Պատճառը ապրանք արտադրողների եւ ներմուծողների հակամրցակցային համաձայնություններն են
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նոր տարին սարերի հետեւում չէ: Ընդամենը մեկ-երկու շաբաթ հետո կսկսվի նախատոնական գնումների եռուզեռը, որին ամենեւին էլ ոչ բոլորն են տոնական տրամադրությամբ սպասում: Ցավոք, մեր հայրենակիցների մեծ մասի համար տարվա ամենաուրախ տոնը միայն լրացուցիչ հոգսերի եւ մտահոգությունների առիթ է: Ամանորյա սեղանը նրանց շատ թանկ է արժենալու եւ խլելու է ընտանեկան բյուջեի կամ տարվա ընթացքում կուտակած որոշակի խնայողությունների առյուծի բաժինը: Սակայն ամենատհաճ անակնկալը նախատոնական շրջանում ապրանքների գների կտրուկ բարձրացումներն են, որոնցից, ամենայն հավանականությամբ, այս տարի նույնպես չենք խուսափելու: Չենք խուսափելու, որովհետեւ գոյություն ունեն այդ երեւույթի օբյեկտիվ եւ գերազանցապես սուբյեկտիվ պատճառներ:
Նախատոնական օրերին գների բարձրացման հիմնական օբյեկտիվ պատճառը սպառման ծավալների, հետեւաբար նաեւ պահանջարկի կտրուկ աճն է, ի տարբերություն տարվա մյուս ամիսների: Այսինքն, դեկտեմբերին զանգվածաբար գնվում են սննդամթերքի այն բոլոր տեսակները, որոնք տարվա մնացած ամիսներին ավելի քիչ են սպառվում:
Օգտվելով այդ հանգամանքից, տեղական արտադրողները, ներմուծողներն ու առեւտրականները յուրաքանչյուրն իր հերթին, Նոր տարվա նախորդող օրերին բարձրացնում են սննդամթերքի գները, միաժամանակ դրա մեղքը մեկը մյուսի վրա բարդելով: Սակայն սպառման ծավալների աճը դեռ չի նշանակում, որ դա անպայման պետք է հանգեցնի գների կտրուկ աճի: Այն, որ զարգացած շուկայական տնտեսություն ունեցող երկրներում Նոր տարվա նախօրեին ոչ միայն մթերքների գները չեն բարձրանում, այլեւ նախատոնական զեղչեր են լինում, վկայում է, որ մեզ մոտ այս երեւույթը գլխավորապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված:
Հայտնի է, որ Հայաստանում ապրանքային շուկաները հիմնականում մեծ կենտրոնացվածություն ունեն: Խոսքը հատկապես սննդամթերքի տեսակների մասին է: Այսինքն, այդ ապրանքների արտադրությունը կամ ներմուծումն իրականացնում են սահմանափակ թվով ընկերություններ: Տրամաբանական է, որ նախատոնական թանկացումները թելադրում են հենց նրանք: Եթե ընկերությունն ունի գերիշխող դիրք, ապա նրան ոչինչ չի խանգարում նախատոնական օրերին իր ապրանքների գները բարձրացնելու: Իսկ եթե տվյալ ապրանքային շուկայում գերիշխող դիրք չկա, ապա գները կարող են բարձրանալ մեկ այլ չարաշահմանՙ սահմանափակ թվով ընկերությունների հակամրցակցային համաձայնությունների հետեւանքով: Նման չարաշահումներ հայտնաբերելը եւ չթույլատրելը գործնականում անհնար է: Ավելին, այդ նպատակով ստեղծված տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը փաստորեն չունի նման իրավասություններ: Հայտնաբերելու դեպքում էլ հանձնաժողովը կարող է տվյալ ընկերության նկատմամբ պատիժներ կիրառել, եթե հակամրցակցային համաձայնություններից տուժել է մեկ այլ տնտեսվարող, բայց ոչ սպառողները: Դա նշանակում է, որ ի վնաս բոլորիս գների արհեստական բարձրացումը չի դիտարկվում որպես սպառողների շահերի պաշտպանություն եւ չկա ոչ մի օրենք ու ոչ մի կառույց, որի պարտականությունը լինի այս երեւույթը թույլ չտալը:
Գների արհեստական բարձրացում թույլ չտալը հակաշուկայական մեթոդ համարողներին շտապենք ասել, որ խոսքը ոչ թե ընդհանրապես գների կարգավորման մասին է, որը բնականաբար անթույլատրելի է, այլ շուկայական տնտեսության գլխավոր տարրերից մեկիՙ ազատ մրցակցության խախտման հետեւանքով առաջացած վիճակը չթույլատրելու: Քանզի եթե խախտված է այս սկզբունքը, ապա խոսել շուկայական հարաբերությունների եւ ազատ գնագոյացման մասին անհնար է: Իսկ մեկ օլիգարխի սահմանած կամ մի քանի ընկերությունների ղեկավարների միջեւ պայմանավորված գները շուկայական անվանել չի կարելի: Խորհրդային պետության սահմանած պլանային գներից դրանք տարբերվում են միայն նրանով, որ սահմանվում են ոչ թե մի քանի չինովնիկների, այլ մի շուկայում գերիշխող մի քանի «գործարարների» կողմից:
Ասվածի եւս մեկ վկայություն է դրամի շարունակվող կայունության պայմաններում սպառողական ապրանքների գների չիջնելը: Գրեթե համոզված կարելի է ասել, որ դրամի կայունացումը կշարունակվի նաեւ նախատոնական օրերին, քանի որ մարդկանց արտարժույթով խնայողությունները կնետվեն շուկա: Սակայն նույն վստահությամբ էլ կարելի է կանխատեսել, որ ապրանքների գները ոչ միայն չեն նվազի, այլեւ կաճեն: Ընդ որում, անկախ այն փաստից, որ այդ ապրանքները տեղո՞ւմ են արտադրվում, թե՞ ներմուծվում են կամ դրանց հումքը տեղում է ստացվում, թե՞ արտերկրից է բերվում: Որեւէ տնտեսագիտական բացատրություն սրան գտնել հնարավոր չէ, քանզի հայտնի է, որ ազգային արժույթի արդեն 7-8 ամիս շարունակվող արժեւորման դեպքում պետք է նկատվեր նաեւ գների անկման միտում: Պատճառը դարձյալ նույնՙ ազատ մրցակցության բացակայությունն է:
Խուսափելու համար յուրաքանչյուր տարի կրկնվող ամանորյա գնային «անակնկալներից», հարկ է սպառողների շահերը դիտարկել եւ օրենքով ամրագրել ոչ միայն ապրանքի որակական, անվտանգության, պիտանելիության ժամկետի, այլեւ չհիմնավորված եւ արհեստականորեն ստեղծված գների տեսանկյունից: Հարկ է գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում ձեւավորված գների առնչությամբ սահմանել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավասություններըՙ հայտնաբերելու եւ պատժամիջոցներ կիրառելու նման գործելակերպ թույլատրած տնտեսվարողների նկատմամբ: Նման օրենսդրական նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ե՛ւ կառավարությունը ի դեմս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, ե՛ւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ե՛ւ ժողովրդի շահերի անունից տեղի-անտեղի ճամարտակող պատգամավորներըՙ անկախ նրանց ընդդիմադիր կամ իշխող կոալիցիայի ներկայացուցիչ լինելուց: Հակառակ դեպքում կշարունակվի մենատեր «գործարարների» խրախճանքըՙ բաղկացած ստվերային գործունեության մեծ ծավալներից, աշխատակիցների ստրկական եւ ցածր վարձատրվող աշխատանքից եւ մեզ բոլորիս պարբերաբար հրամցվող ապրանքների գների բարձրացումից: