Վարչապետ Մարգարյանի ասելովՙ ծրագիրը կյանքի է կոչվում «քաղաքական, տնտեսական մեծ տանջանքներով»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Մեղրի
Երեկ առավոտյան Արաքս գետի հայկական ափին, Ագարակ քաղաքից ոչ հեռու, սկսվեց Իրան-Հայաստան գազամուղի հայաստանյան հատվածի շինարարությունը: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կարեւորեց խողովակաշարի շինարարությունը Հայաստանի համար, իսկ առաջին երկու խողովակների զոդման պահը համարեց պատմական:
142 կմ երկարությամբ եւ 720 մմ տրամագծով խողովակաշարի շինարարության առաջին փաստաթուղթը ստորագրվել է 12 տարի առաջ: Իրանական հատվածում շինարարությունն սկսվել է մի քանի ամիս առաջ: Հայկական հատվածի շինարարության կապալառուն իրանական «Սանիր» ընկերությունն է:
Արարողությանը մասնակցելու եկած պաշտոնյաներն իրենց ելույթներում նշեցին երկու պետությունների ղեկավարների ավանդը այս կարեւոր ծրագիրը կյանքի կոչելու հարցում: Գազամուղի շինարարության պայմանագիրը ստորագրվել է 2004թ. մայիսի 13-ին Երեւանում, իսկ նախագծի ֆինանսավորման պայմանագիրն ստորագրվել է սեպտեմբերի 8-ինՙ նախագահ Խաթամիի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում:
Ըստ այդ պայմանագրի, ինչպես իր ելույթում նշեց Իրանի էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆը, Իրանի արտահանման եւ զարգացման բանկը գազատարի հայկական հատվածի շինարարության համար տրամադրել է վարկ:
Գումարի չափը 30 մլն դոլար է 5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Բիթարաֆն ասաց, որ իրանական գազի դիմաց Հայաստանը փոխհատուցելու է էլեկտրաէներգիայով:
«Այս ծրագրով մեկ քայլ ավելի ենք զարգացնում հայ-իրանական հարաբերությունները: Շատ ջանքեր են գործադրվել, շատ բանակցություններ վարվել Հայաստանի եւ Իրանի միջեւ, որպեսզի կառուցվի Իրան-Հայաստան գազատարը», ասաց Բիթարաֆը:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ «2004 թ. այս օրը կմնա մեր պատմության մեջ»: Նրա ասելով, գազատարը Հայաստանի եւ Իրանի համար ունի ոչ միայն տնտեսական եւ էներգետիկ նշանակություն, այլեւ «տարածաշրջանում որոշակի փոփոխությունների հիմք է»:
«Քաղաքական եւ տնտեսական տանջանքներով է կյանքի կոչվում այս ծրագիրը», ասաց Մարգարյանը եւ հավաքվածներին հիշեցրեց, որ 90-ական թթ. սկզբին, «Հայաստանի համար ծանր տարիներին Իրանը մեզ ձեռք մեկնեց»: Երբ ասում ենք բարեկամ երկիր, շարունակեց վարչապետը, իրոք նկատի ունենք բարեկամությունը, գործը:
Հայաստանի վարչապետը հույս հայտնեց, որ «2005 թ. կամ 2006 թ. կրկին կհավաքվենք այստեղՙ բացելու Արաքս գետի երկու ՀԷԿ-երի շինարարության սկիզբը»: «Այսօր Շինուհայր գյուղում բացում ենք «Իրան-Հայաստան» երկրորդ էլեկտրական գիծը, հուսով ենք, կլինի նաեւ երրորդը», ասաց Մարգարյանը:
Ելույթ ունեցող պաշտոնյաները հուսով էին, որ, ըստ գրաֆիկի, 2006 թ. վերջերին կավարտվի Իրան-Հայաստան 142 կմ-անոց գազատարի շինարարությունը: Ըստ պայմանագրի, Իրանը 20 տարվա ընթացքում 36 մլրդ խմ գազ կառաքի Հայաստանՙ մատակարարումներն սկսելով տարեկան 500 մլն խմ-ից: Վարչապետ Մարգարյանը նշեց, որ տնտեսական, տարածաշրջանային նշանակությունից բացի Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարությունը նոր աշխատատեղեր են ապահովելու Մեղրու եւ ընդհանրապես Սյունիքի ժողովրդի համար: «Մարզ, որը Հայաստանի եւ Ղարաբաղի թիկունքն է», ասաց Մարգարյանը:
Հայաստանում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղիանը նշեց, որ գազատարի շինարարությունը ոչ միայն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, այլեւ կնպաստի տարածաշրջանի կայունության պահպանմանը: