Վերջերս լուրեր են պտտվում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանիՙ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին:
Անցած շաբաթ կազմակերպված մամուլի ասուլիսների շրջանակներում ինչ-որ չափով պարզ դարձան որոշ քաղաքական գործիչների դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ: Իսկ թե ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները, արդյոք կվստահե՞ն մեկ անգամ եւս Լեւոն Տեր-Պետրոսյանին, փորձեցինք պարզել փոքրիկ շրջայցի սահմաններում:
Ռոբերտ Թումանյան (դասախոս, 66 տարեկան)- Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնալու մասին իրավունք չունի մտածելու: Ես չեմ պատկերացնում, թե ինչ երեսով պետք է նայի ժողովրդին: Ամբողջը քանդեց, ավերեց ու մի կողմ քաշվեց: Հիմա հազիվ ոտքի ենք կանգնում, գալիս է ի՞նչ անի:
Մխիթար Մկրտչյան (ուսանող, 25 տարեկան)- Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, անկախ նրանիցՙ եղել է ՀՀ առաջին նախագահը, թե՞ ոչ: Քանի որ ես բացասաբար եմ վերաբերվում նրա գործունեությանը, ուստի չէի ցանկանա, որ վերադառնար:
Արամայիս Մարտիրոսյան (ժող. երգիչ, 48 տարեկան)- Ես կարծում եմ, որ այսօր մեր երկիրը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ղեկավարում է: Վերադառնալու ոչ մի անհրաժեշտություն չեմ տեսնում:
Հրանուշ Սարգսյան (գործազուրկ, 34 տարեկան)- Ժողովուրդը հաստատ չի վստահի: Մարդկանց սրտին են հարվածել, իսկ այդ վերքը դեռ չի բուժվել: Բայց մեր իրականությունում այնպիսի բաներ են կատարվում, որ չեմ զարմանա, եթե նա վերադառնա ու նախագահ էլ վերընտրվի: Իսկ ո՞վ է մեր կարծիքը հաշվի առնում:
Գագիկ Բաբայան (պատմաբան, 53 տարեկան)- Երկար տարիների սարքածը մի քանի ամսում քանդեցին: Քարը քարին չթողեցին: Այսօր ես պատմաբան լինելով, մի քանի լեզուների տիրապետելով, թերթ եմ վաճառում, ո՞վ է մեղավոր: Մոռացե՞լ են, թե ինչ բերեցին էս խեղճ ժողովրդի գլխին:
Աշոտ Գեւորգյան (պրոֆեսոր, 65 տարեկան)- Մի մարդ, որ կանգնի ասի, թե ինքը ժողովրդին ոչինչ չի խոստացել, էլ ի՞նչ իմաստ ունի նրա վերադարձը:
Մարիետա Պողոսյան (հաշվապահ, 41 տարեկան)- Երեւի այն ծանր տարիների հարվածն իր վրա չի զգացել, դրա համար էլ այսօր ախորժակը բացվել է: Իսկ մարդիկ ինչպե՞ս կարող են մոռանալ դժվարին ժամանակները, տանջանքները, մութ ու ցուրտ օրերը:
Գենադի Հովհաննիսյան (գործազուրկ, 65 տարեկան)- Բացառում եմ, միանշանակ մերժում եմ: Դա ի՞նչ տարօրինակ ցանկություն է, չեմ հասկանում: Նրա մտքով անգամ չպիտի անցնի նման բան, ուր մնաց հայտարարի:
Գրետա Ջամալյան (հեռագրիչ, 50 տարեկան)- Կարծում եմ, մեկ անգամ կորցրած վստահությունը դժվար թե կարողանան վերականգնել: Հիասթափվել ենք, հասկանո՞ւմ եք:
Սուսաննա Վերդյան (գործազուրկ, 42 տարեկան)- Այժմ բոլորն առանց վարանելու կմերժեն, եւ դա ճիշտ կլինի: Սակայն վախենում եմ, որ երբ գործը հասնի նյութականին, թերեւս այլ ուղղություն ստանա: Դե, ես չեմ մեղադրում, դժվարին ժամանակներ են:
Մեր հարցմանը մասնակցել է շուրջ 30 մարդ, որոնցից եւ ոչ ոք դրական չարձագանքեց առաջին նախագահի մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը:
ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ, ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ