«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2004-11-27 | #214, 2004-11-30 | #215, 2004-12-01


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՆՈՒԼ Է ՏԱԼԻՍ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ադրբեջանի հետ նա հայտնվել է ժողովրդավարության նահանջ ապրող երկրների ցուցակում

«Միջինասիական հանրապետությունների ու Բելառուսի հետ Հայաստանը եւ Ադրբեջանը հայտնվել են ժողովրդավարության նահանջ արձանագրող երկրների ցուցակում», երեկ այսպես սկսեց լրագրողների հետ հանդիպումը ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը համարվում էր այն երկրներից, որոնց հետ ժողովրդավարության զարգացման առումով մեծ հույսեր էին կապում: Սակայն հաջորդող ժամանակը կարելի է համարել անօգուտ անցած, քանի որ որեւէ առաջընթաց այս առումով չեղավ:

Անդրադառնալով մեր ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր համոզմամբ, կարեւոր ռազմավարական հարցերում, այնուամենայնիվ, Ռուսաստանը մեզ հետ չէ: ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում, երբ քվեարկվում էր աթքինսոնյան բանաձեւը, Ռուսաստանի պատվիրակությունը ուղղակի դուրս է եկել դահլիճից: Ավելին, ազգությամբ ռուս նախագահողը եւս չի քվեարկել:

«Ինչո՞ւ մենք, այնուամենայնիվ, բարեկամներ չունենք եվրոպական կառույցներում», «Ազգի» այս հարցադրմանը պատասխանեց. «Մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ անընդհատ հակադրվում ենք եվրոպական արժեքներին ու ընդհանուր խաղի կանոններին: Պատճառը եվրոպական պարտավորությունները հետեւողականորեն չկատարելն է, պատճառը, օրինակ, Ա1+ն է, որի վերաբերյալ տասնյակ խոստումներ են տալիս եւ չեն կատարում: Եվ տարօրինակ կլիներ, որ բարեկամներ ունենայինք:

Ուկրաինան այս պահին պայքարում է` վերադարձնելու ժողովրդավարական արժեքները: Վաղը եթե այնտեղ գործընթացը նորմալ ընթանա, ինքը էնքան բարեկամներ կունենա: Միայն այս ամռանը եվրոպական դոնոր երկրները եւ Եվրոբանկը միասին որոշեցին 1 մլրդ դոլարից ավելի հենց այնպես տրամադրել Վրաստանին: Մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք, կամ պետք է խաղի կանոններով առաջնորդվենք եւ կունենանք բարեկամներ, կամ էլ այսպես մնալու ենք»:

Ըստ Շավարշ Քոչարյանի, մենք տանուլ ենք տալիս նաեւ տնտեսական մրցակցության ասպարեզում: Հայաստանում տնտեսության զարգացումը, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ընթանում է միայն «հռչակագրային» ոգով:

Ղարաբաղյան հակամարտության առկայության պայմաններում Ադրբեջանի բյուջեն 2 մլրդ դոլարից ավելի է լինելու, մերը` 700 մլն-ից ավելի է: Եվ դա առանց նավթի գործոնը նկատի առնելու:

Հայաստանը մեկուսանում է նաեւ տարածաշրջանային տնտեսական ծրագրերից, այսինքն` նաեւ տնտեսական ճակատում: Իսկ դա նշանակում է, որ ղարաբաղյան հարցի լուծումն է հայտնվում փակուղային վիճակում:

ԱԺԿ նախագահը, այնուամենայնիվ, ելքը նշում է` երկիրը պիտի հետդարձ անի դեպի ժողովրդավարություն, «որովհետեւ մենք ոչ նավթ ունենք, ոչ այնպիսի բարեկամ, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար... Չի կարելի փորձել դուրս գալ համընդհանուր ճգնաժամից` հույսը դնելով Սասունցի Դավթի վրա եւ համարելով, որ Սասունցի Դավիթն ընդդիմությունն է, կամ մի անձի վրա, որ պիտի գա ու հարցերը լուծի»: Սակայն հասարակությունը կազմալուծված է, Շ. Քոչարյանի բնորոշմամբ` իմպոտենտային վիճակում: «Բայց եթե չփորձի հաղթահարել այն, ինչի առջեւ կանգնել է, Հայաստանի ապագան հաստատապես վտանգված է»:

Քանի լեզու պետք է իմանա պատգամավորը

Եվրոխորհրդում ինչ լեզվով են հաղորդակցվում հայկական պատվիրակության անդամները, եւ արդյոք լեզվական պատնեշը բարեկամներ ձեռք բերելու խնդրում խոչընդոտ չէ՞: Այս առթիվ Շավարշ Քոչարյանն ասաց. «Լեզվի իմացությունը, ինչ խոսք, կարեւոր է անձնական շփումների համար, բայց ավելի կարեւոր է` թե ինչ ես ասում: Այդ ինչ ասելը պիտի լինի հստակ ձեւակերպված եւ պետք է ունենանք ընդհանուր գիծ:

Օրինակ` ինչ ենք ասում Ղարաբաղի հարցում: Պետական քաղաքականությունը (ինչ որ ասվել է մինչ այժմ) այնպես է գնացել, որ Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելով, հասել ենք փակուղու»:

Լեզվական պատնեշի առկայության մասին Շավարշ Քոչարյանի հետ համակարծիք է նաեւ Մհեր Շահգելդյանը: Նա ինքն ազատ տիրապետում է ֆրանսերենին ու ռուսերենին, բայց այն դեպքում, երբ մեր խորհրդարանականները ոչ ռուսերեն, ոչ անգլերեն ու ֆրանսերեն գիտեն, դիմում են թարգմանիչների օգնությանը: Վերջիններս բարձրորակ մասնագետներ են եւ կարողանում են հաղորդել խոսակցության նրբերանգները: Բայց, իհարկե, անկախ այդ հանգամանքից, «խնդիրներ առաջանում են»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4