«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2004-12-01 | #216, 2004-12-02 | #217, 2004-12-03


ՋՈԱԿԻՆՈ ՌՈՍԻՆԻԻ ՕՊԵՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ՄԵԾԱՐԵԼՈՒ ՀՐԱՇԱԼԻ ԱՌԻԹ

Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեի նախաձեռնությամբ դեկտեմբերին Երեւանում կանցկացվի իտալական օպերայի հայրերից Ջոակինո Ռոսինիին նվիրված առաջին փառատոնը: Իտալական օպերային արվեստի հարուստ ու գեղեցիկ ավանդույթները նոր սերնդին փոխանցելու դեսպանի գաղափարը արժանացել է Իտալիայի կառավարության եւ հայ-իտալական 12 ընկերությունների հավանությանն ու հովանավորությանը: Երեւանի պետական կոնսերվատորիայի ստուդիայում դեկտեմբերի 4-ին տեղի կունենա «Սեւիլյան սափրիչ» հայտնի օպերայի պրեմիերան, իսկ դեկտեմբերի 19-ին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնումՙ «Իտալացին Ալժիրում» ներկայացումը: Ռոսինիի օպերային արիաների կատարմամբ առանձին համերգով հանդես կգա երիտասարդ օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանը:

«Կարծում եմ, որ սա շատ կարեւոր է Հայաստանի մշակութային կյանքի համար: Իտալական մշակույթի հանդեպ, իհարկե, այստեղ մեծ հետաքրքրություն կա, սակայն Ռոսինիի արվեստը կարիք ունի էլ ավելի լայն ճանաչման: Ռոսինին իտալական օպերային արվեստը փրկեց ճգնաժամից, շատ երաժշտագետներ կհամաձայնեն, որ եթե նա չհայտնվեր, իտալական օպերան պարզապես կմահանար: Այս նախաձեռնությունը նրան մեծարելու եւ պատվելու եւս մեկ հրաշալի առիթ է», երեկ հրավիրած ասուլիսում ասաց դեսպանը:

Դեսպանը համոզված է, որ երաժշտական բարձր ճաշակ ձեւավորելու համար այսպիսի միջոցառումները չափազանց կարեւոր են ու անհրաժեշտ, հատկապես երբ դրանք հովանավորելու ցանկություն է հայտնում գործարար խավը: «Եթե ցանկանում ենք, որ օպերային արվեստը Հայաստանում շարունակի ծաղկել, ուրեմն երիտասարդներին պետք է հնարավորություն տանք աշխատելու: Դրա համար նրանց պետք է աջակցեն անհատ ձեռներեցները, բարձրակարգ արվեստ հովանավորելով նրանք անմիջապես բարի համբավ ձեռք կբերեն», հավելեց նա:

Ասուլիսին ներկա էին նաեւ մաեստրո Հովհաննես Միրզոյանը, «Սեւիլյան սափրիչ» ներկայացման ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը եւ տիկնիկային գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը: Պրն Սաֆարյանը շեշտեց, որ մեր օրերում Ռոսինիի օպերաներով երեխաներին կրթելու մտահղացումը խիստ գովելի է, որովհետեւ դրանք ներշնչված են հայրենասիրությամբ ու բարոյականությամբ, մանավանդ որ մեզանում արագորեն տարածվում է ցածրորակ ու բարոյազուրկ արվեստը:

Նշենք, որ Հայաստանում առաջին անգամ բեմադրվող «Իտալացին Ալժիրում» տիկնիկային օպերային ներկայացման տոմսերն անվճար են:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4