Բացվում է «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երկրորդ գիծը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Այսօր կարեւոր է ոչ միայն հայ-իրանական հարաբերությունների, այլեւ անդրկովկասյան տարածաշրջանի համար. սկսվում է Իրան-Հայաստան գազատարի հայկական տեղամասի շինարարությունը: Արարողությանը հայկական կողմից կմասնակցի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Իրանի Իսլամական Հանրապետությունիցՙ էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆը:
Իրան-Հայաստան գազատարի երկարությունը 141 կմ է, որից 100-ըՙ իրանական հատվածում, 41-ըՙ հայկականում: Հայ-իրանական սահմանից խողովակաշարը կհասնի մինչեւ Քաջարան: 41 կմ-անոց այս հատվածը կկառուցի իրանական «Սանիր» ընկերությունը: Սեպտեմբերի 8-ին Իրանի նախագահի Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվեց փաստաթուղթ, ըստ որի գազատարի հայկական տեղամասի շինարարության համար իրանական բանկերից մեկը տրամադրելու է 30 մլն դոլարի վարկ:
Իրանական հատվածում, որտեղ շինարարությունն արդեն մի քանի ամիս սկսվել է, կկառուցվի 100 կմ խողովակաշար, ծրագրի արժեքը մոտ 100 մլն է: Ըստ գրաֆիկի, 141 կմ-անոց գազամուղի շինարարությունը կավարտվի 2006 թ. վերջերին: Խողովակաշարի տրամագիծը 720 մմ է, ինչը ենթադրում է, որ այս գազատարն ապահովելու է բացառապես Հայաստանի ներքին շուկայի պահանջարկը:
Իրանից Հայաստան երկնագույն վառելիք առաքելու մասին առաջին փաստաթուղթը ստորագրվեց 1992 թ., երբ նոր էին դիվանագիտական հարաբերություններ հաստատվել Երեւանի եւ Թեհրանի միջեւ: Երեք տարի անց երկու հարեւան պետությունները ստորագրեցին միջկառավարական պայմանագիր, ըստ որի ճշտվեց ապագա խողովակաշարի ուղին:
Հայաստանը խորհրդային տարիներին, ապա եւ անկախանալուց հետո գազ ստանում է Ռուսաստանիցՙ Վրաստանի տարածքով: Հասկանալու համար, թե ինչքանով է անվտանգ Հյուսիսային Կովկասի անկայուն հանրապետություններով Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարը, բերենք մեկ փաստ. 90-ական թթ. սկզբներին, երբ Ղարաբաղում արյուն էր թափվում, իսկ Հայաստանը թաղված էր խավարի մեջ, այդ խողովակաշարը հարեւան Վրաստանում պայթեցվել է ավելի քան 30 անգամ: Ահա թե ինչու Հայաստանին պետք է մեկ այլ, առավել անվտանգ գազատար:
Իրան-Հայաստան գազատարը զուտ անվտանգության առումով կարեւոր է նրանով, որ չի անցնում երրորդ երկրի տարածքով: Քաջարանից, որտեղ հասցվելու է խողովակաշարը, դեպի Հայաստանի հյուսիս, մինչեւ Երեւան, կառուցված գազատար կա, սակայն անհրաժեշտ է վերանորոգել: Ծրագրի այս հատվածի արժեքը կկազմի մոտ 80 մլն ԱՄՆ դոլար:
Փաստորեն, Իրան-Հայաստան գազատարը կկառուցվի բացառապես հայկական եւ իրանական պետական միջոցներով: Նախորդ տարիներին գազատարի շինարարության հավանական ֆինանսավորողների շարքում նշվում էին մասնավորապես Եվրոմիության եւ Ռուսաստանի անունները: Ուշադրությո՛ւն դարձրեք. Հայաստանի ապագայով «մտահոգ» խոշոր կենտրոններից եւ ոչ մեկը լումա անգամ չի դնում, ավելինՙ Մ. Նահանգները բացահայտ Հայաստանին հորդորել է գործ չունենալ Իրանի հետ, երկիր, որը Ջորջ Բուշը տեղավորել է իր գծած «չարի առանցքում»:
Իրանական երկնագույն վառելիքը Հայաստան կառաքվի 2007 թ.-ից: Մատակարարումները կսկսվեն տարեկան 500 մլն խմ-ից, հետագա տարիներին այդ թիվը կհասնի 1,2 միլիարդի: Ենթադրվում է, որ գազի դիմաց Երեւանը Թեհրանին կվճարի էլ. էներգիայով:
Ի դեպ, նոյեմբերի 30-ին կբացվի «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երկրորդ գիծը: Հայաստանի ծայր հարավում այսօր տեղի ունենալիք միջոցառումներից հետո հայկական եւ իրանական պատվիրակությունները կվերադառնան Երեւան, որտեղ դեկտեմբերի 1-ին տեղի կունենան հետագա երկկողմ համագործակցության քննարկումներ: