը հայազգի է, սակայն իրականում դա այդպես չէ: Ներսեսյանի հավաստմամբՙ Փեքն իրեն պատմել է, որ երբ տարիներ առաջ ինքն այցելել է Բելգիա, նրան դիմավորողների մեջ առանձնացել է սեւահեր մարդկանց մի խումբ (ինչպես հետագայում պարզվել էՙ տեղացի հայեր), որոնք մի հսկա ցուցանակ են պահելՙ «Բարի գալուստ, մեր սիրելի հայրենակից Գրիգոր Իփեկյան» մակագրությամբՙ անշուշտ, ապակողմնորոշված վերոհիշյալ բելգիահայ Արման Մասիսի հորինվածքներից...

Բեթի Ներսեսյանի վկայությունը, թվում է, վերջնականապես պիտի ջնջեր եղած բոլոր առասպելները: Պաշտոնական աղբյուրները վկայում են, որ Գրեգորի Փեքի հայրը եղել է իռլանդա-անգլիացի, մայրըՙ շոտլանդա-իռլանդուհի: Այսպիսով, նրա մեջ ավելի իռլանդական արյուն է եղել, եւ կինոդերասանը մշտապես ասել է, որ ինքը հպարտ է իր իռլանդական ծագմամբ: Այնպես որ մոռանանք հայկական առասպելները եւ ինտերնետային տեղեկությունները, հանգիստ թողնենք Գրեգորի Փեքին եւ խոնարհումի ու հպարտության զգացում ապրենք կինոարվեստի պատմության մեջ ոչ պակաս ավանդ ունեցող հայերով, որոնց թիվը, բարեբախտաբար, քիչ չէ...

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Նկարում. Գրեգորի Փեքի առաջին կինոնկարիՙ «Փառքի օրերի» ազդագիրը, որտեղ դերասանի խաղընկերուհին հայազգի պարուհի Թամարա Թումանովան է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4