«Սայփըրս մեյլ» թերթը տեղեկացնում է, որ Մելգոնյան կրթական հաստատության հիմնադիրներից Կարապետ Մելգոնյանի եղբոր ծոռըՙ շվեյցարաբնակ, ներկայումս Կիպրոսում գտնվող գործարար Ջեկ Մելգոնյանը որոշել է միանալ կրթական հաստատությունը փրկելու իրավական պայքարին: Իբրեւ վարժարանի հիմնադրի ժառանգ, նա իր ընտանիքի մտահոգությունն է արտահայտել կրթարանի ճակատագրի համար: ՀԲԸՄ պատասխանատուների հետ հանդիպումների եւ կենտրոնական վարչության անդամներին գրած նամակների արդյունքում նա ոչ միայն հուսադրող պատասխաններ չի ստացել, այլեւ հայտնի է դարձել, որ վարչությունն իբր ունի փաստաթուղթ, որ կարելիություն է տալիս ջնջելու Կարապետ Մելգոնյանի կտակը: Ըստ Ջեկ Մելգոնյանի, բացի ՀԲԸՄ վարչության անդամներից, այդ փաստաթղթից որեւէ մեկը տեղյակ չէ: «Ես քանիցս խնդրել եմ, որ ինձ ուղարկեն այդ փաստաթղթի պատճենը, բայց մինչ այսօր չեմ ստացել»: Մելգոնյանների ժառանգորդը տարակուսած է նաեւ վարժարանի գործունեությունն ապահովելու համար հիմնված հիմնադրամի առնչությամբ: Նա այն տեսակետին է, որ եթե դրամն անգամ սպառված է, վարժարանն ու հողատարածքը կան, ինչպես նաեւ դրա վրա գործող բիզնես-կենտրոնի եկամուտը, որը կազմում է վարժարանի ընթացիկ ծախսերի գրեթե կեսը: Բացի այդ, հայ համայնքի շատ անդամներ պատրաստակամ են նոր հիմնադրամ հիմնելու:
Իր բողոքի ձայնը բարձրացնելովՙ պրն Մելգոնյանը տարակուսած է, որ Մելգոնյանի պես կրթական հաստատության փակման պատասխանատու որոշումըՙ ընդամենը մի քանի մարդիկ են ընդունել: «Մելգոնյանը 20-րդ դարի հայոց պատմության հուշարձանն է: Այս հաստատությունը կառուցված է 78 տարի առաջ, սակայն ավերվում է մեկ տարում, ինչը մեծ սխալ է», ասում է նա:
Մ. Բ.