Հայտնի է, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է սահմանադրական դատարան` քննարկելու Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի կենտրոնացված ղեկավարման եւ նմանօրինակ այլ հարցերի կարգավորման փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը: Խնդիրը սահմանադրական դատարանից պիտի ներկայացներ Վ. Հովհաննիսյանը, իսկ իբրեւ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այդ հուշագիրը սահմանում է մի կողմից Լեհաստանի, մյուս կողմից 19 այլ երկրների փոխհարաբերությունները: Պաշտպանության նախարարի բացակայության պատճառով, սակայն, հարցի քննարկումը հետաձգվեց:
Փոխարենը սահմանադրական դատարանը հաստատեց մեկ այլ` Երեւանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ համաձայնության մեջ ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրությանը համապատասխանությունը:
Ըստ այդ փաստաթղթի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում ներկայացնելու է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, կապեր է հաստատելու հայաստանյան կառույցների եւ միջազգային համայնքի միջեւ, իր գործունեությամբ նպաստելու է Եվրոխորհրդին մեր երկրի անդամակցությանն ու եվրոպարտավորությունների կատարմանը:
Եվրոխորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հայաստանում աշխատելու է դեսպանի կարգավիճակով:
Կ. Դ.