2005 թվականի ողջ ընթացքում կքննարկվի Երեւանի նոր փաստաթուղթը
Երեւանի նոր գլխավոր հատակագիծը լինելու է մայրաքաղաքի 5-րդ հատակագիծը: Դրա մշակումն սկսվել է 1985 թ., սակայն 5 տարի անց տնտեսական ու քաղաքական շրջադարձային փոփոխությունների հետեւանքով դադարեցվեց: 2001 թ. շարունակվեցին եւ 2004 թ. ավարտվեցին նոր նախագծի (350 մլն դրամ արժեքով) մշակման աշխատանքները: Թե ամբողջությամբ ինչ կարժենա ընդհանրապես գլխավոր հատակագծի իրականացումը, առայժմ հայտնի չէ: Համենայն դեպս, ակնհայտ է, որ թանկ հաճույք է լինելու, իսկ դա ակամա կասկածի տակ է դնում դրա իրատեսական լինելու հավանականությունը:
«Գլխավոր հատակագծի կոնցեպցիան արդեն քննարկվել է միջգերատեսչական հանձնաժողովում, իսկ հաջորդ տարվա ողջ ընթացքում կներկայացվի հասարակական լայն քննարկումների», երեկ քաղաքապետարանի ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը: Այդ քննարկումներում ընդգրկվելու են ե՛ւ հասարակական կազմակերպությունները, ե՛ւ շահագրգիռ նախարարություններն ու գերատեսչությունները:
Նոր հատակագծի գործողության ժամկետը 2020 թ.-ն է, նախատեսվում է 1 մլն 200 հզ. բնակչությամբ Երեւանի համար, մոտ 22 հզ. հա տարածքի վրա:
Բացառիկ դեպք է, երբ հատակագիծը նախատեսում է բնակչության թվի ոչ թե աճ, այլ նվազեցում: Հենց այդպիսին է լինելու նոր նախագիծը: Այդ նպատակով նույնիսկ կազմվել է բնակչության տարաբնակեցման նախագիծ: Քանի որ ոչ ոքի չես կարող արգելել բնակարան գնել եւ տեղափոխվել Երեւան, բնակչությանը քաղաքից «հեռացնելու» այլ մեխանիզմ է կիրառվելու` կստեղծվեն տնտեսական, հարկային ավելի արտոնյալ պայմաններ այն բնակավայրերում, ուր ցանկալի է բնակչության ներհոսքը: Այնպիսի պայմաններ, որ ներդնողը Երեւանի փոխարեն, նախընտրի, օրինակ, Վանաձորը կամ Գյումրին: Իհարկե, հիմա բնակչության անզուսպ ներհոսք մայրաքաղաք, որ նկատվում էր 70-80-ական թթ., չի արձանագրվում:
Նոր հատակագծով ոչ արդյունաբերական, ոչ բնակելի տարածքների ավելացում չի նախատեսվում, միակ «աճը» դարձյալ ապրելու են կանաչ տարածքները: Այսօր Երեւանում 1 անձի ընկնում է ընդամենը 4,5 քառ. մ կանաչ տարածք, որ մի քանի անգամ ցածր է ընդունված նորմաներից: Կանաչից ամբողջությամբ զրկված Նորք-Մարաշի անտառում նախատեսվում է մի քանի պուրակ հիմնել, վերականգնել Ծիծեռնակաբերդի, «Հաղթանակ» զբոսայգիների բարձիթողի հատվածները:
«Չեմ կասկածում, որ մի օր կվերանան նաեւ այն սրճարանները, որոնք ստեղծվել են կանաչի հաշվին, եւ տնտեսության զարգացման, կյանքը փոխվելու հետ վարձակալները կազատեն այդ տարածքները», այսպիսի կարծիք հայտնեց «Երեւաննախագիծ»-ի տնօրենը:
Հենց այդպիսի լավատեսությամբ էլ հատակագիծը «հանձնարարում» է հատուկ նշանակության կանաչ տարածքների մակերեսն ավելացնել 933 հա-ով: Այլ բան է, թե ինչպես կվերահսկվի այս ծրագրի իրականացումը: Ընդհանուր առմամբ վերականգնվող կանաչի մակերեսը կավելանա 3 հզ հա-ով: Եվ եթե վերահսկվի, 1 մարդուն բաժին ընկնող կանաչը կավելանա 22 քառ. մ-ով, համաձայն հատակագծի:
Վերանայվելու է նաեւ փողոցային ցանցը, քանի որ նախորդ հատակագծի մեղքով շրջանցիկ ճանապարհների բացակայությունը քաղաքի կենտրոնի այսօրվա գերբեռնվածության պատճառ դարձավ:
Ի դեպ, տրանսպորտային փոխադրամիջոցների մասին. Գուրգեն Մուշեղյանը տեղեկացրեց, որ դեռ նախորդ հատակագծի հիմնական դրույթներից մեկով արդեն բացառվել էր տրամվայների առկայությունը Երեւանում այն հիմնավորմամբ, որ Երեւանի նեղ փողոցների համար տրամվայն աննպատակահարմար է: Մետրոպոլիտենի զարգացման ծրագիրն ընդգրկելու է քաղաքի ողջ տարածքը:
Խորհրդային քաղաքաշինության տրամաբանությանը հակառակ գլխավոր հատակագծում մշակվում են նաեւ տարածքների գոտեւորման նախագծեր` ըստ յուրաքանչյուր հատվածի բնակչության խտության, տարածքային ընդգրկումների եւ ֆունկցիոնալ օգտագործման: Թեկուզ ուշացումով, բայց վերջապես կտարանջատվեն կանաչ հատվածները կառուցապատվելիքից:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ